Վերջին մեկ տարվա քաղաքական անցուդարձի ու փոփոխությունների ազդեցությունն իրենց մաշկի վրա զգացին հատկապես կրթության ոլորտի աշխատողները: Մեկ տարվա ընթացքում փոխվեց երեք նախարար, հետեւաբար մտահոգությունը, թե միասնական եւ ավարտական քննությունների նախաշեմին կրթության եւ գիտության նախարարի փոխվելը ինչպես կազդի քննությունների որակի վրա, տեղին է: Սակայն այս խնդրով ԳԹԿ նախկին տնօրեն, այժմ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանն առանձնապես մտահոգված չէ:
ԳԹԿ-ում կայացած հանդիպման ժամանակ նա հավաստիացրեց, որ էքս նախարար Սպարտակ Սեյրանյանը բարոյական պատասխանատվություն է վերցրել ու պատրաստակամություն հայտնել աջակցելու յուրաքանչյուր հարցում:
«Բացի այդ, Արմեն Աշոտյանը գործընթացներին տեղյակ է, կրթության ոլորտում նոր մարդ չէ: Պաշտոնի փոխանցումը շատ հարթ է կատարվել, հասարակությունը չի զգա, որ նախարար է փոխվել», նկատեց նա: ԳԹԿ տնօրենը փաստեց, որ առաջիկա քննությունները կանցնեն նորմալ պայմաններում:
Հունիս ամսվա յուրաքանչյուր երեքշաբթի եւ հինգշաբթի օրերին հանրապետությունում կկայանան միասնական եւ ավարտական քննություններ: Մեկնարկը կտրվի հունիսի 2-ին` աշխարհագրություն, ընդհանուր պատմություն եւ կենսաբանություն առարկաներից: ԳԹԿ-ից հավաստիացրին, որ այս տարի էլ աշխատելու են պարզ ու բաց, իսկ կատարված փոփոխությունները միայն դրական ազդեցություն կթողնեն: Նախորդ տարվա համեմատությամբ միասնական եւ ավարտական քննությունները կանցկացվեն առանձին օրերի:
Մանուկ Մկրտչյանը նկատեց, որ այս տարի դահլիճներում աղմուկ չի լինի, կբացառեն հուշելու պարագաների մուտքը քննասենյակ:
Քննությունները կտեւեն երեք ժամ, բացառությամբ օտար լեզվի` 2.5 ժամ:
Այս տարի դիմորդների թիվը կազմել է 19164 (ներառյալ ԼՂՀ-ն): Քննական կենտրոններ կան հանրապետության բոլոր մարզերում: Ինչ վերաբերում է նախորդ տարվա միասնական քննությունների ժամանակ տրված վկայականներին, Մկրտչյանն ասաց, որ դրանք կեղծելն անհնար է: Գնահատականը ուժի մեջ է, սակայն եթե աշակերտը ցանկանում է գնահատականը բարձրացնել, ապա պետք է կրկին քննություն հանձնի:
«Ազգ» -ի հարցը վերաբերում էր կրթության ոլորտում կոռուպցիայի նվազեցմանը:
«Անհնար է, որ կոռուպցիան միանգամից վերանա: Սակայն պետք է նկատենք, որ անցյալ տարվա համեմատությամբ այս տարի զգալիորեն կրճատվել են կոռուպցիայի, կաշառքի դեպքերը: Վստահ եմ, որ մի քանի տարվա ընթացքում երեւույթը կվերանա», նկատեց ԳԹԿ տնօրենը:
Թե ինչով է պայմանավորված այդպիսի համոզմունքը, Մկրտչյանը նշեց. «Շատ բան կախված է մեր գործունեությունից: Կա համապատասխան տրամադրվածություն, որը շատ կարեւոր է»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ