Օդեսայում անցկացված պրոֆեսիոնալ շախմատիստների ընկերակցության արագ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող ճանաչվեց Բորիս Գելֆանդը: 16 գրոսմայստերներ էին վիճարկում աշխարհի գավաթը: Նրանց թվում էր նաեւ Սերգեյ Մովսիսյանը: Մրցաշարն անցկացվեց նոկաուտ համակարգով: Վիճակահանությամբ մասնակիցները զույգեր էին կազմել եւ 2 պարտիայից բաղկացած մրցաշարում պետք է որոշեին հաղթողներին: Յուրաքանչյուր պարտիայի համար շախմատիստին տրվում էր 20 րոպե ժամանակ գումարած 5 վրկ յուրաքանչյուր քայլի դիմաց:
1/8 եզրափակիչում Սերգեյ Մովսիսյանը 1,5-0,5 հաշվով պարտության մատնեց Պավել Տրեգուբովին: Այդ փուլում կայացած մյուս մրցախաղերում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. Գրիշչուկ-Էլյանով` 2-0, Մոիսեենկո-Բաքրո` 1,5-0,5, Կարպով-Սվիդլեր` 1,5-2,5, Գուրեւիչ-Յակովենկո` 0,5-1,5, Դրոզդովսկի-Նայդիչ` 1-3, Նայեր-Գելֆանդ` 0,5-1,5, Հաշիմով-Եֆիմենկո` 1,5-0,5:
Քառորդ եզրափակիչում Մովսիսյանի մրցակիցը ռուսաստանցի Պյոտր Սվիդլերն էր: Մրցավեճի բախտը վճռվեց կայծակնային մրցախաղում: Հաղթելով 2,5-1,5 հաշվով, Սվիդլերը մտավ կիսաեզրափակիչ, որտեղ 1,5-0,5 հաշվով պարտության մատնեց Ալեքսանդր Գրիշչուկին:
Բորիս Գելֆանդը քառորդ եզրափակիչում 2-0 հաշվով հաղթելով Հաշիմովին, հաջորդ փուլում պայքարից դուրս մղեց Յակովենկոյին (3-2): Եզրափակիչ մրցախաղը բաղկացած էր 4 պարտիայից: Գելֆանդի առավելությունը Սվիդլերի նկատմամբ զգալի էր: Հաղթելով 3-1 հաշվով, Գելֆանդը նվաճեց աշխարհի գավաթը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ