Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը, որի պարգեւներն են վիճարկում 42 երկրների ներկայացուցիչները: Մրցաշարի բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահն ու վարչապետը: Բացման խոսքով ներկաներին ողջունեցին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը:
Ինչպես տեղեկացրել ենք, Հայաստանը ներկայացված է քաշային բոլոր 13 կարգերում: Ռինգ դուրս եկած 7 բռնցքամարտիկներից 4-ը հաջողությամբ հաղթահարեցին առաջին փուլի արգելքը: Ամենաթեթեւ` մինչեւ 46 կգ քաշային կարգում Կորյուն Սողոմոնյանը հաջող անցկացրեց առաջին մենամարտը եւ 7-3 հաշվով հաղթելով անգլիացի Չարլի Էդվարդսին, մտավ հաջորդ փուլ: Հաջող էր նաեւ Ազատ Խաչատրյանի ելույթը (48 կգ), որը 10-3 հաշվով պարտության մատնեց բելառուսցի Մաքսիմ Դրեմային: 50 կգ քաշային կարգում Հայաստանն առաջին կորուստն ունեցավ ի դեմս Աբգար Աբգարյանի, որը 2-5 հաշվով պարտվեց գերմանացի Օլիվեր Գոմանին: Հաջորդ փուլի ուղեգիր չնվաճեց նաեւ Անդրանիկ Հլոյանը: Մինչեւ 52 կգ քաշային գյումրեցի բռնցքամարտիկը 2-11 հաշվով պարտություն կրեց հնդիկ մարզիկ Շիվա Թափանից: Փոխարենը քաշային այս կարգում պայքարն է շարունակում Ռուսաստանը ներկայացնող Տիգրան Ուզլյանը, որը մեծ առավելությամբ (12-1) հաղթեց կորեացի Հյոկ Ջին Սոնին:
Պայքարը շարունակում են Ջոնիկ Տոնոյանը (54 կգ) եւ Արթուր Քաջոյանը (60 կգ), որոնք հաղթեցին համապատասխանաբար ավստրիացի Ջորջ Կամբոսոսին (11-1) եւ չին բռնցքամարտիկ Լի Չհանգչժենգին (5-1):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ