«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2009-05-26 | #96, 2009-05-27 | #97, 2009-05-28


ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է

Ըստ «Ռոյթեր» գործակալության, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն առաջին անգամ խիզախ մի հայտարարությամբ ընդունել է, որ անցյալ դարում տասնյակ հազարավոր բնիկ հույների բռնի տեղահանումը Թուրքիայից «ֆաշիստական գործողություն» էր, գրում է «Կալիֆոռնիա կուրիեր» շաբաթաթերթի հրատարակիչ եւ խմբագիր ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆԸ եւ շարունակում.


Որոշ մեկնաբաններ Էրդողանի ակնարկները վերագրեցին 1923 թվին մեկուկես միլիոն հույների տեղահանմանը Թուրքիայից Հունաստան: Այդ ժամանակ բնակչության փոխանակման շրջանակներում ավելի քան 500 հազար թուրքեր էլ Հունաստանից վերադարձան Թուրքիա:

Ուրիշ դիտորդներ մտածեցին, որ նա ակնարկում է 1955 թվի սեպտեմբերի 6-ի եւ 7-ի իրադարձությունները Ստամբուլում, որտեղ թուրք ամբոխը հարձակվում եւ հրկիզում էր հազարավոր հույների խանութներն ու տները ի պատասխան այն կեղծ հաղորդումների, թե իբր Սալոնիկում (Հունաստան) հրկիզվել է Աթաթուրքի տունը:

Հույների տեղահանություններից բացի, Էրդողանն անդրադարձավ նաեւ, թեեւ անուղղակի ձեւով, այլ էթնիկական խմբավորումների, մասնավորապես հայերի, ողբերգական ճակատագրերին:

«Տարիներ շարունակ այլ ինքնության տեր մարդիկ վտարվել են մեր երկրից... Դա առողջ դատողության արդյունքը չէր, այլ` ֆաշիստական մոտեցման արդյունքը», ասաց Էրդողանը մայիսի 23-ին Դյուզչե գավառում ելույթ ունենալով «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ամենամյա համագումարում: «Երկար տարիներ շարունակ զանազան իրադարձություններ տեղի ունեցան այս երկրում ի հեճուկս այստեղ ապրող ազգային փոքրամասնությունների», շարունակեց նա, ավելացնելով. «Նրանք էթնիկական զտման էին ենթարկվում, որովհետեւ տարբեր ազգային-մշակութային ինքնության կրողներ էին: Ժամանակը եկել է ինքներս մեզ հարցնելու, թե ինչու այդ բոլորը տեղի ունեցավ եւ ինչ ենք մենք սովորել այդ ամենից: Մինչեւ օրս այդ հարցերը չեն քննարկվել: Իրականում նման վերաբերմունքը ֆաշիստական մտածողության արդյունք է, եւ մենք էլ ենք ընկել այդ լուրջ սխալը կատարելու թակարդը»:

Վարչապետի այս անկեղծ ակնարկները լուրջ քննադատության արժանացան ընդդիմադիր կուսակցությունների կողմից: Հանրապետա-ժողովրդական գլխավոր ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Օնուր Օյմենը մեկնաբանելով հայտարարությունները` նշել է, որ ճիշտ չէ Թուրքիայի պատմությունը ասեկոսեների վրա հիմնվելով կապել ֆաշիզմի հետ: Նա հավելել է, որ ոչ մի թուրք քաղաքացի իր ազգային ինքնության համար չի արտաքսվել Թուրքիայից: Իր հերթին ընդդիմադիր Ազգայնական շարժում կուսակցության ղեկավարներից Օքթայ Վուրալը ասել է, որ «Էրդողանի խոսքերը վիրավորական են թուրք ազգի համար»:

Ի հակադրություն նրանց, լիբերալ հայացքների տեր թուրք մեկնաբանները ողջունել են նրա հաշտվողական ակնարկները: «Առաջին անգամ մի վարչապետ ընդունում է, որ սխալներ գործել ենք կրոնական փոքրամասնությունների հետ մեր հարաբերություններում: Սա պատմական (իրադարձություն) է», գրել է Սամի Քոհենը «Միլիեթում»: «Բայց տեսնենք, թե արդյոք այս հռետորական ելույթներին գործնական քայլեր հետեւելո՞ւ են»:

«Հյուրիեթ դեյլի նյուսը» գրել է իր հերթին, որ Էրդողանի ելույթը պատմական էր, եւ որ առաջին անգամ բարձրաստիճան կառավարական մի պաշտոնյա հրապարակավ ընդունում էր, որ անցյալում անօրինական եւ հակաժողովրդական գործողություններ են տեղի ունեցել փոքրամասնությունների դեմ:

«Վաթան» թերթում պրոֆ. Հալիլ Բերքթայը գրել է. «Դա Էրդողանի արտասանած ամենախիզախ արտահայտությունն էր»: Իսկ իր լիբերալ հայացքներով հայտնի գիտնական Բասքըն Օրանը «Սթար» թերթին հայտնել է, որ «հպարտ է վարչապետով, որը դատապարտում է ազգային եւ կրոնական զտումները»: CNN-թուրք նյուսի տնօրեն Ռիդվան Աքարն ավելի սկեպտիկ էր Էրդողանի մտադրությունների հանդեպ: Նա «Վաթանում» գրել էր. «Փոքրամասնությունների եւ կրոնական խմբավորումների իրավունքները հիմնահարցեր են եղել (միշտ) թուրքական պետության ներսում: Իհարկե, Էրդողանը իր այս հայտարարությամբ մի քայլ առաջ է գնում, բայց նրա խոսքերի անկեղծությունը կախված է, թե ինչպիսի քայլեր է նա նախաձեռնելու հետագայում, լինելո՞ւ են, օրինակ, բռնագաղթածների իրավունքների վերականգնում, բռնագրավված ինչքերի վերադարձ կամ փոխհատուցում»:

Վարչապետի հայտարարությունները, ինչ խոսք, քաջալերական են, խրախուսիչ, եթե իրոք Թուրքիայի ղեկավարները վերջապես որոշել են դիմակայել իրենց երկրի անցյալի սեւ ու ամոթալի էջերին: Այնուամենայնիվ, սխալ կլիներ չափազանց լավատեսական եզրակացությունների հանգել, լսելով այդ եզակի հայտարարությունները: Էրդողանը նման ակնարկներ արել է նաեւ քրդերի վերաբերյալ, իսկ հետո նրանց հույսերը ի դերեւ է հանել անակնկալ խիստ միջոցներ ձեռնարկելով նրանց դեմ:

Փաստն այն է, որ Էրդողանը իր քաղաքական ասպարեզի տերն ու տիրակալը չէ: Այդ «ֆաշիստները», որոնց նա խարազանում է, թաղված չեն օսմանյան պատմական գերեզմանատներում, այլ ողջ առողջ ապրում են թուրք հասարակության մեջ եւ զբաղեցնում են բարձրագույն պաշտոններ զինվորական եւ արդարադատության բնագավառներում:

Այո, Էրդողանը գուցե քաղաքականապես բավական խորաթափանց է, որ հասկանում է, թե ֆաշիզմի իր քննադատություններն արձագանք են գտնելու ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս` Արեւմուտքում, որն էլ իր հերթին նրան կպաշտպանի իր ներքին հակառակորդներից, որոնք բավական ուժեղ են: Նրա պայքարը Թուրքիայի անցյալի ուրվականների դեմ իրականում պայքար է հանուն իր քաղաքական կենսունակությունը պահելու եւ ընդդեմ բոլոր նրանց, ովքեր նրան եւ նրա կուսակցությանը խոր կասկածանքով են վերաբերվում եւ վճռել են ընդդիմանալ նրա քայլերին, մինչեւ հասնեն իրենց նպատակին եւ զրկեն նրան իշխանությունից:

Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4