Հաշված օրեր են մնացել, երբ հունիսի 7-ին Լիբանանն ու լիբանանահայությունը կմասնակցի երկրի արդի ամենաճակատագրական խորհրդարանական ընտրություններին: Ամեն օր հավաքներ, միտինգներ, տարածքների երեսփոխանական թեկնածուների ընտրացանկի հայտարարություններ: Բացահայտ թե գաղտնի բանակցություններ: Մի խոսքով` ծայրահեղ լարված ու թեժ իրավիճակ: ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի այցը, հանդիպումները Լիբանանի ղեկավարության հետ ցույց տվեցին Մերձավոր Արեւելքի «բանալի» այս երկրի կարեւորությունը միջազգային թե տարածաշրջանային մեծ տերությունների համար: Վտանգավոր ու սպառնալից հայտարարություններ Իսրայելի ղեկավարության կողմից` ռազմական «հզոր» հարված հասցնելու Լիբանանին, եթե «Հզբոլլահը» հաղթանակի հասնի ընտրություններում իր դաշնակիցների հետ... ավելի «ազատ», քան 2006-ի ահավոր պատերազմը, որ քիչ մնաց վերածվեր լայնածավալ պատերազմի Մերձավոր Արեւելքում:
Լիբանանի խորհրդարանի պատգամավորներից մի քանիսը` մանավանդ հարիրիական «14 մարտ»-ի ուժերի Ս. Դ. Հնչակյան կուսակցության ներկայացուցիչ Սեպուհ Գալփաքյանը եւ Հ. Յ. Դաշնակցության ընդդիմադիր «8 մարտ»-ի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին եւ Արթուր Նազարյանը արդեն ընտրվել են ներքին համաձայնությամբ: Թեժ պայքար է գնալու հայ կաթողիկե համայնքի ներկայացուցիչներ Սերժ Թուրսարգիսյանի եւ «8 մարտ-հայկական բլոկ»-ի թեկնածու Գրեգուար Գալուստի միջեւ: «14 մարտ»-ի եւ Ռ. Ա. կուսակցության ներկայացուցիչ նախարար Ժան Օղասափյանը, Լեւոն Կ. Նազարյան վարժարանի տնօրեն Շանթ Չինչինյանը («14 մարտ», Զահլե), Վրեժ Սապունջյանը, Ժագ Գասարջին իրենց («8 մարտ») լիբանանցի քաղաքական խմբավորումների թեկնածուների հետ արդեն իսկ նախընտրական ակտիվ արշավի մեջ են: «Ներքին» բանակցությունների ու միջամտությունների պատճառով հայ թեկնածուներ Ռիշար Գույումջյանը («Լիբանանյան ուժեր»-«14 մարտ»), գեներալ Նարեկ Աբրահամյանը («Ազատ հայեր»-«14 մարտ») եւ Րաֆֆի Մադեյանը («անկախ ընդդիմադիր») հրաժարվեցին հետագա ընտրապայքարից:
Գաղտնիք չէ, որ մի քանի ինքնաթիռ ԱՄՆ-ից, Եվրոպայից, նաեւ Երեւանից արդեն իսկ Լիբանան է տեղափոխել լիբանանահայ քաղաքացիների` մասնակցելու քվեարկությանը: Ըստ լուրերի, նրանց ձրի ավիատոմսեր են բաժանել ու կեցություն են ապահովել: Իսկ խորհրդարանական ընտրությունների քրիստոնյա համայնքի ղեկավարները մի կողմից գեներալ Միշել Աունի «Բարենորոգչական հոսանք»-ը ընտրացանկով «Հզբոլլահ»-ի ու Հ. Յ. Դաշնակցության «հայկական բլոկ»-ի հետ «ձեռնոց է նետել» Սաադ Հարիրիի ընտրացանկից քրիստոնյա թեկնածուներ Ժեմայել ընտանիքի ներկայացուցիչներին, սպանված քաղաքական գործիչ, «Ալ Նահար» թերթի սեփականատեր Ժեբրան Թուեյնիի դուստր Նեյլե Թուեյնիին, հունադավան-օրթոդոքս համայնքի ներկայացուցիչ Միշել Ֆարաոնին, եւ, անշուշտ, Սաադ Հարիրիի Բեյրութի, Թրիփոլիի եւ Սայդայի ընտրացանկին: Ըստ Թայեֆի վերջին համաձայնագրի եւ այն, ինչ հայտարարում են երկու մրցակից քաղաքական խմբավորումները, ընտրություններից հետո ով էլ դառնա մեծամասնություն խորհրդարանում, կազմվելու է համաձայնական կառավարություն` երկիրը զերծ պահելու քաղաքական պատերազմի վտանգներից: Առայժմ ժողովուրդը թերահավատ է, որ ամեն ինչ խաղաղ է ընթանալու: Սակայն Լիբանանը միշտ հաղթահարել է մեծագույն դժվարությունները եւ գոյատեւել ու բարգավաճել է:
ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ, Բեյրութ