Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարությունները, Հայաստանում բուլղարական մշակույթի տարվա շրջանակներում մայիսի 29-ից հունիսի 4-ը ներկայացնում են մշակութային նախագիծ` Բուլղարիայի ազգագրական եւ դասական արվեստի հանրահայտ կոլեկտիվների մասնակցությամբ:
Բուլղարական մշակութային տարվա պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 30-ին, ժամը 15.30-ին Հայաստանի ճարտարապետների միության տանըՙ «Բուլղարիայի վանքերը եւ սրբավայրերը» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսով: Իսկ երեկոյանՙ ժամը 19-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք գալա համերգը` բուլղարական մշակույթի տարվա բացմանն է նվիրվում:
Իսկ մայիսի 31-ին, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի մշակույթի տունը կհյուրընկալի «Արաբեսկ» բալետային խմբին եւ «Սոֆիայի մենակատարներ» կամերային նվագախմբին: Նույն օրը Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մշակույթի տանը հետաքրքրական ելույթներով հանդես կգան «Բիստրիցայի տատիկները» ազգագրական համույթը եւ «Նայդեն Կիրով» ազգագրական պարի թատրոնը:
Հունիսի 1-ին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վ. Աճեմյանի անվ. պետական դրամատիկական թատրոնը կհյուրընկալի Դիլիջանում ելույթներ ունեցած խմբերին, իսկ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի մշակույթի տունըՙ Լոռու մարզում ելույթներ ունեցած խմբերին:
Հունիսի 2-ին եւ 3-ին Երեւանի Հ. Պարոնյանի անվ. կոմեդիայի պետական թատրոնում ժամը 19-ին, Բուլղարիայից ժամանած բոլոր չորս խմբերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ