«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2009-05-23 | #95, 2009-05-26 | #96, 2009-05-27


«ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ», Made in ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«Հաղթելու ենք»: Սա քաղաքապետի ընտրություններում ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանի կանխատեսումն էր հարցին, թե ի՞նչ ելք կունենա քաղաքապետի ընտրությունը, մանավանդ որ արվում են տարատեսակ սոցիոլոգիական հարցումներ ու չալարողը ներկայացնում է «հետազոտված տվյալներ»: Եթե հաղթեն, ապա կստեղծեն ազգային քաղաքապետարան, ինչի ձեւավորումը կարեւորեցին Արծվիկ Միասյանն ու Արմեն Ռուստամյանը «Հայացք» մամուլի ակումբում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ: «Գնացինք ազգային ընդդիմության ճանապարհով եւ ձեւավորելու ենք ազգային քաղաքապետարան: Քաղաքապետը պետք է ունենա ընդդիմադիր կեցվածք, դա կնպաստի քաղաքի զարգացմանն ու կայացմանը», նկատում է Մինասյանը: Եթե դաշնակցականները հաղթեն, ապա ազգային քաղաքապետարան հիմնելուց զատ կանդրադառնան քաղաքապետարանի բյուջեին, կպաշտպանեն մարդու իրավունքները, կլինեն կադրային փոփոխություններ, կհամագործակցեն տարբեր հասարակական կազմակերպությունների հետ:

Բանախոսները գնահատականներ տվեցին նախընտրական քարոզարշավի մասին:

Ռուստամյանի բնորոշումը քաղաքապետի ընտրություններին միանշանակ է` քաղաքական, բացատրությունն էլ` հակիրճ. «Կուսակցություններն են մրցում»:

Քաղաքականը` քաղաքական, սակայն դաշնակցականների մոտեցումն է տարբեր. իրենց համար քաղաքապետի պաշտոնը չի սահմանափակվում հավաքարարի կամ էլեկտրիկի դերով, սակայն չեն էլ սրում այնքան, որ հաղթելու դեպքում հանրապետությունում լինի իշխանափոխություն:

Գերագույն մարմնի ներկայացուցիչն այս ընտրապայքարում ամենամեծ բացթողումն ու թերությունը համարում է բանավեճերի բացակայությունը: Ռուստամյանը լսել է մի շարք թեկնածուների ու համոզվել, որ շատերն անգամ չեն էլ կարդացել Երեւան քաղաքի օրենքն ու չգիտեն, թե քանի դրույթից է բաղկացած: Բանավեճերի կայացմանը կողմ է նաեւ Մինասյանը: Վերջինս մի քանի անգամ բանավեճի է հրավիրել քաղաքապետի թեկնածուներին, սակայն նրանք առաջարկը չեն ընդունել: Թեպետ մինչ ընտրությունները մնացել է ընդամենը 4 օր, սակայն Մինասյանը բանավեճի հրավիրեց ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀԱԿ թեկնածուներին:

Արմեն Ռուստամյանն էլ հավաստիացրեց, որ ազատ եւ արդար ընտրությունների հույս ունեն: Դաշնակներն այս առումով դիմելու են բոլոր օրինական ձեւերին, նախՙ թարմացնելու են հանձնաժողովի անդամների ցուցակը, 439 տեղամասում ունենալու են 2-3 ներկայացուցիչ, վստահված անձ: «Եթե ամեն մեկը իր ձայնը վերահսկի, ապա հանձնաժողովը կունենա շահերի առողջ բախում, հետեւաբար կբացառվեն նաեւ ընտրակեղծիքները», նկատում է Ռուստամյանը: Նախօրեին ՀԱԿ-ը արձանագրեց մի շարք ընտրախախտումներ, երեկ դրանց իրողությունը փաստեց նաեւ Ռուստամյանը: ՀՅԴ-ում ստանում են բազմաթիվ ահազանգեր բանակից, տեղյակ են ոչ միայն գումարային խոստումների, այլեւ դրանց չափերի մասին ու անգամ, թե որ թաղամասում որքան են վճարում: «Մարդիկ ընտրությունները դարձրել են բիզնես, մտածում են ոչ թե ձայնի, ապագայի, թեկնածուի մասին, այլ որ ընտրությունը փող աշխատելու միջոց է: Անգամ կան ընտանիքներ, որոնց անդամները ընտրակաշառք են վերցնում տարբեր թեկնածուներից», նկատում է Ռուստամյանն ու կատակով առաջարկում, որ աճուրդ հայտարարվի ու ամենաբարձր վճարողը գնի ընտրատարածքը:

Թե ինչու այսքան բան իմանալով դաշնակցականները ոչինչ չեն անում ընտրախախտումներից խուսափելու համար կամ էլ եթե անում ենՙ ոչ բավարար չափով, Արծվիկ Մինասյանն ասաց. «Սովորաբար Դաշնակցությանը քիչ ձայն են տալիս, շատ պահանջում: Եթե քիչ եք տալիս, ինչո՞ւ եք կրկնակի պահանջում»: Ռուստամյանը նկատում է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ հեռուստատեսությամբ ներկայացվում են վաղուց մոռացված խորհրդային արտադրության ֆիլմեր, որտեղ ծաղր ու ծանակի են ենթարկվում դաշնակցականների կերպարներն ու գաղափարախոսությունը: Ըստ Ռուստամյանի, դա նույնպես հատուկ քարոզչություն է:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4