«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2009-05-26 | #96, 2009-05-27 | #97, 2009-05-28


ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸՙ «ՆԱԽՈՐԴ 10 ՏԱՐԻՆԵՐԻ» ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ռուսական ժողովրդական ասացվածք կաՙ «Ում կովը որ բառաչի, քոնըՙ թող լռի» ((«Чья корова бы мычала,  твоя бы помолчала»): Այս ասացվածքը կարծես ասված լինի Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի (ժամանակին կովերի մասին բավականին ուշագրավ հայտարարության հեղինակ) եւ նրա «շեֆ» Լեւոն Տեր-Պետրոսյանի համար, որոնք այս օրերին տարբեր առիթներով իրենց տեսակետներն են հայտնել Հայաստանի նախորդ 10 տարվա տնտեսական քաղաքականության եւ տնտեսության ներկա փուլի մասին:

Մասնավորապես, գնահատելով Հայաստանի տնտեսության արձանագրած անկումը, Հրանտ Բագրատյանը, այն համարել է նախորդ 10 տարվա տնտեսական զարգացման սխալ քաղաքականություն: Նա երեւի մոռացել է, որ իր կառավարման տարիներին աշխարհում ոչ մի տնտեսական ճգնաժամ չկար, բայց Հայաստանի տնտեսությունը ոչ թե անկում էր ապրում տոկոսներով, ինչպես տեղի է ունենում այժմ, այլ պարզապես փլուզվել էր: Իսկ 2009-ին նախորդող 10 տարիները (Ռոբերտ Քոչարյանի նախագահության) հենց այն տարիներն էին, երբ հաղթահարվում էին ՀՀՇ-ի ավերած Հայաստանի տնտեսությունը: Բավական է բերել մեկ ցուցանիշՙ 1992-ին, Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) անկում էր ունեցել 42 տոկոսային կետով, որը ԱՊՀ երկրների նույն ցուցանիշը գերազանցում էր ավելի քան 6 անգամ: Իհարկե, 1992-ին Հրանտ Բագրատյանը դեռ վարչապետ չէր, բայց երկրի նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր: Սակայն վերջինիս մասինՙ փոքր-ինչ հետո:

Դառնանք Բագրատյանի վարչապետության երկու տարիներիՙ 1995 եւ 1996 թվականների ցուցանիշներին, երբ ղարաբաղյան պատերազմը, որը շահարկման անսպառ հնարավորություններ է տալիս ՀՀՇ-ական առաջնորդներին, ավարտված էր: 1995-ին Հայաստանում ՀՆԱ-ն 522 մլրդ դրամ է եղել, իսկ 1996-ինՙ 661 մլրդ դրամ: Իսկ նախկին վարչապետի մատնանշած «նախորդ 10 տարիներից հետո», 2008-ին մեր երկրի ՀՆԱ-ն արդեն 3 տրիլիոն 646 մլրդ դրամ էրՙ 6-7 անգամ ավելի է վերոնշյալ տարիներից:

Շարքային քաղաքացիների համար ավելի հասկանալի մեկ այլ ցուցանիշ ներկայացնենք: Խոսքը 1 շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի, այսինքն, 1 բնակչին ընկնող միջին եկամտի մասին է: 1995-ին Հայաստանի 1 շնչին տարեկան բաժին էր ընկնում 342 դոլար, 1996-ինՙ 423 դոլար: 2008-ին Հայաստանում 1 շնչին տարեկան ընկնող ՀՆԱ-ն կազմել է 3689 դոլարՙ 9-10 անգամ ավելի 95-96-ի համեմատ: Ինչ մնում է այս տարվա անկման ցուցանիշին եւ Հրանտ Բագրատյանի կանխատեսմանը:

Առ այսօր ոչ մի տնտեսագետ, ֆինանսական կառույց, հետազոտական կենտրոն աշխարհում եւ անգամ Հայաստանում, ճգնաժամի մասին կանխատեսումներ անելով, չի մատնանշել թվերի այնպիսի լայն միջակայք, ինչպես դա անում է Հրանտ Բագրատյանը: Տվյալ դեպքում նա խոսում է 2009-ին Հայաստանի 7-12 տոկոս տնտեսական անկման մասին: 5 տոկոսի միջակայքով կանխատեսում կատարելն առնվազն անլրջություն է, իսկ ավելի ճշգրիտՙ անգրագիտություն: Սակայն սա առաջին դեպքը չէ: Մեկ այլ նմանատիպ «բացահայտում» նախկին վարչապետը կատարել էր այս տարվա մարտին, կանխատեսելով, որ դոլար-դրամ փոխարժեքը կհասնի ... 400-800 դրամի 1 դոլարի դիմաց: Թե ինչո՞ւ ոչ 500-1000 դրամՙ ավելի գեղեցիկ եւ կլորացված թվերով: Եվ այս զավեշտների հեղինակը ժամանակին եղել է Հայաստանի վարչապետ, ինչը ինքնին ապացույց է, թե ինչու էր մեր բոլորիս կյանքն այդ տարիներին այդքան անտանելի:

Դառնանք Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջերս նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ հնչեցրած մի գնահատականին: Հավանաբար խորհրդակցելով տնտեսագիտության իր ուսուցիչ Հրանտ Բագրատյանի հետ, նույնպես անդրադառնալով «վերջին 10 տարիներին», նախկին նախագահը դրանք բնորոշեց որպես «մի ահավոր շրջան»: Դրա պատճառ համարելով այն, որ մեր ժողովրդի մի զգալի մասը աշխատում ու շենացնում է ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստանը, որտեղից ուղարկված գումարների շնորհիվ են նրանք կարողանում պահել իրենց ընտանիքները Հայաստանում եւ որոնցից զրկվելուց հետո «բացահայտվեց այս երկրի, այս իշխանությունների տնտեսական քաղաքականության ողջ մերկությունը»: Ընդ որում, Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսում է 3 մլրդ դոլար Ռուսաստանից եկող փոխանցումների մասին, երբ դրսից փոխանցումների ցուցանիշը առավելագույնը կազմել է կրկնակի քիչՙ 1,5 մլրդ դոլար: Չենք զարմանում, քանի որ հիշյալ անձնավորության համար սուտը իրականություն ներկայացնելը սովորական երեւույթ է, իսկ տնտեսական երեւույթները նրա համար չինական քերականություն են: Խնդիրը Լեւոն Տեր-Պետրոսյանի դրսեւորած չմարող ցինիզմին է վերաբերում: Մի՞թե նրան թվում է, որ մարդիկ մոռացել են, թե ում պատճառով եւ ում նախագահության տարիներին են հարյուր-հազարավոր հայեր ստիպված արտագաղթել Հայաստանից եւ շենացնում Ռուսաստանը, որպեսզի կարողանան ապահովել իրենց ընտանիքների գոյությունը, թե ինչ տառապանքներ են նրանք անցել այլ երկրներում, իսկ նրանց հարազատներըՙ Հայաստանում: Մեր պատմության մեջ բացառիկ դեպք էր, երբ ոչ թե հայոց պետականության կործանման, այլ վերականգնման տարիներին, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներն էին, Հայաստանից հեռացան 700 հազարից 1 մլն մարդ: Փաստերն ինքնին խոսուն են, ոչ մի ցինիզմով եւ կեղծիքով դրանք կոծկել չի լինի:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4