«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2009-05-30 | #100, 2009-06-02 | #101, 2009-06-03


ԷՄԻԼ ԳԱԶԱԶԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՓԱՍԱԴԵՆԱՅՈՒՄՙ ԱՇՆԱՆԸ

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ծրագրել է Փասադենայում իր մասնաճյուղի Ալեք Մանուկյան կենտրոնում նոյեմբերի 5-8-ը կազմակերպել միջազգային համբավի արժանացած նկարիչ Էմիլ Գազազի կտավների ցուցահանդեսը, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի մայիսի 18-ի հաղորդագրությունը:

Ցուցահանդեսը կազմակերպվելու է «Հաիրյան գեղարվեստի կամար» կենտրոնի (հիմնադիր եւ նախագահ Մանե Հաիրյան) սերտ համագործակցությամբ: Կենտրոնը հանձն է առել ներկայացնելու նկարչին ամբողջ աշխարհով մեկ:

Ըստ հաղորդագրության ցուցահանդեսի օրերին հատուկ իջեցված գներով կտավների վաճառք է լինելու եւ ձեռք բերված հասույթը տրամադրվելու է ամբողջությամբ ՀԲԸՄ-ի Հարավային Կալիֆոռնիայի հասարակական-մշակութային-երիտասարդական ծրագրերի իրականացմանը:

Լոսանջելեսաբնակ Գազազի արվեստը քաղաքականության, խորհրդամոլության եւ էրոտիցիզմի յուրօրինակ զուգորդումն է, մարմնացումը դրանց միաձուլման: Ցուցադրվել է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում, վերջերս նաեւ Նյու Յորքում: 2003-ին արժանացել է Լորենցո Մեդիչի մեդալիՙ Ֆլորենցիայի բիենալեում, եւ 2007-ին Գրանդե Լորենցո իլ Մագնիֆիկո (Մեդիչի) մրցանակինՙ քանդակագործության ասպարեզում դարձյալ Ֆլորենցիայի բիենալեում:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


Նկար 1. «Այրվող ձուկը»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4