Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Կառավարության առաջարկած փոփոխությամբՙ 1997-ին ընդունված ՀՀ բյուջետային օրենքի 12-րդ հոդվածով սահմանված 5% պետբյուջեի դեֆիցիտը փոխարինվել է 7,5%-ով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր խոսքում նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի բյուջեի պակասուրդը չի գերազանցել 3%-ի սահմանը: «Վստահ եմ, որ այս միտումը կշարունակվեր, եթե համաշխարհային ֆինանսական ճգնաժամը չհարվածեր նաեւ մեր տնտեսության կայուն զարգացմանը», նշեց ԱԺ նախագահըՙ հավելելով, որ իրենց համար ընդունելի է կառավարության մտահոգությունըՙ օրենքի շրջանակում ապահովել պետական բյուջեի կատարումը:
Կառավարությունն առաջարկում է ՀՆԱ-պետբյուջեի դեֆիցիտի հարաբերակցությունը 2,5%-ով ավելացնել: Ընդ որում, այս փոփոխությունը նախատեսված է միայն տնտեսական ճգնաժամի փուլում: Պատգամավորների այն հարցին, թե կառավարության հաշվարկներով որքա՞ն կտեւի այդ փուլը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հստակ պատասխան չտվեց:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը հետաքրքրվեց, թե արդյոք բյուջե լցնելու գումարները չե՞ն սպառվել, որի պատճառով էլ կառավարությունը, մտնելով արտաքին պարտքի բեռի տակ, փորձում է լուծել երկրի ընթացիկ ֆինանսական խնդիրները: Ֆինանսների նախարարը պատասխան տվեց, թե Հայաստանը բյուջեի եկամուտներն ապահովելու բավարար աղբյուրներ ունի:
«Ես դեմ եմ այս օրենքի ընդունմանը: Շատ ավելի հեշտ է պարտք վերցնել եւ պարտքով ապրել: Մեր արտաքին պարտքն արդեն կազմում է 1 մլրդ դոլար: Օրենքն ընդունվելու դեպքում այն 1,5 մլրդով կավելանա: Ո՞վ է փակելու այդ գումարները: Հասկանալի է, որ դա չեն անելու մեր օլիգարխները: Դա անելու են սովորական քաղաքացիները, մեր երեխաները», իր ելույթում հայտարարեց Արմեն Մարտիրոսյանըՙ նախագիծը որակելով «պետության վզի շուրջը սեղմվող օղակ»:
Իսկ հանրապետական Գագիկ Մինասյանն օրենքի նախագիծը գնահատեց նորմալՙ միտված երկրի տնտեսության բնականոն զարգացմանը, հավելելով, որ մեծ թվով երկրներ այս ճանապարհով են գնում: Գագիկ Մինասյանն այս տրամաբանությամբ փորձեց հիմնավորել օրենքի ընդունման անհրաժեշտությունըՙ նշելով, թե ոչ մի ռիսկ այն չի պարունակում: Անմիջապես հաջորդեց Տիգրան Թորոսյանի արձագանքը: Իր բավական կոշտ ելույթում նա օրենքի նախագիծը գնահատեց պարզունակ:
Տիգրան Դավթյանն օրենքի քննարկման ժամանակ ասաց, թե շատ երկրներ ֆինանսական ճգնաժամի հետեւանքները վերացնելու համար վարկեր են վերցնում, ավելին, մեծացնում են վարկերի ծավալները:
«Դա միանգամայն ճշմարիտ հարցադրում է, սակայն մեկ այլ հանգամանք կա. երբ փորձ է արվում վարկերը մեծացնելու, բերվում են լուրջ հիմնավորումներ: Ցավոք, մենք ֆինանսների նախարարից չլսեցինք որեւէ հիմնավորում», հայտարարեց պատգամավոր Տիգրան Թորոսյանը, ապա արտահայտեց իր տեսակետը խնդրի վերաբերյալ:
«Ես ողջամիտ մոտեցումներին միանգամայն կողմ եմ, եւ կողմ եմ, եթե անհրաժեշտ է, վարկ վերցնել: Ուզում եմ ասելՙ հղումները, որ շատ երկրներ այս շրջանում վարկերի ծավալները մեծացնում են, սրա անհրաժեշտությունը չկա: Որովհետեւ չեմ կարծում, թե որեւէ մեկը կասկածում է, որ նման բան ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է լինում: Շատ կարեւոր է, որ այդ մեծացումը լուրջ հիմնավորումներ ունենա: Երբ բյուջետային համակարգի մասին օրենքով սահմանափակվում է պակասուրդը կամ դեֆիցիտը, սա ունի շատ պարզ նպատակ: Դա պետք է կառավարությանը ստիպի առավելագույն միջոցներ ձեռք բերել երկրի ներսում: Նկատի ունեմՙ եկամուտներ: Եթե այսօր հարց է առաջացել, որ մենք պետք է մեծացնենք մեր վարկերի ներգրավումը, ապա պետք է նախ կանխատեսումներ արվեին, թե եկամուտներն ինչպե՞ս են նվազելու, ի՞նչ ծավալով, ինչի՞ անհրաժեշտություն ենք ունենալու: Մի բան, որ չի արվում:
Ցավոք, ԱԺ ամբիոնից հնչեց, թե ոչ ոք չի կարող կանխատեսել ճգնաժամի ավարտը: Սակայն մի քանի րոպե անց ասվեց, որ եկող տարի աճ կունենանք: Սա նշանակում է, որ, այնուամենայնիվ, կառավարությունն ինչ-որ կանխատեսումներ կամ ենթադրություններ ունի: Այնպես որ, պետք չէ կարճ ժամանակվա տարբերությամբ մեկ ասել մի բան, հետոՙ ուրիշ, որոնք իրար հակասում են: Ավելին, եկամուտների նվազումը դեռեւս հիմք չէ նոր վարկեր ներգրավելու համար, որովհետեւ շատ երկրներ ուշադիր նորից քննարկում են իրենց ծախսերի բաշխվածությունը: Եվ շատ հաճախ այդ շատ երկրները պետական համակարգում կատարվող ծախսերի զգալի կրճատումներ են անում, որովհետեւ իսկապես եկամուտները նվազում են: Ծախսերի հետաձգումը չորրորդ եռամսյակ դեռեւս ծախսերի կրճատում չէ»:
ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ այլեւս չի հավատում կառավարության հայտարարություններին, իսկ դեֆիցիտի 2,5%-ով ավելացումը հերթական անգամ հարվածի տակ է դնելու փոքր եւ միջին բիզնեսը. «Պարո՛ն Դավթյան, մտեք փոքր եւ միջին ձեռնարկություններ եւ տեսեք, թե մարդիկ ինչ վիճակում են: Առանց գործի նստածՙ առավոտից մինչեւ երեկո հայհոյում են բոլորին»: Վարդան Այվազանն էլ կոչ արեց իր գործընկերներինՙ ուշադիր կարդալ օրենքի նախագիծը. «Կառավարությանը թույլ տվեք աշխատել: Ինչի՞ վրա է ծախսվելու բյուջեի դեֆիցիտը: Կարո՞ղ էՙ մեզ վրա: Բյուջեի վրա է ծախսվելու»:
Ելույթներն ավարտվեցին, ԱԺ նախագահը դահլիճում չգտնվող պատգամավորներին կոչ արեց զբաղեցնել իրենց տեղերը. «Օրենքի նախագծի քվեարկություն է լինելու»: 74 կողմ, 3 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ