Հունիսի 5-ին Շվեյցարիայի հավաքականի հետ արտագնա խաղով Հայաստանի երիտասարդական հավաքականը կմեկնարկի Եվրոպայի 2011-ի առաջնության ընտրական մրցաշարում: Չորս օր անց մեր ֆուտբոլիստները «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալեն Թուրքիայի երիտասարդական հավաքականին, որն արդեն մեկ խաղ անցկացրել է` հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթելով իռլանդացիներին:
Հայաստանի երիտասարդական հավաքականն ընտրական հանդիպումներին կսկսի նախապատրաստվել հունիսի 1-ից: Հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը ուսումնամարզական հավաքի է հրավիրել 23 ֆուտբոլիստի, որոնցից 4-ը լեգեոնականներ են: Երեկ ՀՖՖ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ գլխավոր մարզիչը նշեց, որ Հայաստանում 3 ամսում հասցրել է հետեւել առաջնության հանդիպումներին, որոնցում երիտասարդական հավաքականի թեկնածուներն իրենց լավ են դրսեւորել: Ըստ Սերիցլեւի, բավական մրցունակ հավաքական ունենք: Հատկապես մեծ թիվ են կազմում կենտրոնական կիսապաշտպանները, որոնց ընտրության հարցում մարզիչը որոշ դժվարությունների առջեւ է կանգնած: Նա նշեց, որ լավ կլիներ խաղային մյուս օղակներում էլ սուր մրցակցություն ծավալվեր:
Անդրադառնալով լեգեոնականներին, մարզիչը նշեց, որ Բելգիայի «Բրյուգեի» 2-րդ թիմում հանդես եկող Մասիս Ոսկանյանն ու «Ստանդարտում» խաղացող Հրաչ Յագանն առայժմ իրավունք չունեն ՀՀ հավաքականում ելույթներ ունենալ, քանի որ փաստաթղթերի հարցը դեռեւս լուծված չէ: Չնայած դրան, երկու ֆուտբոլիստները հրավիրվել են հավաքի, որպեսզի մարզիչը ծանոթանա նրանց խաղային ունակություններին: Ի դեպ, Յագանը դեռեւս Էստոնիայի հավաքականի հետ մրցախաղերից առաջ կազմակերպված ուսումնամարզական հավաքին է մասնակցել եւ լավ տպավորություն է թողել: Մարզչի կարծիքով, նա ունակ է ուժեղացնելու մեր հավաքականը: Յագանը մյուսների համեմատ ավելի շատ է խաղում «Ստանդարտում», ինչը վկայում է նրա վարպետության մասին: Մասիս Ոսկանյանը վնասվածքների պատճառով «Բրյուգեի» 2-րդ կազմում շատ խաղերի չի մասնակցել: Նույնը վերաբերում է նաեւ «Համբուրգի» 2-րդ թիմում ընդգրկված Լեւոն Հայրապետյանին: Հովհաննես Գոհարյանն էլ ԲԱՏԷ-ում հազվադեպ է խաղում եւ եթե իրեն լավ դրսեւորի մարզումների ընթացքում, կընդգրկվի հանդիպման արձանագրության մեջ:
Ֆլեմինգ Սերիցլեւի համոզմամբ, ինչպես Դանիայում, այնպես էլ Հայաստանում հավաքականը կարող է հաջողության հասնել կոլեկտիվ խաղի, միասնականության շնորհիվ: Ըստ մարզչի, առաջին երկու խաղերում դժվարին մրցակիցներ են բաժին ընկել, որոնք ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանից բարձր դիրք են զբաղեցնում: Շվեյցարիայի երիտասարդական հավաքականի գրեթե բոլոր ֆուտբոլիստները բարձրակարգ թիմերում են հանդես գալիս: Շվեյցարացիները 2 շատ լավ հարձակվող ունեն, որոնցից մեկի հասակը 1,9 մետր է: Շվեյցարացիների խաղը տեսնել Սերիցլեւին չի հաջողվել, իսկ ահա Ստամբուլում ներկա է գտնվել Թուրքիայի եւ Դանիայի հավաքականների խաղին: Նախորդ տարի հայերի հետ մրցած Թուրքիայի հավաքականի 3 ֆուտբոլիստներ այլեւս իրավունք չունեն խաղալու երիտասարդական հավաքականում: Մեր ընտրանում նման ֆուտբոլիստների թիվը 6-ն է: Գլխավոր մարզիչը դիտել է նախորդ տարվա երեւանյան հանդիպումը, որից շատ տպավորված է եւ գտնում է, որ պետք է ամեն ջանք ներդնել հաղթական արդյունքը կրկնելու համար: Սերիցլեւը դրական է համարում, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի կորիզը կազմում են «Փյունիկի» եւ «Բանանցի» ֆուտբոլիստները: Դա հեշտացնում է մարտունակ կոլեկտիվ կազմավորելու իր խնդիրը:
«Ազգի» այն հարցին, թե ընտրական այս մրցափուլում ՀՀ երիտասարդական հավաքականի առջեւ կոնկրետ ինչ խնդիր է դրվել եւ ինքն ինչպե՞ս է գնահատում թիմի իրական հնարավորությունները, Ֆլեմինգ Սերիցլեւը միայն նշեց, որ սովորաբար երիտասարդական հավաքականի խնդիրն է ազգային ընտրանու համար կադրեր պատրաստել (սա հայտնի ճշմարտություն է): Մարզիչը հասկանում է առաջադրանքի դժվարությունը, որի լուծման համար հարկավոր է հաղթանակի վճռականությամբ եւ միասնական խաղադաշտ դուրս գալ:
Եվ այսպես, շուտով Հայաստանի երիտասարդական հավաքականը կսկսի մրցավեճը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Հաջողություն մաղթենք մեր ֆուտբոլիստներին առաջիկա պատասխանատու հանդիպումներում: Վերջում ներկայացնենք ուսումնամարզական հավաքի հրավիրված 23 ֆուտբոլիստների ցանկը:
Դարպասապահներ` Գեւորգ Պրազյան («Արարատ»), Էդվարդ Հովհաննիսյան («Փյունիկ»): Պաշտպաններ` Գագիկ Դաղբաշյան («Բանանց»), Արտաշես Առաքելյան («Կիլիկիա»), Կարեն Խաչատրյան («Փյունիկ»), Արտակ Անդրիկյան («Փյունիկ»), Արտակ Եդիգարյան («Փյունիկ»):
Կիսապաշտպաններ` Դավիթ Մանոյան («Փյունիկ»), Էդգար Մալաքյան («Փյունիկ»), Հենրիկ Մխիթարյան («Փյունիկ»), Արտակ Ալեքսանյան («Փյունիկ»), Արթուր Յուսպաշյան («Փյունիկ»), Հրաչ Յագան («Ստանդարտ», Բելգիա), Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»), Սարգիս Կարապետյան («Բանանց»), Կամո Հովհաննիսյան («Փյունիկ»), Լեւոն Հայրապետյան («Համբուրգ», Գերմանիա), Մասիս Ոսկանյան («Բրյուգե», Բելգիա), Արտակ Դաշյան («Բանանց»):
Հարձակվողներ` Միհրան Մանասյան («Փյունիկ»), Հովհաննես Գոհարյան (ԲԱՏԵ, Բելառուս), Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»), Հրանտ Գեւորգյան («Բանանց»):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ