Երեք 11 մետրանոց, 1 կարմիր եւ 6 դեղին քարտ
Թվում էր, թե առաջնության 9-րդ տուրի «Կիլիկիա»-«Արարատ» հանդիպումն առանձնակի հետաքրքրություն չի ներկայացնում, սակայն խաղը սպասարկող մրցավարների ջանքերով վերածվեց աղմկահարույց մի պատմության, որի կողքով անտարբեր անցնելը պարզապես անհնար է: Գլխավոր մրցավար Արման Ամիրխանյանն ու իր օգնականներն ամեն ջանք ու եռանդ ներդրեցինՙ թույլ չտալու արարատցիներին առաջին միավորները վաստակելու: Բայց քանի որ արարատցիներն իրենց վարպետությամբ գերազանցում էին մրցակցին, ուստի «Կիլիկիայի» հաղթանակն ապահովելու համար մրցավարը ստիպված էր երեք 11 մ հարված նշանակել «Արարատի» դարպասին, բազում անգամներ անհարկի «խաղից դուրս» վիճակ արձանագրելՙ կասեցնելով թիմի վտանգավոր գրոհները, առատորեն արարատցիներին դեղին քարտեր բաշխել, իսկ հանդիպման ավարտից հետո էլ կարմիր քարտի արժանացնել Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահ Գեւորգ Պրազյանին:
Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ 57-րդ րոպեին արարատցի Գալուստ Պետրոսյանը բացեց հաշիվը: Դա ակնհայտորեն չէր մտնում մրցավարների ծրագրի մեջ, ուստի ընդամենը մի քանի րոպե անց «Արարատի» դարպասին առաջին 11 մ հարվածը նշանակվեց: Գեւորգ Պրազյանն իրեն գերազանց դրսեւորեցՙ որսալով Կարեն Խաչատրյանի հարվածը: Ինչպես երեւում է, դա մրցավարի սրտովը չէր եւ նա կրկնել տվեց հարվածը: Պրազյանն այս անգամ էլ փրկեց «Արարատին»:
Ի պատիվ արարատցիների, նրանք կողմնակալ մրցավարությունից թեւաթափ չեղան, կարողացան զսպել բորբոքված կրքերն ու վեճի չբռնվել նրանց հետ, այլ պայքարեցին մինչեւ վերջ: Երբ 75-րդ րոպեին Գալուստ Պետրոսյանը հաշիվը դարձրեց 2-1 (մինչ այդ Տիգրան Ղարաբաղցյանը հավասարեցրել էր հաշիվը), ընդամենը 3 րոպե պահանջվեց «Արարատին» 2-րդ 11 մ-ով պատժելու համար: Իսկ խաղավարտից երեք րոպե առաջ 3-րդ 11 մ-ը նշանակվեց: Այս անգամ Ռաֆայել Մկրտչյանի երկու հարվածներն էլ դիպուկ էին, որոնց շնորհիվ «Կիլիկիան» կորզեց հաղթանակը (3-2): Մրցավարներն իրենց «սեւ գործը» հիանալի կատարեցինՙ մարզադաշտում հավաքված երկրպագուներին հասցնելով նյարդային ահավոր վիճակի: Հանդիպման մրցավարությունը պարզապես խեղկատակություն էր եւ հիշեցնում էր նախորդ առաջնության «Արարատ»-«Փյունիկ» լրացուցիչ հանդիպման մրցավարների արդեն ծանոթ ձեռագիրը: Արդեն ակնհայտորեն զգացվում է, որ «Արարատի» դեմ մրցավարներն արշավի են ելել: Հարկավոր է թույլ չտալ դա: Եվ այդ հարցում պետք է իրենց վճռորոշ խոսքն ասեն ոչ միայն լրատվամիջոցներն, այլեւ հասարակության տարբեր շերտերը, հայկական ֆուտբոլի անվանի վետերանները, նրանք, որոնց համար թանկ է «Արարատ» անունը, հայկական ֆուտբոլի պատիվն ու ապագան:
Տուրի մյուս հանդիպումներում արտառոց ոչինչ տեղի չունեցավ: «Փյունիկը» 3-2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ուլիսի» նկատմամբ: Թիմի հաղթանակն ավելացված ժամանակի 2-րդ րոպեին ապահովեց Հենրիխ Մխիթարյանի խփած գոլը: Դա այդ խաղում Մխիթարյանի 2-րդ գնդակն էր: Չնայած առաջին գոլի ժամանակ ըստ նախկին դարպասապահ Սեմյոն Իսրայելյանի, Մխիթարյանը «Ուլիսի« դարպասապահ Մանվել Աֆրիկյանի հետ պայքարում խախտել էր կանոնները եւ մրցավար Կարեն Նալբանդյանը պարտավոր էր գոլը չհաշվել: Ամեն դեպքում «Փյունիկը» հերթական հաղթանակը տոնեց: Հաշիվը 11 մ հարվածով բացեց ուլիսցի Գագա Թբիլաշվիլին, որին փյունիկցիները պատասխանեցին Գեւորգ Ղազարյանի խփած գոլով: «Ուլիսից» 2-րդ գոլը խփեց պաշտպան Հրայր Մկոյանը:
«Միկան» Գյումրիում 4-0 հաշվով ջախջախեց «Շիրակին»: Աչքի ընկան Արամ Ոսկանյանը, Բոտի Դեմելը (երկու անգամ) եւ Արմեն Պետրոսյանը: Կապանում «Գանձասարը» 2-1 հաշվով պարտության մատնեց «Բանանցին»: Այստեղ էլ հաղթական գնդակը Հայրապետ Ավագյանը խփեց ավելացված ժամանակում: Իսկ մինչ այդ կողմերը մեկական գնդակ էին փոխանակել: «Գանձասարից» հաշիվը 2-րդ րոպեին բացել էր Վահե Դավթյանը, 76-րդ րոպեին Արտակ Դաշյանը վերականգնել էր հավասարակշռությունը:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 9 | 8 | 1 | 0 | 24-5 | 25 |
2. Միկա | 9 | 6 | 2 | 1 | 19-8 | 20 |
3. Բանանց | 9 | 6 | 0 | 3 | 13-10 | 18 |
4. Ուլիս | 9 | 5 | 1 | 3 | 10-8 | 16 |
5. Շիրակ | 9 | 3 | 1 | 5 | 10-18 | 10 |
6. Կիլիկիա | 9 | 3 | 0 | 6 | 9-14 | 9 |
7. Գանձասար | 9 | 2 | 1 | 6 | 6-14 | 7 |
8. Արարատ | 9 | 0 | 0 | 9 | 3-17 | 0 |
Ռմբարկուները
Հենրիխ Մխիթարյան | «Փյունիկ» | 11 |
Բոտի Դեմել | «Միկա» | 7 |
Անդրանիկ Բարիկյան | «Շիրակ» | 5 |
Արամ Ոսկանյան | «Միկա» | 5 |
Գեւորգ Ղազարյան | «Փյունիկ» | 4 |
Արթուր Քոչարյան | «Ուլիս» | 4 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ