Երեւանի «Արարատը» զրկվեց եվրոգավաթների 2009/10-ի խաղարկությանը մասնակցելու իրավունքիցՙ ՀՖՖ արտոնագրման բաժնից այդպես էլ չստանալով արտոնագիր: Երեկ ֆուտբոլի ֆեդերացիայում կայացած արտոնագրման բողոքարկման կոմիտեի նիստը քննարկեց «Արարատ» ակումբիՙ մայիսի 13-ին ուղղված բողոքարկումը: Դրանում ակումբի ղեկավարությունը համամիտ լինելով արտոնագրման կոմիտեի մայիսի 11-ի որոշման հետ, որով մերժվել էր «Արարատին» արտոնագիր շնորհել, խնդրել էր հաշվի առնելով պահանջվող փաստաթղթերի ներկայացման փաստը, վերանայել նախկին վճիռը:
Մանրակրկիտ ուսումնասիրելով ՀՖՖ արտոնագրման բաժնի փորձագետների, «Արարատ» ՖԱ-ի, «Բեյքեր Թիլլի Արմենիա» աուդիտորական ընկերության ներկայացուցչի կողմից տրամադրված փաստարկներն ու հակափաստարկները, ինչպես նաեւ արտոնագրման կոմիտեի որոշման հիմնավորվածությունը, արտոնագրման բողոքարկման կոմիտեն միաձայն որոշեց ուժի մեջ թողնել մայիսի 11-ի որոշումը «Արարատի» արտոնագրի մերժման վերաբերյալ:
Այսպիսով, «Արարատի» փոխարեն Եվրոպայի լիգայի մրցաշարում հանդես կգա «Միկան»: Այդ մրցաշարում կխաղան նաեւ «Գանձասարն» ու «Բանանցը», իսկ չեմպիոնների լիգայում Հայաստանը կներկայացնի «Փյունիկը»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ