Սափրագլուխների հաշվեհարդարները լրագրողների հետ
Մայիսի 31-ին գրեթե չի լռել «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի թեժ գիծը, գործել է նաեւ արագ արձագանքման խումբը: Քաղաքապետի ընտրությունների ժամանակ տարբեր տեղամասերում կոմիտեի աշխատակիցներն արձանագրել են դեպքեր, երբ կիրառվել է բռնություն եւ խոչընդոտել են լրագրողների աշխատանքին: Լրագրողների նկատմամբ կիրառված բռնության 5 դեպքի մասին երեկ «Ուրբաթ» մամուլի ակումբում խոսեցին «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ու փորձագետ Մեսրոպ Հարությունյանը:
Բանախոսների ներկայացրած ցուցակի համաձայն, Մալաթիայի 8/05 ընտրատեղամասում բռնություն է կիրառվել «168 ժամ» թերթի լրագրող Արմինե Ավետյանի եւ «Թերթ. am» կայքի լրագրող Լիլիթ Թադեւոսյանի նկատմամբ:
Էրեբունի համայնքի 13/09 ընտրատեղամասում սպառնացել են «Ազատություն» ռադիոկայանի եւ «Ա1+» հեռուստաընկերության լրագրողներին:
Բռնարարք է կիրառվել «Հայկական ժամանակ» օրաթերթի արտահաստիքային թղթակից Արթուր Հովակիմյանի նկատմամբ: «Լրագրողը նկատել է, որ երիտասարդների մի խումբ ցանկանում է լցոնումներ կատարել եւ փորձել է նկարել: Սակայն երիտասարդները մոտեցել են լրագրողին, վզից պոկել խմբագրական վկայականը, խլել խցիկն ու սպառնացել: Երբ Արթուր Հովակիմյանն ասել է, թե դա իմ աշխատանքն է, սափրագլուխներից մեկը պատասխանել է. «Իմ գործն էլ քո գլուխը ջարդելն է», ներկայացնում է Մելիքյանը:
Անդրադառնալով «Չորրորդ իշխանություն» օրաթերթի լրագրող Գոհար Վեզիրյանի եւ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի միջեւ ծագած կռվին, Մելիքյանը նկատեց, թե միշտ չէ, որ լրագրողների պահվածքը համապատասխանում է նորմային, եւ միշտ չէ, որ լրագրողն իրավացի է:
«Գոհար Վեզիրյանի դեպքը միանշանակ չէ, դատապարտելի է, երբ լրագրողն այդպիսի վարքագիծ է ցուցաբերում: Պարզապես ծիծաղելի է. լրագրողը հարձակվում է թիկնապահների վրա», ասաց Մելիքյանը` հորդորելով բարձր պահել լրագրողի պատիվը:
Մեսրոպ Հարությունյանը նկատեց, որ որեւէ հեռուստաընկերություն` մանավանդ Հանրայինը, որ «մեր վճարած հարկերի հաշվին է ապրում, որեւէ կերպ չանդրադարձավ գործընկերներին»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ