Ըստ kommersant.ru կայքէջի, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է դառնալ ռուսաստանյան խոշորագույն «ԱՖԿ Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ` անկախ տնօրեն: Նրա թեկնածությունն առաջադրողների կարծիքով, Քոչարյանը կարող է նպաստել ԱՊՀ-ում այդ կորպորացիայի զարգացմանը: «ԱՖԿ Սիստեմայի» տնօրենների խորհրդի կազմը պետք է հաստատվի հունիսի 27-ին կայանալիք բաժնետերերի տարեկան ժողովում: Հաղորդվում է, որ անկախ տնօրենի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածուՙ Ռոբերտ Քոչարյանը եւ Ռաջիվ Մեխրոտրան: Վերջինս հնդկական Shyam Group of India ընկերության հիմնադիրն է, որը վերջերս գնվել է «Սիստեմի» կողմից: Ի դեպ, «Սիստեմի» հիմնական ակտիվներն ենՙ ՄՏՍ-ի 52,8%, «Սքայ-Լինկի» 50 %, «Կոմստարի»ՙ 53%, «ՄԳՏՍ»-իՙ 33%, «Ինվեստ կապի»ՙ 25%, «Սիտրոնիկսի»ՙ 71%, «Ինտուրիստի»ՙ 66%, եւ այլն: Կորպորացիայի ակցիաների 62 տոկոսը պատկանում է Վլադիմիր Եվտուշենկովին, 19 տոկոսը դրված են Լոնդոնի եւ ռուսական բորսաներում, «ԱՖԿ Սիստեմայի» կապիտալիզացիան կազմում էր 6,28 մլրդ դոլար:
Տնօրենների խորհրդի անկախ տնօրենի պաշտոնը նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը ընկերության բաժնետերերից չէ: Միջազգային ընդունված պրակտիկա է, երբ նման աշխատանքի են հրավիրում նախկին ղեկավարների: Անկախ տնօրենի պարտականությունները չեն պահանջում, որ նա մշտապես աշխատի որեւէ գրասենյակում, օրինակ` Մոսկվայում, պարզապես պետք է ներկա լինի տարին երկու անգամ անցկացվող բաժնետերերի ժողովներին: Առաջին անգամ չէ, որ ռուսական մասնակցությամբ ընկերությունները տնօրենների խորհրդում են ներգրավում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես 2006-ին «Նորդ ստրիմի» տնօրենների խորհրդի նախագահ էր նշանակվել Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերը, իսկ 2008-ին հրավիրվել է որպես անկախ խորհրդատու Ֆինլանդիայի նախկին վարչապետ Պաավո Լիպպոնեն: Ավելացնենք նաեւ, որ «ԱՖԿ Սիստեմա»-ն ուղղակիորեն ներկայացված չէ Հայաստանում, սակայն փոխկապված ընկերությունների միջոցով նրան են պատկանում Հայաստանի երկրորդ բջջային օպերատոր «Ղ-Տելեկոմի» (ապրանքանիշըՙ «Վիվասել-ՄՏՍ») եւ «Կոռնետ-ԱՄ» ինտերնետ պրովայդերի հիմնական բաժնետոմսերը: