Իր ժամանակին, դեռեւս 2007-ի նոյեմբերին վրացական ընդդիմությունը որոշ առումով միավորվեց, ու այդուհետեւ տարբեր ձեւաչափերով, բայց բավականին երկար ժամանակ վրաց ընդդիմադիր առաջնորդները փորձում էին հանդես գալ միասնական դիրքերից: Միեւնույն ժամանակ, հաճախ էր պատահում, որ ընդդիմության տարբեր լիդերներ տարբեր դիրքերից մեկնաբանեին ու բնորոշեին այս կամ այն գործողությունն ու ծրագրերը:
Ամեն դեպքում, ընդհանուր առմամբ, կարելի էր ասել, որ վրացական ընդդիմության տասնյակից ավելի կուսակցություններ կարողանում են ընդհանրական լինել գոնե իրենց ծրագրերում, որոնց նպատակին հասնելու պարագայում ավելի հավանական է, որ այդ նույն միասնության մեջ ի հայտ գան հակադիր ուժեր:
Երեկ Վրաստանն իր անկախության տոնն էր նշում, որի այլընտրանքային տարբերակն անցկացնելու մասին էլ վաղուց հայտարարել էր նաեւ միացյալ ընդդիմությունը: Այդպես էլ արեցին, սակայն առավել հետաքրքրական է, որ արդեն երեկ վրացական լրատվամիջոցները տեղեկացնում էին ընդդիմության շարքերի փոփոխությունների մասին:
Մասնավորապես, Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդի Կոնստանտին Գամսախուրդիան, որը ներկայումս ընդդիմության առաջնորդներից է, հայտարարել է, թե այսուհետեւ գործելու է ինքնուրույն, միացյալ ընդդիմությունից առանձին: Գամսախուրդիայի խոսքերով, իր կուսակցությունը այս շաբաթվանից սկսելու է «այն սխեմաների իրականացումը, որոնք ներկայացվել են ընդդիմությանը, բայց որոնք չեն ընդունվել»:
«Ազատություն» շարժման ղեկավար Գամսախուրդիան նշել է, որ իրենք անցնելու են արտակարգ քայլերի, որոնց «գլխավոր նպատակը Սաակաշվիլու ռեժիմի ապամոնտաժումն ու նրա հրաժարականն է»: Ամեն դեպքում, Գամսախուրդիան որոշել է լինել առանձին, պարզաբանմամբ, թե «բոլորը եւ միշտ չեն կարող լինել միասին»:
Թերեւս նույն կարծիքին, սակայն ավելի հեռահար նպատակներով է հանդես գալիս նաեւ ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան, երկու կուսակցությունների միավորող «Դաշինք Վրաստանի համար» ընդդիմադիր շարժման ղեկավար Իրակլի Ալասանիան, որը որոշել է սեփական կուսակցություն հիմնել, միեւնույն ժամանակ, պահպանելով դաշինքը:
Չնայած այս փոփոխություններին` վրացական ընդդիմությունը շարունակում է իր բողոքի ակցիաները, որ մեկնարկել էին ապրիլի 9-ին: Ու հետաքրքրական է նաեւ վրաց իշխանությունների համբերությունը, որ անսպառ լինելու հակում է դրսեւորում, չնայած դժվար թե խաղաղ ցուցարարության որեւէ այլ կարգի քայլերով շարունակության դեպքում այդ համբերությունը չսպառվի: Մյուս կողմից, ժողովրդավարության «անօրինակ» օրինակ է ցույց տալիս Վրաստանը այսօրինակ իր «հանդուրժողականությամբ»:
Մինչդեռ ոչ միայն ընդդիմությունը, այլեւ շատ փորձագետներ ու վերլուծաբաններ գտնում են, որ վրացական ժողովրդավարությանն ինչ-որ լուրջ բան է պատահել, ընդ որում, «հիվանդության» հիմնական մեղավոր է նշվում երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը ոչ մի կերպ չի գնում հրաժարական տալու ճանապարհով: Ավելին, Վրաստանի նախագահը ամեն անգամ համոզմունք է հայտնում, թե նախագահելու է մինչեւ իր սահմանադրական ժամկետի ավարտը` 2013-ը.
Ա. Հ.