«Հասարակական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոն»` ՀԵՆԿ հասարակական կազմակերպությունը 2009 թվականի Երեւան քաղաքի ՏԻՄ ընտրությունների նախաշեմին գործունեություն է իրականացնումՙ ուղղված հանրության իրազեկմանը եւ ընտրություններին քաղաքացիների մասնակցության խթանմանը:
Մայիսի 31-ին կայանալիք Երեւան քաղաքի ավագանու ընտրությունները, ըստ Երեւանի նոր օրենքի եւ ընտրական օրենսգրքի լրացուցիչ դրույթների, որոշակիորեն տարբերվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից: Մասամբ սրանով էր պայմանավորված Երեւանի բնակիչների աճող հետաքրքրությունը Երեւանի ՏԻՄ ընտրությունների նկատմամբ:
Այդ նպատակով ՀԵՆԿ ՀԿ-ն մայիսի 15-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հանրային բանավեճ կազմակերպեց ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի միջեւ: Բանավեճին մասնակցում էինՙ Արծվիկ Մինասյանը («Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն), Մովսես Շահվերդյանը (Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն), Ենոք Ազարյանը (Հայաստանի հանրապետական կուսակցություն), Գրիգորի Վահանյանը («Օրինաց երկիր» կուսակցություն) եւ Միքայել Մելքումյանը («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն):
Բանավեճին հրավիրվել էին միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվամիջոցներ, որոնց միջոցով ապահովվեց հանրության իրազեկման գործընթացըՙ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի, զարգացումների վերաբերյալ:
Բանավեճի սկզբում ներկայացվեցին նախընտրական ծրագրերը, որոնք թեեւ էականորեն տարբերվում էին միմյանցից իրենց հարցադրումներով, իրականացման մեխանիզմներով, այնուամենայնիվ հետապնդում էին մեկ նպատակՙ մայրաքաղաքի արդյունավետ կառավարում եւ զարգացում, երեւանցու համար արժանապատիվ կեցության պայմանների ապահովում: Բանավեճի մասնակիցները հնարավորություն ստացան խաչաձեւ հարցերով դիմելու միմյանց, նաեւ պատասխանելու դահլիճից հնչող հարցերին: Ակտիվ քննարկման ընթացքում հնչեցին բազմաբնույթ հարցերՙ Երեւանի էկոլոգիական վիճակ, կառուցապատում-ճարտարապետություն, ապագա երեւանցու կերպար, հասարակական կազմակերպություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, համագործակցության հնարավորություններ, Երեւանի զարգացման նոր ծրագրեր եւ այլն: Կուսակցություններից յուրաքանչյուրն իր տարբերակն ու դեղատոմսն առաջարկեց հիմնախնդիրների լուծման վերաբերյալ, իսկ ներկաներին մնում էր ընտրություններից հետո ականատես լինել դրանց իրականացմանը:
Կարծում ենք, որ նման քննարկումները նպաստում են քաղաքացիների իրազեկության բարձրացմանը, կողմնորոշում նրանց, օգնում գիտակցված ընտրություն կատարելու: