Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի մայիսի 25-27-ը ԳԴՀ արտգործնախարարությունը Ջորջ Մարշալ անվտանգության ուսմանց եվրոպական կենտրոնի հետ համատեղ կոնֆերանս է կազմակերպել, որի ուշադրության կենտրոնում այս անգամ եղել է Կովկասը:
ԳԴՀ արտգործնախարարության մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ «Կայունության քաղաքականությունը կովկասյան տարածաշրջանում» վերնագրյալ բեռլինյան կոնֆերանսին ներկա են եղել Արեւելյան Եվրոպայի, Կովկասի 9 երկրների կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, պառլամենտականներ: ԳԴՀ արտգործնախարարությունում կազմակերպված կոնֆերանսն անդրադարձել է ոչ միայն քաղաքական անվտանգության ներկա իրադրությանը, այլեւ կովկասյան տարածաշրջանի հետ տնտեսական համագործակցությանն ու հեռանկարային ծրագրերին:
Կոնֆերանսի բացման խոսքը վերապահված է եղել պետնախարար Գերնոտ Էրլերին: Նա խոսել է 2008-ի օգոստոսյանՙ սառեցված եւ շատ արագ ռազմականի վերածված 5-օրյա հակամարտության մասինՙ մասնավորապես ընդգծելով, թե վրացական հակամարտությունը ողջ տարածաշրջանի համար անվտանգությանն ու կայունությանը խոչընդոտող գործոն է: Երկրորդ նշանակալի սառեցված հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ է: Այստեղ նախանշանները լավատեսական են, ասել է Էրլերըՙ նկատելով Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սկզբնավորված մերձեցումը: Նա խոսել է նաեւ Հարավային Կովկասում կայունությանը միտված Թուրքիայի կարեւոր դերակատարման մասին: Հարավային Կովկասըՙ Կենտրոնական Ասիա, Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Աֆղանստան, Մերձավոր եւ Միջին Արեւելք այս կամուրջը ռազմավարական կարեւոր նշանակություն ունի, հիշեցրել է Էրլերը:
Հակամարտություններին զուգահեռ երկրորդ մեծ մարտահրավերն էլ կա տարածաշրջանի համար. ժողովրդավարական չափորոշիչներ, իրավական պետություն, արդարադատության անկախություն, մարդու իրավունքների եւ կոռուպցիայի դեմ պայքար: Նշված ոլորտներում դժվար թե զարգացում նկատվի, ասել է պետնախարարը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա