Նախ 300, ապա 30 ջազ խմբերից ընտրվել են 18-ը, որոնց թվում նաեւ «Artvoices» էթնո-ջազ հայ երիտասարդ երաժիշտների խումբը եւ մայիսի 6-14-ը մասնակցել Բուխարեստում կայացած մրցույթին: Գլխավոր մրցանակին արժանացել են հայ երաժիշտները, որը նրանց հանձնել է Ռումինիայի արքայազնը: Խմբի 7 երաժիշտներն իրենց հաղթանակը բացատրում են իրենց ստեղծագործություններում հայկական էթնիկ երաժշտության տարրերի առկայությամբ:
«Մրցանակ ստանալուն օգնեց նաեւ հայկական էթնիկ երաժշտությունը մեր ջազային ստեղծագործություններում ներառելու շնորհիվՙ շատ էինք տարբերվում», պարզաբանեց «Artvoices» խմբի դաշնակահար Մանուկ Ղազարյանը:
Խմբի մյուս երաժիշտներն էլ փաստեցին, որ մրցույթին մասնակցությունը նաեւ որոշակի կապերի հնարավորություն է ընձեռել ու մրցութային մնացյալ լուրջ իրականությունը ներկայացրին կատակելով. «Օրերը Բուխարեստում անցան սոված-ծարավ, առավոտներն ու ցերեկվա մի մասն էլ հերթական ելույթի համար նախատեսված դահլիճը փնտրելովՙ կազմակերպիչը թուրք էր, որը մեր հանդեպ «հատուկ» վերաբերմունք ցուցաբերեց»:
Հաղթանակը մրցույթում «Art-voices»-ին ընձեռել է նաեւ Ռումինիայի 5 քաղաքներում եկող տարի համերգներով հանդես գալու եւ Գերմանիայում ջազ փառատոնին մասնակցության հնարավորություն: Ռումինիայի մրցույթում հաղթանակին ուղեկցած դրամական պարգեւը տղաները մտադիր են ծախսել ձայնագրված սկավառակի թողարկման համար:
Իսկ Երեւանում նրանց համերգային գործունեությունը ակումբային էՙ ելույթ են ունենում «12» եւ «Ուլիխանյան» ակումբներում Շուշան Պետրոսյանի հետ: Հենց վերջինս էլ գտել է հովանավորին, որն անհրաժեշտ ֆինանսական միջոցներն է տրամադրել «Artvoices»-ին Բուխարեստ մեկնելու եւ մրցույթին մասնակցելու համար: Չորսամյա խումբը հակված չէ հայաստանյան մրցանակաբաշխություններին մասնակցելու, ինչը, իր իսկ խոսքով եւ ավագ ընկերոջ իրավունքով փաստեց Շուշան Պետրոսյանն ու հավելեց. «Հորդորում եմ տղաներին, որ պարզապես աշխատեն, իրենք ձգտում են մասնակցել ջազ հանրահայտ փառատոներին, ինչին ուրախ եմ: Իսկ շուտով կլինեն նրանց նոր ստեղծագործությունները, որոնցում մեծ սիրով կլինեմ ոչ թե երգչուհի, այլ նվագում են 7 մարդովՙ ութերորդ գործիքը»:
Իրենք երաժիշտներըՙ Մանուկ Ղազարյան (դաշնամուր), Արթուր Գրիգորյան (սաքսոֆոն), Պերճ Նահապետյան (հարվածային գործիքներ), Ավագ Մարգարյան (զուռնա, բլուլ), Համլետ Շառոյան (կիթառ), Էդգար Ավետիսյան (բաս կիթառ), Լեւոն Շաչերյան (շեփոր) հանգիստ են վերաբերում իրենց հաղթանակին ու փաստում հայ ջազմենների ավագ սերնդի ներկայացուցիչներիՙ հատկապես Արմեն Թութունջյանի (Չիկո) գործուն աջակցությունն իրենց:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ