Երեկ երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության հայտարարած գիտական եւ ստեղծագործական լավագույն աշխատանքների մրցանակաբաշխությունը, որի գլխավոր հովանավորն էր «Տաշիր» ընկերությունների միավորումը: Մրցանակաբաշխությանը ներկա էին նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաեւ մշակույթի նախարարուհին: Մրցանակների արժանացան գիտական եւ ստեղծագործական մտավորականության 34 ներկայացուցիչներ, որոնցից 4-ը գրողներ են, 8-ը` կոմպոզիտորներ, 9` նկարիչներ, 8-ը` լրագրողներ եւ լրատվամիջոցներ, 5-ը` գիտնականներ: Ռուսաստանի հայերի միության ադամանդակուռ «Ոսկե խաչ» շքանշաններ շնորհվեցին վերջերս իրենց 80-ամյա հոբելյանները տոնած Հովհաննես Չեքիջյանին եւ Ջիվան Գասպարյանին: Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, շնորհավորելով մրցանակակիրներին, նշեց, որ արդեն 9 տարի աշխատում է Գիտությունների ազգային ակադեմիայի եւ ստեղծագործական միությունների հետ, սակայն երկրորդ տարին են կազմակերպում նման մրցանակաբաշխություն: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հույս հայտնեց, որ նման միջոցառումներն ավելի հաճախ կազմակերպեն, եւ «այս նախաձեռնությունը կդառնա վարակիչ այլ ձեռներեցների համար»: Նշենք, որ մրցանակի արժանացավ նաեւ «Ազգ» օրաթերթի լրագրող Աղավնի Հարությունյանը, թերթի ողջ կոլեկտիվը ի սրտե շնորհավորում է նրան այդ բարձր մրցանակի համար:
(Այլ մանրամասնություններՙ մեր վաղվա համարում)