«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2009-05-30 | #100, 2009-06-02 | #101, 2009-06-03


ՀՅԴ-Ն ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԲԵՎԵ՞Ռ Է ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետընտրական կրքերը չեն հանդարտվում: Հարցականներ շատ կան` անկախ նրանից, որ ԿԸՀ-ն դեռ պետք է վերջնական արդյունքներ հրապարակի: Հայ ազգային կոնգրեսի առաջնորդի այն հայտարարությունից հետո, որ ՀԱԿ-ը հրաժարվում է քաղաքային ավագանու իր մանդատներից, նոր զարգացումներ են ենթադրվում: Այսպիսով` 65 հոգանոց ավագանու կազմը կկրճատվի ուղիղ այնքանով, որքան մանդատ պետք է ունենար ՀԱԿ-ը, եթե, իհարկե, նրա ցուցակի առաջին 13-12 անդամները անձամբ հրաժարականի դիմումներ գրեն: ՕԵԿ-ը դեռ հույս ունի, որ վերահաշվարկներով իր հասանելիք ձայները կավելանան, ու ինքն էլ կանցնի 7 տոկոսի արգելանքը: Համենայն դեպս այդ ակնկալիքի մասին երեկ լրագրողների հարցերին ի պատասխան ակնարկեց ՕԵԿ-ի քարոզչության պատասխանատու Հովհաննես Մարգարյանը, որը նաեւ ասաց, թե ՕԵԿ-ի 21 հազար ձայներն իրենց ռեալ ձայներն են, «առանց քոռ-կոպեկի տված»:

Ըստ նրա` խախտումները տեխնիկական բնույթի են եղել, որոնք չեն կարող արդյունքների վրա էական ազդեցություն ունենալ:

«Քանի՞ ձայն է պետք, որ 7 տոկոսը հաղթահարեք, մի 10 հազա՞ր», «Ազգի» հարցին ի պատասխան` ասաց. «Թվին թվով կպատասխանեմ` 10 հազարն ու 6,5 հազարը շատ հեռու են իրարից»: Այսինքն` ՕԵԿ-ին մի 6,5 հազար ձայն է պակասում, որ 7 տոկոսը հաղթահարի: Տեսնես նրանց ակնկալիքները կարդարանա՞ն. մեր կարծիքով` հազիվ թե, ասեկոսեների մակարդակով` նրանց խոստացել են:

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից «Ազգը» հետաքրքրվեց` ՀՀԿ-ն ավելի խոցելի չէ՞ հիմա, երբ համարյա միայնակ եւ ամենակարեւորը` առանց ընդդիմության քաղաքական մեծամասնություն է լինելու. «Նրանք, ովքեր մեծ պատասխանատվություն ունեն, նրանց հանդեպ հասարակության պահանջն ավելի մեծ պետք է լինի եւ հենց այդ միջանցքում էլ նրանք խոցելի են դառնում»: ՀԱԿ-ի` մանդատներից հրաժարվելու եւ հետագա քաղաքական զարգացումների մասին էլ ասաց. «Ափսոսում եմ, որ վաղուց ընդդիմություն չունենք, պարզապես խոսում են ընդդիմադիր կեցվածքով, ներքաղաքական իրավիճակ սրում. չեմ ուզում խորը վերլուծել, պարտվածին չի կարելի քարկոծել»:

ԲՀԿ-ն էլ դեռ չի խոսում` այս կուսակցության քարոզչության պատասխանատու Արամ Սաֆարյանն ասաց. «Խորհրդի նիստ կանենք, մեր կարծիքը ընտրությունների ընթացքի վերաբերյալ կհրապարակենք»: Ըստ որոշ տեղեկությունների` ԲՀԿ-ում այդ առթիվ անելիքը չգիտեն. քարոզչության «ռազմախին» ու ակնկալիքին համապատասխան ձայներ չեն ստացել, մյուս կողմից էլ հո չեն կարող ՀՅԴ-ի նման ընտրակեղծիքներից խոսել` բավական մանդատ ունեն: Իրավագետ, Երեւանի ինքնակառավարման օրենքի համահեղինակ Հրայր Թովմասյանն, օրինակ, երեկ կարծիք է հայտնել, թե ԲՀԿ-ն կարող է Երեւանի ավագանիում ընդդիմադիր կեցվածք որդեգրել, քանի որ ՀՀԿ-ի ստացած ձայները նրան հնարավորություն են տալիս միանձնյա կառավարել ու կոալիցիա չկազմել ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի կարծիքով` «այն, ինչ մենք տեսել ենք ընտրություններին` ուղղել հնարավոր չէ, պիտի նոր ընտրություններ անցկացնել, բոլորովին նոր կանոններով ու պայմաններում»:

«Ձեր ձայներից Ձեր կարծիքով վերցվել եւ տրվե՞լ են ուրիշներին» հարցին էլ այս պատասխանը տվեց. «Ես կարծում եմ, որոշ տեղերումՙ այո, որովհետեւ ակնհայտ էր, որ կոալիցիոն կուսակցություններից մեկը շատ ցավագին էր ընդունում, որ մեզանից քիչ ձայն է հավաքել, եւ վիճակը շտկելու փորձերը շատ այլանդակ ձեւով են դրսեւորվել, օրինակ, Մալաթիա-Սեբաստիայում, բայց դրանում չէ ընտրությունների ողբերգությունը...»

Որ Դաշնակցությունն իր ձայները միայն մասամբ է պահպանել այս ընտրություններին, ըստ Վ. Հովհաննիսյանի, պատճառներն այն են, որ մարդիկ անտարբերությամբ են վերաբերվել քաղաքային ընտրություններին, որի հիմքում եղել է երեւանյան ընտրությունների կարեւորությունը չգիտակցելը, մյուս կողմից` ընտրություններից, որպես քաղաքական ինստիտուտից ամբողջությամբ հիասթափվելը: Կոշտ ընդդիմություն դառնալու մասին մեր հարցին ի պատասխան էլ նկատեց.

«Ես լավ չեմ հասկանում «կոշտ» բառը: Մենք ունենք մեր օրակարգերը, եւ մեր օրակարգերում մենք լինելու ենք այնքան կոշտ, որքան կոշտություն է պահանջվում իշխանության սխալները շտկելու համար»:

ՀԱԿ-ի մանդատներից հրաժարվելը ՀՅԴ ներկայացուցիչը քաղաքական պայքարի նրանց որդեգրած ձեւի տեսակետից ճիշտ համարեց:

Իսկ ահա ըստ քաղաքապետի թեկնածու եղած ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի` այս ընտրություններն ընդհանուր առմամբ մեզ ավելի հեռացրին ժողովրդավարական եւ իրավական պետության` սահմանադրությամբ հայտարարված կուրսից, եւ սերունդներից բավական ջանքեր են պահանջվելու այս վատ հետեւանքները վերացնելու համար. «Ստեղծված մթնոլորտն իրական արդյունք չէր կարող արտացոլել: ԿԸՀ արձանագրած արդյունքը իրականությանը ոչ մի առնչություն չունի` սա որպես քաղաքական գնահատական»:

Ըստ նրա` Դաշնակցությունն սկսել է ազգային ընդդիմադիր բեւեռի ձեւավորում` հայրենասեր ընդդիմադիր ուժերը համախմբել փորձելով, որտեղ հասարակությանը եւս ակտիվորեն ներգրավելու է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4