«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2009-05-22 | #94, 2009-05-23 | #95, 2009-05-26


ՍԻՆԳԱՊՈՒՐԻ 2 ՈՒՂԵԳՐԵՐԸ ՆՎԱՃՎԱԾ ԵՆ

Թաիլանդում ավարտվեց ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Հայաստանի 8 ծանրորդներից միայն մեկըՙ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը մեդալ նվաճեցՙ արժանանալով աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսին:

Մինչեւ 77 կգ քաշային կարգում Արեն Ներսիսյանը երկամարտի 279 կգ (125+154) արդյունքով զբաղեցրեց 7-րդ տեղը: Չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Եգոր Կլիմանովըՙ 311 կգ (135+176): 2-րդ տեղը գրավեց ղազախստանցի Երբոլ Մեյրմանովըՙ 301 կգ (136+165): Բրոնզե մեդալի արժանացավ ադրբեջանցի Նայլհան Նաբիեւըՙ 287 կգ (130+157):

Մինչեւ 85 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրած Ազատ Սայադյանը երկամարտի 288 կգ (130+158) արդյունքով գրավեց 7-րդ տեղը: Այստեղ առաջին երկու տեղերը զբաղեցրին Ղազախստանի ներկայացուցիչները: Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Իբրահիմ Բերսանովըՙ 328 կգ (150+178): Արծաթե մեդալի արժանացավ Ալեքսանդր Զայչիկովըՙ 316 կգ (140+176): Բրոնզե պարգեւը բաժին հասավ իրանցի Մոհամմադ Սայեդինՙ 316 կգ (142+174):

94 կգ-ից բարձր քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին 2 ծանրորդներ: Հրաչ Ղարիբյանը 306 կգ (140+166) արդյունքով 6-րդն էր, իսկ Միշա Մուրադյանը 8-րդ տեղը զբաղեցրեց երկամարտի 280 կգ (125+155) ցուցանիշով: Ռուսաստանը ներկայացնող հայազգի ծանրորդ Կարեն Մարտիրոսյանը 320 կգ (145+175) արդյունքով դարձավ 3-րդ մրցանակակիր: Չեմպիոն հռչակվեց իրանցի Բահադոր Մուլայը: Նա ցույց տվեց 345 կգ (155+190) արդյունք: 2-րդ տեղը գրավեց իրանցի Գոլամռեզա Ասգարհանըՙ 327 կգ (146+181):

Ինչպես հայտնի է, բացի առաջնության պարգեւներից, Թաիլանդում խաղարկվում էին Սինգապուրում հաջորդ տարի կայանալիք պատանեկան օլիմպիադայի ուղեգրերը: Ուստի կարեւոր էր թիմային հաշվարկում գրավել 1-9-րդ տեղերը, որպեսզի 2 ծանրորդ ներկայացնելու իրավունք նվաճեին: Մեր հավաքականը կատարեց խնդիրըՙ թիմային հաշվարկում Իրանի եւ Ռուսաստանի հավաքականներից հետո եզրափակելով լավագույն եռյակը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4