«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2009-05-26 | #96, 2009-05-27 | #97, 2009-05-28


ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը մայիսի 29-ին Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 5-րդ փառատոնի եզրափակիչ համերգին հրավիրել է կոմպոզիտորներ Վաչե Շարաֆյանին, Լիզա Բիլավային (ԱՄՆ), ջութակահարներ ԱՄՆ-իցՙ Կարլա Կիհլստեդին եւ Կոլին Յակոբսենին, Ռուսաստանից ջութակահար Կարեն Շահգելդյանին, ալտահար Մաքսիմ Նովիկովին, թավջութակահար Արամ Թալալյանին:

Փառատոնի հիմնադիրներ Մարիամ Շահինյանը եւ Գարիկ Նազարյանը երեկվա ասուլիսի ընթացքում ներկայացրին հյուրերին ու տեղեկացրին, որ փառատոնի եզրափակիչ համերգում կհնչեն Վաչե Շարաֆյանի եւ Լիզա Բիլավայի ստեղծագործությունները: Առաջին անգամ Հայաստանում երաժշտասերների դատին կհանձնվի յուրօրինակ մի ծրագիրՙ հայ, ռուս, ամերիկացի երաժիշտների համատեղ կատարմամբ, որի ընթացքում կհնչեն հայկական, ռուսական, ամերիկյան ժամանակակից արդի երաժշտություն: Համերգի ընթացքում կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Արեւը, գինին եւ ժամանակի քամին» ստեղծագործությունը կհնչի դուդուկի, ջութակի, թավջութակի եւ դաշնամուրի նվագակցությամբ: Կոմպոզիտորը հեղինակ է մի շարք կամերային, սիմֆոնիկ, երգչախմբային եւ մենակատարների համար գրված ստեղծագործությունների: Այսօր Շարաֆյանի ստեղծագործությունները կատարվում են աշխարհի շատ երկրներում:

Համերգի ընթացքում ներկաները կունկնդրեն ջութակահար Կարլա Կիհլստեդի հրաշալի կատարումը, նաեւՙ երգեցողությունը, որը Հայաստանում առաջին անգամ է հնչելու: Հայ-ամերիկյան երաժշտության համերգն իրականացվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Իսկ փառատոնի գլխավոր հովանավորն է «Վիվասել-ՄՏՍ»-ը եւ մշակույթի նախարարությունը:

Երաժիշտները պնդում էին, որ երաժշտությունն ազգություն չի ճանաչում եւ սիրով մասնակցում են փառատոնին, քանզի նկատել են, թե հայ երաժշտասեր հանդիսատեսը կտրուկ տարբերվում է ամերիկացի ունկնդրիցՙ գիտելիքներով ու նպատակասլացությամբ: «Երաժշտությունը սահմաններ չի ճանաչում եւ նման փառատոնին հրավիրվելը մեծ պատիվ է յուրաքանչյուրիս համար», ահա այսպես ավարտեցին իրենց խոսքն օտար երաժիշտներըՙ թվելով հայ կոմպոզիտորներին ու հայ-ամերիկյան երաժշտության մեջ հոգեւոր կապն ընդգծելով:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4