Հայաստանի կամերային նվագախմբի նվերը Սպիտակի երեխաներին
«Սպիտակում եղել ենք դեկտեմբերին: Գուցե սուբյեկտիվ կարծիք եմ հայտնում, բայց կարծում եմՙ Սպիտակը հիշում ենք երկրաշարժի տարելիցից տարելից: Այս համերգով որոշեցինք երկուստեք նվեր մատուցելՙ քաղաքին եւ համերգին մասնակից երաժիշտներին հենց երեխաների պաշտպանության օրը», երեկ «Ուրբաթ» ակումբում կայացած ասուլիսում տեղեկացրեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանը : Համերգը, որ տեղի է ունենալու հունիսի մեկին Սպիտակի մշակույթի տանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի եւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի (գեղղեկ Տիգրան Հեքեքյան) մասնակցությամբ, նախորդվելու է Սպիտակի երաժշտական դպրոցի 120 աշակերտների համար վարպետության դասով, որին ներկա կգտնվի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ինչը, համերգի կազմակերպիչների կարծիքով, ինքնին ոգեւորության հիմք է:
«Շատ ուրախ եմ բարեկամներիս այս նախաձեռնությանը մասնակցելու համար, քանի որ կարծում եմ համերգն իրոք պահանջված է եւ ինձ համար էլ հնարավորություն է ճանապարհին բնություն վայելելու», անկեղծացավ Տիգրան Մանսուրյանը , որի համար անակնկալ էր, որ համերգում կատարվելու է Հանս Քրիսթիան Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթի հիման վրա իր գրած համանուն բալետից մի քանի սյուիտՙ ի պատիվ կոմպոզիտորի ծննդյան 70-ամյակի:
«Չափազանց կարեւորում եմ համերգները մարզերում, այն էլ երեխաների համար: Սա քայլ է, որ կարող է արդյունավետ լինել համերգի եւ վարպետության դասի համակցության շնորհիվՙ երեխաների գեղագիտական դաստիարակության, կրթման ճանապարհին: Իսկ վերջինները Հայաստանում իրոք առկա են որպես խնդիրներ եւ հապացույց երեխաների իրավունքների խախտման», կարծիք հայտնեց Տիգրան Հեքեքյանը:
Սպիտակի համերգը, որով եզրափակվում է ՀՊԿՆ-ի մարզային 11 համերգների շարքը, հատկապես ոգեւորիչ է Արամ Ղարաբեկյանի համար. «Մեծ ոգեւորություն եմ ապրում այս կարգի երաժիշտների հետ միասնաբար համերգային ծրագիր իրականցնելու կապակցությամբ: Պատիվ է Տիգրան Մանսուրյանի հետ համագործակցությունը, իսկ Փոքրիկ երգիչների հետ անցկացրած մեկ ժամը 10 տարով երիտասարդացնում է»:
Ղարաբեկյանը նաեւ փաստեց, որ համերգի կազմակերպմանը մեծագույն պատրաստակամությամբ նպաստել են Սպիտակի երաժշտական դպրոցի, մշակույթի տան ղեկավարները, իսկ նվագախմբի մարզային համերգաշարը, որում եզրափակիչըՙ Սպիտակինը, իրականացվում է մշակույթի նախարարության աջակցությամբ:
Ունկնդիր ունենք, ճիշտ առաջարկ չկա
Դասական երաժշտությունը Հայաստանում վտանգված չէ, հանդիսատես-ունկնդրի պակաս էլ չկա: Բացակայում է մշակութային այն միջավայրը, որում կկարեւորվեն որակն ու բարձրարժեքությունը, ոչ թե փառատոնից փառատոն, այլ մշտապես:
«10 տարիների ընթացքում Հայաստանի պետական կամերային նվագախումբը երկրի մարզերում հանդես է եկել 100 համերգով եւ կարող եմ վստահաբար պնդել, որ մենք ունկնդրի խնդիր չունենք: Մարզերում ունենք շատ անկեղծ ունկնդիր, ընդ որում մեծ թվով երեխաներ, որոնց հետաքրքրությունը դասական երաժշտության հանդեպ մեծ է եւ նկատի առեք այնպիսի բնակավայրերում, որտեղ մեկ, մեկ ու կես սերունդ դասական երաժշտություն կենդանի բարձրակարգ կատարմամբ չի լսել-տեսել», տեղեկացրեց Արամ Ղարաբեկյանը:
Տիգրան Հեքեքյանն էլ կարեւորեց. «Հիմնականում միջոցառումներով ենք բավարարվում եւ միջավայր այդպես էլ չի ստեղծվումՙ նկարիչը նկարչի ցուցահանդեսին է գնում, երաժիշտըՙ գործընկերոջ ելույթին եւ արդեն տարիներով այս սկզբունքից չենք հեռանում, մինչդեռ անորակությունն ամենուր է եւ միջավայրով ապահովված»:
«Ընդհանուր ջանքեր կան վիճակը փոխելու համար: Դա են վկայում ազդագրերը, որոնց հետեւելը դժվարացել է: Սակայն բարձրաճաշակ արվեստի դրսեւորումները շարունակում են մնալ առանձին դեպքերի շարք եւ դեռ չեն դարձել ամենօրյա կյանք», ընդգծեց Տիգրան Մանսուրյանը:
Ելքը, ըստ երեք երաժիշտների, հնարավորինս հաճախ դասական արվեստին հասարակությանը առնչակից դարձնելն էՙ նաեւ առաջին հերթին ռադիո-հեռուստատեսային հեռարձակման միջոցով:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ