ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները վերջերս «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրում («Կարգո») կանխել են 100 բանկային քարտերի ապօրինի ներմուծումը: Քարտերը հայտնաբերվել են ԱՄՆ-ից ուղարկված ծանրոցի մաքսային զննման ժամանակ: Քարտերը հասցեագրված են եղել Երեւանի բնակիչ, 20-ամյա Լուսինե Շահազիզյանին: Դրանք հնարամտորեն ամրացվել են ծանրոցով տեղափոխված ամսագրերի էջերին: Քարտերն առգրավվել են Լ. Շահազիզյանի ծանրոցը ստանալուց անմիջապես հետո:
Պարզվել է, որ American Express, Capital One, CITIBANK, CHASE եւ ամերիկյան հեղինակավոր այլ բանկերին պատկանող քարտերը կեղծ են: Առգրավված քարտերի մեջ առկա են եղել ինչպես Visa եւ Master սովորական, այնպես էլ gold եւ platinum տեսակի քարտեր: Գործի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ԱԱԾ` ըստ ենթակայության: