Խճճված դատական պատմություն, որ թերեւս շատ ջուր կվերցնի
Առաջին ու գլխավոր հարցը, որ հետաքրքրում էր «Ուրբաթ» ակումբում հավաքված լրագրողներին, այն էր, թե ինչո՞ւ է Հանրային հեռուստախորհրդի առաջին նախագահ Տիգրան Նաղդալյանի քույրը` Կարինե Նաղդալյանը եղբոր սպանությունը պատվիրելու համար մեղադրված եւ այդ մեղադրանքի հիման վրա 15 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Սարգսյանի վաղաժամկետ ազատ արձակմանն արձագանքում ավելի քան ութ ամիս ուշացումով:
Կարինե Նաղդալյանի խոսքերովՙ լուրը ցնցել էր իրեն ու ողջ ընտանիքին: «Նման մասշտաբի հանցագործության դեպքում տուժողի հարազատները նախօրոք տեղեկացվում են, մինչդեռ մեզ չէին տեղեկացրել», նկատում է նա:
Սակայն սա գործի առնչությամբ միակ խախտումը չէ: Ութ ամսվա ընթացքում Նաղդալյանը փորձել է ծանոթանալ գործի մանրամասներին, սակայն ամեն տեղ հանդիպել է անօրինականության. մի շարք գերատեսչություններ հրաժարվել են փաստաթուղթ տրամադրելուց:
Նաղդալյանը Արմեն Սարգսյանի վաղաժամկետ ազատման մասին տեղեկացել է հեռուստատեսությունից: «Բոլորի համար էլ պարզ է, որ նման որոշումները կատարվում են նախագահի միջամտությամբ, այլապես հնարավոր չէ, որ 15 տարվա դատապարտված անձը 5 տարի 6 ամսում հայտնվեր ազատության մեջ», նկատում է Կարինե Նաղդալյանը:
Նա հիշում է, որ դեպքից երկու օր անց Գյումրիում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին լրագրողները հարց են ուղղել, թե ինչո՞վ է պայմանավորված Արմեն Սարգսյանի ազատումը. «Նախագահի պատասխանն ինձ ուղղակի ցնցեց: Նա ասաց, որ ինքը ոչ մի ներում չի շնորհել, պարզապես իրեն տրված իրավասությամբ կրճատել է ժամկետը: Մինչդեռ նախագահին նման իրավասություններ տրված չեն: Սահմանադրորեն տրված է ներում շնորհել, սակայն տրված չէ ժամանակ կրճատել», նկատում է Կարինե Նաղդալյանը:
Խնդրի կապակցությամբ Նաղդալյանը հանդիպել է արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին: Վերջինս պնդել է, որ Արմեն Սարգսյանին ազատել են Վարչական դատարանի եւ վաղաժամկետ ազատման հարցերի հանձնաժողովի հիման վրա, իսկ նախագահը գործի հետ որեւէ կապ չունի:
«Պնդեցի, որ լսել եմ հեռուստատեսությամբ, թե ինչպես է Սերժ Սարգսյանն ասում, որ ինքն է կրճատել Սարգսյանի պատիժը: Նախարարը նախ չհավատաց, կասկածանքով հարցրեց, թե գուցե ես եմ ինչ-որ բան շփոթում, սակայն երկար պնդելուց հետո հանձնարարեց գտնել Գյումրիում տեղի ունեցած հարցազրույցի տեսագրությունը», պատմում է Նաղդալյանը:
Այնուհետեւ Կարինե Նաղդալյանը հանդիպել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորին, որն էլ կայացրել է որոշումը: «Ազատ են արձակել լավ, դրական վարքի համար: Բանտում մարդասպանություն չի ծրագրել, դրա համա՞ր է արժանացել լավ վարք ունեցողի բնորոշման: Հավաստի տեղեկություններ ունեմ, որ մի քանի անգամ բանտից դուրս է եկել, հանդիպել ընտանիքի անդամներին: Մինչդեռ նման ծանր հանցանք կատարողներին կալանավայրում այսպիսի արտոնություններ չեն տալիս: Հաշվի են առել նաեւ, որ նա Երկրապահ կամավորական միության մեդալով է պարգեւատրված, պաշտպանել է ՀՀ եւ ԼՂՀ սահմանները: Իր եղբոր` Վազգեն Սարգսյանի հիմնած կազմակերպությունից ստացած մեդալի ու սահմանները պաշտպանելու փաստարկն ընդունվել էր տարիներ առաջ կայացած դատավարության ժամանակ, եւ հենց այդ հանգամանքները հաշվի առնելով Սարգսյանին 15 տարվա ազատազրկման դատապարտեցին: Մինչդեռ երկու անգամ նույն փաստարկը չի կարող հիմք ընդունել ու վաղաժամկետ ազատ արձակել», նկատում է Նաղդալյանը:
Կարինե Նաղդալյանը դիմել է արդարադատության նախարարին, մարդու իրավունքների պաշտպանին, ընդհուպ վարչապետ Տիգրան Սարգսյանին, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել, հետեւաբար որոշել է իրեն հուզող հարցերի պատասխանը ստանալ լրագրողների միջոցով:
Բազմաթիվ դիմումները նպատակակետին չեն ծառայել, Նաղդալյանը չի տեսել փաստաթղթերը, որոնք կվկայեն, թե հատկապես ի՞նչ ճանապարհով եւ ո՞ւմ որոշմամբ է ազատվել Արմեն Սարգսյանը:
«Ազգ» -ի հարցին, թե այս ամենից ինչ հետեւության է հանգել, Նաղդալյանը պատասխանեց. «Համոզվեցի, որ եթե մեջքիդ հզոր մարդ չունես, չես կարող օրենքով ինչ-որ բանի հասնել: Ընդամենը փաստաթղթեր եմ պահանջում, որոնց սահմանադրական իրավունքն ունեմ: Սակայն նրանք ապացուցում են, որ իրենց դեմ «խաղ չկա», ասում է Նաղդալյանը:
Նա այս խնդրում նաեւ քաղաքական ենթատեքստ է տեսնում: «Այդ որոշումը պարզապես ոմանց բերանը փակելու համար է, բայց այնուամենայնիվ դա պետք է հիմքեր ունենա: Արամ Սարգսյանը (Արմեն Սարգսյանի եղբայրը) ամիսներ շարունակ վիրավորում, անպատվում էր մեր այժմյան նախագահին: Այն մարդիկ, ովքեր գոռում-գոչում են, ցույցեր կազմակերպում, այժմ նրանց հետ հաշվի են նստում, իսկ երբ մենք գնում ենք բարեկիրթ, օրինական ճանապարհներով, մեզ պարզապես արհամարհում են: Նման վերաբերմունքը վիրավորական է», ասաց Նաղդալյանը:
«Ազգ»-ի հարցին, թե ի՞նչ է մտադիր անել հետագայում, Նաղդալյանն ասաց, որ դեռ կորոշի իր հետագա անելիքը, այժմ սպասում է արձագանքների` հատկապես նախագահի աշխատակազմից: Միաժամանակ հավաստիացրեց, որ ինքը հետամուտ է լինելու խնդրին:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ