«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2009-05-28 | #98, 2009-05-29 | #99, 2009-05-30


ԱԶԳԱՅԻՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԱԾ ԿՅԱՆՔ

Պարույր Աղբաշյանի անունը ծանոթ է ե՛ւ Լիբանանի, ե՛ւ հայրենիքի մտավորականների լայն շրջանակին: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի հայոց լեզվի եւ գրականության բաժինը, ստանալով մագիստրոսի վկայական: Եղել է ՀԲԸՄիության լիբանանյան կենտրոնական գրասենյակի քարտուղար, դիվանապետ, կրթական բաժնի վարիչ-քարտուղար: ՀԲԸՄ Երվանդ Հյուսիսյան հայագիտական հիմնարկի մեջ վարել է տեսուչի պաշտոն, դասավանդել է Բեյրութի Հայկազյան համալսարանում եւ Դարուհի Հակոբյան-Հովակիմյան-Մանուկյան վարժարանում: Նշանակալի ներդրում ունի Պարույր Աղբաշյանը հայ լրագրության մարզում: Տարիներ շարունակ եղել է «Խօսնակ» ամսաթերթի պատասխանատու խմբագիր, «Շիրակ» ամսագրի խմբագրական կազմի անդամ, «Զարթօնք» օրաթերթի պատասխանատու խմբագիր: Անգնահատելի չի մնացել նրա բազմածիր եւ ազգօգուտ գործունեությունը: Պարույր Աղբաշյանը արժանացած է Հայաստանի տնտեսաիրավական համալսարանի եւ ԱՄՆ-ի Մաշտոցի անվան համալսարանի մամլո պատվո պրոֆեսորի կոչման, Հայաստանի Աճառյանի անվան համալսարանի պատվո դոկտորի կոչման: Լիբանանի Խմբագիրների սենդիկատի եւ դրա վարչական գերագույն խորհրդի անդամ է: Անդամ է նաեւ Հայաստանի ժուռնալիստների միության եւ Միջազգային լրագրողների միության: Որպես գեղեցիկ ու նվիրական հուշ` հայրենիքում ուսանելու տարիներից Պարույր Աղբաշյանը եղել է Հայաստանի համալսարանի շրջանավարտների միության հիմնադիրներից մեկը: Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի կողմից արժանացել է «Սբ. Սահակ-Սբ. Մեսրոպ» շքանշանի եւ պատվոգրի:

Այս ամենը սոսկ փաստերի թվարկում չէ: Այլ ազգային ծիրին ծառայեցված գործ: Այս բազմախոսուն փաստերի հետեւում` հարուստ, բովանդակ մի կյանք է, որն անմնացորդ նվիրված է հայրենասիրական այդ գործին ծառայելու առաքելությանը:

Պարույր Աղբաշյան` լեզվաբան, ժուռնալիստ, խմբագիր, մանկավարժ, մշակութային-հասարակական գործիչ: Եվ այս ցանկին անկարելի է չավելացնել նաեւ փայլուն հրապարակագիր, որի հոդվածները կբախեն ընթերցողի սիրտն իրենց անաչառ քաղաքական կեցվածքով, հասարակական, քաղաքական, ազգային բարդ ու խճճված հարցերի շիտակ ու հույժ հետաքրքրական վերլուծությամբ: Մեկ անգամ չէ, որ նրա թե՛ բանասիրական, լեզվաբանական, թե՛ հրապարակագրական հոդվածները տպագրվել են «Ազգ» օրաթերթի էջերում: «Ազգը» անդրադարձել է Պարույր Աղբաշյանի գործերին ուշագրավ գրախոսություններով: Ընդհանուր համայնապատկերում համահունչ կարծիքների է արժանացած Պարույր Աղբաշյանը թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում, որոնք առավելապես սպառիչ արտահայտված են լիբանանահայ մտավորական, իրավաբան մեթր Գասպար Տերտերյանի գրած վերլուծականի մեջ. «Մենք գործ ունինք ժողովուրդի զաւակ, քաղաքացի, հրապարակագրի հետ: Պարոյր Աղպաշեանը իր ժողովուրդի պատմական յիշողութեան հաւատարիմ պահապանն է, զայն նորահաս սերունդին փոխանցողը: Ան իր` առաջնորդի եւ կողմնորոշողի առաքելութիւնը կկատարէ արժանապատուօրէն եւ բարձր գիտակցութեամբ: Նաեւ` քաղաքացիական պարտաճանաչութեամբ իր սրտաբուխ լուման կը ներմուծէ լիբանանեան հայրենիքի բախտորոշ տարեգրութեան մէջ»:

Պարույր Աղբաշյանի գործերը հասել են նաեւ Հայաստանի ընթերցողին: Այս հատորները թեպետ պատկանում են տարբեր ժանրերի, սակայն իրենց ամբողջության մեջ հանդիսանում են Պարույր Աղբաշյան հեղինակի կարողությունների խոսուն վկայությունը: Այո՛, շատ է գրված լեզվական խնդիրների շուրջ: Դրանց կողքին իր ուրույն ու արժեքավոր տեղն ունի Պ. Աղբաշյանի «Արեւմտահայ գրողներու լեզուամտածողութիւնն ու բառապաշարային շերտաւորումները» (Բեյրութ, 2008) հատորը: Առավելապես արժեքավորն այն է, որ ոչ մեկին եւ ոչինչ չի՛ կրկնում Պ. Աղբաշյանը, այլ ինքնատիպ ու խոր մոտեցումով երեւան է բերում, առաջադրում լեզվաբանական մի շարք կարեւոր խնդիրներ, լուսաբանում է դրանք նորովի, դրանով իսկ աներկբայորեն հարստացնում հայոց լեզվին առնչվող թե՛ մասնագետների, թե՛ լայն ընթերցողի պատկերացումներն ու գիտելիքները: Երիցս ճշմարտացի է բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, երբ գրում է. «Իբրեւ լեզվաբան Պարույր Աղբաշյանը մի կարեւոր առաքելություն ունի. նա երբեք լսողական երեւույթը չի՛ կտրում գրականությունից ու կենսական այն երեւույթներից, որ արտացոլված են գեղարվեստական պատկերում: Առանձին գրողների բառապաշարի աղբաշյանական քննությունները` 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի արեւմտահայ գեղարվեստական արձակի բառապաշարի ընդհանուր բնութագիր են: Այս ժողովածուն նաեւ ամբողջական պատկերացում է ստեղծում «Զարթօնք»-ի երկարամյա խմբագիր, հանրային նշանավոր գործիչ, վաստակավոր հայագետ Պարույր Աղբաշյանի գիտական հետաքրքրությունների եւ ձեռքբերումների մասին»: Այդպե՛ս է: Իսկ իր մյուս հատորով` «Ապրուած հրապարակագրութիւն` յետադարձ հայեացքով», Պ. Աղբաշյանը նոր եւ դարձյալ արժեքավոր էջ է բացում իր ընթերցողի առջեւ: Այս անգամ ներկայանալով իբրեւ հայագետ-հրապարակագիր: «Սփյուռք», «Հայաստան», «Արցախ», «Եկեղեցի» բաժիններում ընթերցողին ճշմարտացիորեն ճանաչելի է դառնում գրեթե ամբողջ տասնամյակի (1990-1999 թթ.) հայ ժողովրդի իրական պատմագրությունը շատ եւ շատ ծալքերի համադրությամբ: Հատորի ուշահարույց կողմերից մեկն այն է, որ դրանում միմյանց ձեռք են մեկնում Աղբաշյան հրապարակագիրը, բանասերը եւ հայագետը: Հենց ա՛յս հատորով է, որ ընթերցողի առջեւ հանդես է գալիս հեղինակը նաեւ որպես քաղաքագետ-հրապարակագիր, նաեւ որպես հայրենասեր-մտավորական: Առանց ամպագոռգոռ խոսքերի, կոչերի, առանց արտաքին այլ եւ այլ հոսանքներին տուրք տալու, ձեւական հաճոյախնդիր կեցվածքից զերծ` Պարույր Աղբաշյանն իր մտազննումների կշեռքին է դնում ազնիվ խիղճն ու անեղծ ազգային հայեցակետը:

Պարույր Աղբաշյանի «Ներխուժուած Լիբանանի աննկուն կամքը» գրքի մասին Գ. Տերտերյանը գրել է. «Պարոյր Աղպաշեանը արիութիւն ունեցաւ արդարամիտ ըլլալու` 2006 թուականի յուլիս-օգոստոս ամիսներուն լիբանանեան հայրենիքի դէմ շղթայազերծուած ամերիկասիոնիստական բարբարոսային ասպատակութեան եւ անոր դէմ Լիբանանի ժողովուրդին ցուցաբերած դիմադրութեան շուրջ` իր բնութագրումներով, դիտարկումներով, վերլուծումներով, արդար դատումներով ու խրոխտ կեցուածքով: Իր այս հատորով Պարոյր Աղպաշեանը քաղաքացիական պարտաճանաչութեամբ իր սրտաբուխ լուման ներմուծեց լիբանանյան հայրենիքի այդ բախտորոշ, անկիւնադարձային օրերու տարեգրութեան մէջ»:

Նշենք նաեւ, որ Պ. Աղբաշյան ժուռնալիստի, հրապարակագրի բարձր արհեստավարժությունը ցայտուն կերպով երեւան է գալիս վերոհիշյալ հատորի առանձին բաժինների խորագրերում: Վարժ եւ հմուտ ընթերցողն ի մի բերելով, կողք կողքի դնելով այդ խորագրերը, արդեն իսկ կարող է ծանրակշիռ պատկերացում կազմել հեղինակի ասելիքի եւ ազգային-քաղաքական դիրքորոշման մասին: Այդ խորագրերի միասնությունը մի բովանդակ սցենար է, որը չի կարող անտարբեր թողնել, չհուզել որեւէ մարդու, առավել եւս եթե նա հայ է (լինի հայաստանցի, թե սփյուռքահայ): Քանզի երկուսն էլ այս կամ այն չափով եւ իմաստով այսօր նույնպես գտնվում են աշխարհի գերտերությունների խաղասեղանի վրա:

«Միջազգային խիղճ չկայ, բայց կա՛յ պիղծ միջազգայնականութիւն», «Մե՞ծն Միջին Արեւելք` բայց մե՜ծն անորոշ եզերքներով», «Մարդասիրական օգնութիւն, բայց նաեւ... պատերազմասիրակա՞ն օժանդակութիւն», «Հայե՛ր, կյիշէ՞ք մեզ, մենք ձեզ լա՛ւ ու մի՜շտ կյիշենք», «Բարե՜ւ, լիբանանահայութիւն, ինչպէ՞ս ես...», «Շարժենք` «լիբանանահայեր` լիբանանահայութիւնը» կարգախոսով», «Լիբանանը մասամբ հաշմանդամ է, բայց ոչ երբեք` հաշմախելք» եւ դեռ այլ եւ այլ: Այսքանն էլ բավարար է հասկանալու համար, թե ի՛նչ է ուզում ասել հեղինակը եւ ո՛ր դիտանկյունից: Իրապես` վերոնշյալները բնավ սոսկ գրքի բաժինների խորագրեր չեն, այլ` ապրված կյանքի մեզ պարտադրված, կամ մեր կողմից ընտրված ճակատագրական իրականության փաստագրություն: Միայն խորապես ճանաչելով այն, եւ մեր խղճի ձայնը դնելով արդարամտության եւ սթափության նժարին, կարելի է ապավինել ու հավատալ բարու եւ խաղաղության հաղթանակին: Եվ Պարույր Աղբաշյան մարդն ու մտավորականը հավատում է: «Միացումի կամուրջը կիսուած-քանդուած է, բայց ո՛չ կամքի ու վերականգնումի կամուրջը», գրում-ամփոփում է նա իր «Ներխուժուած Լիբանանի աննկուն կամքը» գրքում: Նա հավատում է եւ հրապարակագրի կրքով հուսադրում է իր ընթերցողին: Քանզի նրա համար կամուրջը սոսկ քարաշեն շինություն չէ, այլ` մարդկային խիղճն ու քաղաքական դիրքորոշումը ագուցող, Հայաստան-սփյուռք հարաբերություններն ամրացնող, հայի` իր լիբանանահայ հայրենիքի նկատմամբ շիտակ ու երախտարժան կեցվածք ունենալու կամուրջ է: Այն, հանուն որի ապրում, գրում եւ իր գրչով պայքարում է Պարույր Աղբաշյանը:

ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Բեյրութ-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4