Վրացական իշխանությունը պատասխանատվության կենթարկի օրինախախտներին
Վրաստանի իշխանությունների համբերությունը կարող է չբավարարել վրաց ընդդիմության «ծայրահեղ միջոցառումների» դիմելու նախաձեռնությունների համար, որ օրերս սկսվեցին Թբիլիսիի երկաթգծային գլխավոր կայարանի աշխատանքը մի որոշ ժամանակով խափանելով: Դեռեւս մայիսի 26-ի ուշ երեկոյան վրացական ընդդիմությունը հայտարարեց, որ պատրաստվում է սկսել իր «խաղաղ, բայց ծայրահեղ» քայլերի շարքը, ընդ որում, սկսել երկաթգծային կայարանից:
Հաղորդակցության այս հանգույցի փակումը վրացական ընդդիմության գրեթե մեկ ամիս առաջ հայտարարած ծրագրում բողոքի ակցիաների անցկացման եզակի վայր չէ: Ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ որոշակի ժամանակով եւ անհրաժեշտ պահին կփակվեն նաեւ կենտրոնական ավտոմայրուղիներն ու օդանավակայանները:
Միեւնույն ժամանակ, ընդդիմությունը, իր ծրագրերի համաձայն, նախ, մայիսի 26-ին ինքը անցկացրեց երկրի անկախության շքերթը, որ թեեւ նախատեսված էր լինելու այլընտրանքային, սակայն եղավ միակը, քանի որ իշխանությունները հրաժարվեցին տոնական շքերթ անցկացնելուց. ընդդիմությունն արդեն ամիսները փակել է այն հիմնական պողոտան, որտեղ անցկացվում են հանդիսությունները:
Ավելին, ընդդիմությունը նախատեսում է պահպանել իր «դիրքերը», որ հաստատվել են Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելու պողոտայում դեռեւս ապրիլի 9-ին մեկնարկած հանրահավաքից հետո:
Առավել հետաքրքրական է, որ վրաց ժողովրդի ու պետության կյանքում կարեւորագույն դերակատարում ունեցող եկեղեցին ու պատրիարքը դարձել են դժվար համատեղելի ընդդիմության ու իշխանության քաշքշուկներում:
Այն, որ վրացական եկեղեցին բավականին մեծ ազդեցություն ունի երկրում, նորություն չէ եւ կասկածի տակ չի առնվում: Ու թերեւս հենց սրանից էլ ելնելով ընդդիմությունը ոչ թե պատրիարքին է որեւէ հարցում մեղադրում, այլ իշխանություններին` պատրիարքի վրա ճնշում գործադրելու համար: Մասնավորապես, նույն երկաթգծային կայարանը փակելու օրը վրացական ընդդիմությունը սպասում էր, որ պատրիարք Իլյա Երկրորդը հանդես գա հայտարարությամբ, սակայն դա տեղի չունեցավ:
«Վրաստանի իշխանությունները ճնշում գործադրեցին վրաց պատրիարք Իլյա Երկրորդի վրա` թույլ չտալով նրան հայտարարություն անել, որով նա պատրաստվում էր հանդես գալ ժողովրդի առաջ: Մեր պատրիարքը տառացիորեն գերի էր վերցված... Նրան վախեցրել են, բայց ոչ մի սարսափելի բան: Մենք կպայքարենք մինչեւ վերջ, պայքարը կտեւի մինչեւ արյան վերջին կաթիլ», «Նովոստի Գրուզիա» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է միասնական ընդդիմության առաջնորդ համարվող Լեւան Գաչեչիլաձեի եղբայր, ընդդիմության ակտիվիստ, հայտնի երգիչ Գեորգի Գաչեչիլաձեն:
Ամեն դեպքում, երկաթգծի կայարանը մի քանի ժամով փակելու նախաձեռնությունը վրացական ընդդիմությունը համարում է զգուշացում, որին իշխանությունների անհրաժեշտ արձագանքի բացակայության դեպքում «իրավիճակը կարող է դառնալ անվերահսկելի»: Մինչդեռ իրավիճակին իշխանությունների արձագանքը բնավ էլ ընդդիմության սպասածը չէ:
Վրաստանի իշխանությունները ընդդիմության պահանջով երկխոսության գնալու եւ նախագահի հրաժարականի հարցը քննարկելու փոխարեն հայտարարել են, որ օրենսդրության խախտումները կպատժվեն: Տվյալ դեպքում վրաց իշխանությունները նկատի ունեն երկաթգծային կայարանի, իսկ հետագայում ծրագրվող նաեւ օդանավակայանների ու ավտոմայրուղիների փակումը:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ