Դիմադրող մտածողության ճանապարհ էր Էդմոն Ավետյանի կյանքը` մաքառումի, կամքի: Անկախ իր գործունեությունից, անկախ ուսումնառություն-ուսումնասիրություններից, հոգեկերտվածքով էր նա այլախոհ, էությամբ` փիլիսոփա: Մտքի ու ոգու այդ խուզարկուն վաղ տարիքից էր որոնողի հայտ ներկայացրել առ Մեծ Անհայտն ու տիեզերական նախասկիզբը: Եվ ինչպես բոլորն այդ ճանապարհին, նա էլ ճաշակեց կյանքի դառը քմայքները:
Երկար տարիներ դասավանդեց ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում` լեզվաբանություն, էսթետիկա, փիլիսոփայություն, լատիներենի դասընթացներ կարդաց: Իր հենց առաջին դասախոսություններից մտքի նոր, անսովոր հոսք անցավ լսարանի միջով: Արտաքին ներկայացմամբ, իհարկե, շատ տարբեր, բայց հոգեւոր նույն ակունքներից սնվող այդ ալիքը հիշեցրեց Լեւոն Ներսիսյանին, որի հետ նաեւ մտերիմ էր ինքը, ու իր հետ էլ մնաց համալսարանական կյանքի մեր ազնիվ հիշողություններում: Իր հիշատակին նվիրված ժողովածուում Վիլեն Սարգսյանը գրում է, որ նրան հաճախ չէին հասկանում եւ երախտագիտություն է հայտնում հոգեւոր բարձր արժեքներին հաղորդակից դարձնելու, հայրենական գիտության հեղինակությունը բարձր պահելու համար:
Էդմոն Ավետյանը հեղինակել է լեզվագիտական մի շարք ուսումնասիրություններ, գրել փիլիսոփայական խոհեր «Նշանագիտություն եւ լեզվաբանություն», «Վերադարձի օղակ»: Գրել է նաեւ բանաստեղծություններ: Ավետյանի այլախոհ մտածողությունը պայմանավորված չէր զուտ խորհրդային համակարգի իրողությամբ: Դա աշխարհիկ գիտակցությանը ներհակ հոգու արտահայտություն էր: Սովետական ռեժիմը նրան երկու անգամ զրկեց ազատությունից. առաջինը` 19 տարեկանում, երբ աքսորական, ապա` 37-ի սպանդին զոհ գնացած հոր` Գեղամ Ավետյանի մասին Ստալինին նամակներ գրեց, նրան մեկուսացրին Իջեւանի հոգեբուժարանում, իսկ 1982-ին այսպես կոչված արգելված գրականությունը, խորհրդային հայտնի այլախոհ Սոլժենիցինի հետ նամակագրությունը պատճառ են դառնում նախ Սովետաշենի բանտում, ապա Նորքի հոգեբուժարանում նրան պահելու համար: Այստեղ գրվեցին բանտային բանաստեղծությունները, որ ավելի ուշ նույն խորագրով տպագրեց «Նաիրի» հրատարակչությունը եւ հանձնեց ծանր հիվանդությամբ անկողնուն գամված հեղինակին, մահից օրեր առաջ: Մահացավ նա 2001-ի դեկտեմբերին, թաղվեց Շահումյանի գերեզմանատան խուլ մի անկյունում:
Հետմահու` Էդ. Ավետյանի հիշատակին նվիրված «Всяжизнь-подготовка к рожденью» ժողովածուն (կազմող, խմբագիր Նատալյա Աբրահամյան) լույս տեսավ 2007-ին («Արեգ» հրատ.), որին «Ազգը» ժամանակին անդրադարձել է: Նույն թվականին «Նաիրի» հրատարակչությունը տպագրել է Էդմոն Ավետյանի «Афоризмы, статьи, дневники» (կազմողներ` Արուսյակ Թամրազյան, Մերի Աղախանյան) ժողովածուն, որն ընդգրկում է 1955-ից մինչեւ կյանքի վերջին տարիները Ավետյանի օրագրերից հատվածներ` հիմնականում դարձվածային մտքեր, փիլիսոփայական խոհեր, մեծ մասն անտիպ, երկրորդ բաժնում նրա մի քանի հոդվածներն են` «Метафизика» «Бесконечность и вечность как пpорыв к метафизике», «Метафизика и сновидение», «Философия в жизни человека» եւ այլն, որոնք մտածողության, մտքի, տրամաբանության աշխատանքներ են, փիլիսոփայական դատումներ, որոնումներ, երբեմն լաբիրինթոսային: Էդմոն Ավետյանի մտքի այս ընթացքները` մարդու բանական կռիվը գոյության առեղծվածի հետ, ուղղված են դեպի լռության ոգեղեն խորքերը, ուր բառերը երկրորդական ածանցյալ են: Նրա «հերոսը» տիեզերքի անհունի հանդեպ կանգնած մտածողն է, որտեղ միտքը ինքնաբավ է ու ստեղծագործումն իրականությունից, փորձից դուրս: Բայց, ակնհայտորեն եւ անխուսափելիորեն խութերն ու հանգույցները այդ միտքը նաեւ մոլորության ցանցն են նետում, ու մարդը հայտնվում է Անհունի հանդեպ իր անզորության գիտակցության ոլորտում, իսկ տարածության ու ժամանակի անհայտի բանաձեւը մարդկային հոգու հուսահատ ողբերգությունն է: «Անցյալը ֆիկցիա է, ֆիկցիա է եւ ապագան: Գոյություն ունի միայն ներկան` դժվար ու տառապալի»: Այս մտորումները իրականության ու իր «Ես»-ի միջեւ անհաղթահարելիի գիտակցության ներքին դրամայի արտահայտությունն են: Սա կարելի է հասկանալ` կարդալով Համլետի մասին նրա տողերը: Արցունքի ու վշտի հովտում, ուր Համլետի նման փխրուն հոգիները խորտակվում են, ուր աշխարհի տառապանքն է կուտակված, հոգին չի կարող գտնել ո՛չ բավարարում, ո՛չ առավել եւս` անդորր: Ինքն էլ այդպիսի հոգի էր, օտարական, իր լինելիությունը անցյալի փառավոր ստվերներում որոնող:
Էդմոն Ավետյանի փիլիսոփայական մոտեցումները հանգում են աշխարհաճանաչողության մետաֆիզիկական ըմբռնումներին. «Մետաֆիզիկան պետք է դառնա Ավետարանը ամեն գիտելիքի` վերացնելու սիրողական իմաստասիրությունը մեր օրերի:
Փաստը արժանահավատ չէ: Միտքը, երբ փաստից կտրվում է, դառնում է փաստացի, իրական: Այդ փաստացիությունը ստեղծագործումի ուժը մտքի տրամաբանությունն է:
Փաստերը խաբում են: Դրանք լոկալ են, որոնց հիման վրա կառուցել ճանաչողական տեւական համակարգ, հնարավոր չէ: Տեսության էմպիրիկ հանդերձավորումը երկարատեւ չի կարող լինել»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ