«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2009-05-28 | #98, 2009-05-29 | #99, 2009-05-30


«ԹԱՏՐՈՆՆ ԻՄ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆ Է», ԱՍՈՒՄ Է ԿԱՐՊԻՍ ՇԱՄԼՅԱՆԸ

«Թատրոնն իմ տունն է, իմ օջախը, իմ սերը, իմ սրբությունը եւ ամեն-ամեն ինչ», ասում էր Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի երկարամյա դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Կարպիս Շամլյանը: Կարպիս Շամլյանի 70-ամյակին` ապրիլին, բեմադրվեց Ստանիսլավ Ստրատիեւի «Ավտոբուս» ներկայացումը, որտեղ հոբելյարը արդեն 23 տարի շարունակ կերպավորել է ալդոմիրցու դերը: Չնայած որ «Ավտոբուս» ներկայացումն արդեն երրորդ անգամ նոր դերակատարներով է հանդիսատեսին մատուցվում, սակայն Կարպիս Շամլյանը առաջին օրվանից եղել ու մնում է անփոխարինելի դերակատար` նուրբ ու բազմերանգ, ինչ-որ տեղ ներողամիտ ու միամիտ նաեւ համբերությունը հատած ալդոմիրցի: Իսկ այդ անցումները այնքան համոզիչ ու զուսպ են, որ չնայած դերը երկրորդ պլանի է, սակայն փայլում է դերասանական ճիշտ մոտեցմամբ ու հավասարվում գլխավոր դերերին: Թատերարվեստում հայտնի է, որ փոքր դերերը, էպիզոդները կամ երկրորդային դերեր կերտելը երբեմն շատ ավելի բարդ ու դժվարին է, քան գլխավոր դերը: Եվ ահա այստեղ է, որ Շամլյան դերասանը իր 40-ամյա ստեղծագործական կյանքում կարողացել է այնպես կերտել իրեն վստահված դերերը, որ հանդիսատեսը մշտապես գոհ ու տպավորված է հեռացել թատրոնից:

  «Ազգի» հետ զրույցում Կարպիսը պատմում էր, թե ինչպես Ալեքսանդրիայից (Եգիպտոս) ծնողների հետ տեղափոխվել են Հայաստան ու բնակություն հաստատել Գյումրիում: Մեծ եղեռնից մազապուրծ Շամլյանների գերդաստանի շարունակող Կարպիսի հայրը ամուսնացել է հույն կնոջ հետ ու ստեղծել հայկական սովորույթներով մի նոր օջախ Ալեքսանդրիայում: Իսկ երբ ստեղծվում է հնարավորություն մայր Հայաստան մեկնելու` Շամլյանների ընտանիքը առաջիններից է, որ կայացնում է որոշում:

Եվ ահա օրերից մի օր, երբ 10-րդ դասարանցի Կարպիսը դպրոցից տուն ճամփին մտազբաղ քայլում է, իրեն է մոտենում մի անծանոթ ու առաջարկում խաղալ դեր Երեւանում կայանալիք թատերական ստուգատեսին ներկայացվող պիեսում: Սկզբնական խոսակցության ընթացքում տղան հրաժարվում է, բայց որ անծանոթին չնեղացնի, ասում է, որ հայրիկից թույլտվություն պետք է ստանա: Իհարկե, հայրը տալիս է իր համաձայնությունը եւ Կարպիսը սկսում է փորձել Լոմովի դերը Չեխովի «Առաջարկություն» պիեսում: Այդ դերակատարման համար Կարպիս Շամլյանին արժանացրին «լավագույն դերակատարման համար» մրցանակին: 16-ամյա տղայի համար այդ օրը դարձավ ճակատագրական: Ամիսներ անց նրան հրավիրեցին Երեւան, «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիա` առանց քննությունների: Ուսումնառության տարիներին զուգահեռ Կարպիսը նկարահանվում է «Նվագախմբի տղաները», «Ճանապարհ», «Գիշերվա ժամադրություն» եւ այլ ֆիլմերում: Չբավարարվելով ստուդիայում ստացած կրթությամբ ու դերասանական վարպետության դասերից, ընդունվում է թատերական ինստիտուտ` Արտաշես Հովսեփյանի կուրսը: Ավարտելուց հետո 60-ականներին ընդգրկվում է Լենինականի պետական թատրոնի կազմում ու հենց այդտեղ էլ մեծ փորձ ու հմտություններ ձեռքբերում, թատրոնի գլխավոր ռեժիսոր ու կոնսուլտանտ Վարդան Աճեմյանի խիստ հետեւողական պահանջների արդյունքում: Յոթ տարի անց Հրաչյա Ղափլանյանը, մի քանի ներկայացումներ դիտելուց հետո Կարպիսին հրավիրում է նորաստեղծ դրամատիկական թատրոն: Այդ օրվանից առ այսօր անցել է 40 տարի, Կարպիսը հինգ տասնյակ դերեր է կերտել հարազատ թատրոնում: «Ես երջանիկ եմ, ասում էր Կարպիսը, որ աշխատել եմ ճանաչված երեք ռեժիսորների` Աճեմյանի, Ղափլանյանի, Խանդիկյանի հետ, ու նրանց համարում եմ իմ կնքահայրերը»: Եթե հիշենք Կարպիս Շամլյանի կերպարանավորած դերերը, ապա դրանք մեկ նյութում դժվար թե տեղավորվեն, ուստի նշեմ մի քանիսը` «Ռիչարդ 3-րդ» (կարդինալ), «Ֆիլոմենա Մարտուրանո» (Միգելե), «Սեր ու ծիծաղ» (տեր Բարսեղ), «Ակամա բժիշկը» (Ժերոնդ), «Մսյո Ամիրկար» (Գնոլե Մարշո), «Համլետ» (գերեզմանափոր) եւ էլի շատ ուրիշներ: Բազմաթիվ դերեր է կերպարանավորել Կարպիս Շամլյանը նաեւ «Հեռուստաթատրոնում»: Իսկ այժմ նկարահանվում է մի քանի սերիալներում: «Իմ կյանքում լեցուն ու բեղմնավոր եմ համարում ստեղծագործական առաջին 10 եւ վերջին 20 տարիները, իսկ միջին ժամանակաշրջանում երիտասարդ դերասանների թիվը մոտ 80-ի էր հասնում եւ բոլորն էլ ցանկանում էին խաղալ: Ասեմ, որ թատրոնը ահավոր դժվար ու բարդ է, եթե տաղանդ չունեցար ու չեղար նվիրյալ, չես հասնի հաջողության, որովհետեւ հանդիսատեսը շատ շուտ կարողանում է լավը վատից զատել...:

Ես իմ երրորդ երիտասարդությունն եմ վայելում եւ դեռ շատ դերեր եմ խաղալու եւ իմ հարազատ բեմի վրա էլ...»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4