Էջմիածնի հոգեւոր ճեմարանում տարբեր տարիներին ուսանած աստվածաշնորհ սաների եւ նրանց դասավանդած երեւելի ուսուցչապետերի կենսագրության մասին պատմող առաջին պրակը` «Նշանավոր ճեմարանականներ» վերնագրով, հրատարակվել էր 2005 թվականին` ճեմարանի հիմնադրման 130-ամյակի առիթով, իսկ երկրորդը լույս ընծայվեց անցած շաբաթ եւ ճեմարականներին հանձնվեց դասախոսներ Էլեոնորա Զաքարյանի, Պետրոս Բեդիրյանի եւ տեր Եղիշե ավագ քահանայի մեծարման հանդիսության ժամանակ: Գեւորգյան ճեմարանի մեծավաստակ մանկավարժների մասին միշտ խոսվել եւ այսօր էլ խոսվում է խորին ակնածանքով ու հիացմունքով, սակայն նրանց մեծարելու հանդիսություն երբեւէ տեղի չէր ունեցել, ուստի եւ նշյալ դասախոսների մեծարմամբ ճեմարանում սկիզբ դրվեց նոր ավանդույթի` Վեհափառ հայրապետի հանձնարարությամբ եւ օրհնությամբ:
Ճեմարանի տեսուչ գերաշնորհ Սահակ եպս. Մաշալյանը գնահատանքի եւ երախտագիտության խոսքեր հղեց նրանց` ազնիվ ու նվիրյալ աշխատանքի, սաների հանդեպ ցուցաբերած խստահայաց ու պահանջկոտ վերաբերմունքի, մարդկային շիտակ նկարագրի, մտավորականին վայել կեցվածքի եւ գիտելիքներ փոխանցելու հետ մեկտեղ սերունդ կրթելու բացառիկ ձիրքի համար:
Մեծարվող դասախոսների գիտակրթական գործունեությանն անդրադառնալու պատիվը տրվել էր ճեմարանի երկարամյա դասախոս, պատմական գիտությունների դոկտոր Պետրոս Հովհաննիսյանին: Տեր Եղիշե ավագ քահանա Սարգսյանի մասին նա ասաց. «Տեր Եղիշեն պատկանում է այն սերնդին, որը պատերազմից հետո բացված հոգեւոր ճեմարանի առաջին սաներից է եղել, նշանակվել է Ադրբեջանի հայոց հոգեւոր թեմի առաջնորդ, Շիրակի թեմի առաջնորդական փոխանորդ, աշխատել է նաեւ Մաշտոցի անվան Մատենադարանում: Վազգեն կաթողիկոսը նրան նշանակել է Գեղարդա վանքի վանահայր, իսկ Գարեգին Բ կաթողիկոսը 2000-ին նրան հրավիրել է ճեմարան: Տեսուչի դժվարին պարտականությունը նա կատարել է պատվով ու խնամքով»:
Անվանի լեզվաբան, պրոֆեսոր Պետրոս Բեդիրյանի մասին խոսելիս Հովհաննիսյանը վկայաբերեց նրա կենսագրության այն դրվագները, որոնք վճռորոշ են եղել հայագիտությանը նվիրաբերվելու առումով: «Նա ծնվել է Հալեպում, հետեղեռնյան սերնդի առաջին ներկայացուցիչներից է, մանկությունն անցել է հայրենիքի եւ հայրենաթողության մասին զրույցների ներքո: Կրթություն է ստացել Կիպրոսի Մելգոնյան վարժարանում, ավարտել 1946-ին եւ հենց այդ ժամանակ էլ ծնողների հետ հայտնվել է հայրենադարձների առաջին քարավանում: Հայրենիքում լեզվաբանական բարձրագույն կրթություն է ստացել, մոտ 40 տարի դասավանդել է է մանկավարժական համալսարանում, հեղինակ է ավելի քան 20 գրքերի: Չափազանց սիրված է իր ուսանողների կողմից, նրանց առաջարկով Պետրոս Բեդիրյանին շնորհվել է վաստակավոր մանկավարժի կոչում, իսկ Վեհափառ հայրապետը նրա կուրծքը զարդարել է Սբ Սահակ եւ Սբ Մաշտոց շքանշանով»:
Էլեոնորա Զաքարյանը մասնագիտությամբ պատմաբան է, եղել է Պետրոս Հովհաննիսյանի համակուրսեցին, սակայն իր գիտական կյանքը նվիրել է հոգեբանությանը, մասնագիտացել է ընտանեկան հոգեբանության ոլորտում, հեղինակ է ավելի քան 25 աշխատությունների: «Ճեմարանում շատ քիչ կանայք են դասավանդում, եւ սաները ջերմորեն են կապվում այդպիսի մեղմ անձնավորության հետ: Վերջերս ուսանողներից մեկն իր հրատարակած գիրքը նվիրել էր հոգեբանության իր սիրելի դասախոսին: Դրանից ավելի գեղեցիկ բան դժվար է պատկերացնել», ասաց Պետրոս Հովհաննիսյանը:
Ի խորոց սրտի խոսք ասացին նաեւ դասախոսները, որոնցից յուրաքանչյուրի արտաբերած մեկ հատիկ նախադասությունն անգամ բավ է նրանց համեստ նկարագրի մասին պատկերացում կազմելու:
Պետրոս Բեդիրյանը մեջբերեց Դերենիկ Դեմիրճյանի հետեւյալ խոսքը` «Ես մեծ բան չեմ արել, բայց մեծապես ցանկացել եմ անել մի բան»:
Էլեոնորա Զաքարյանը, որը սաներին հոգեբանական հմտություններ հաղորդելուց զատ ներշնչել է հայ ազնվական կնոջ վեհությամբ ու քնքշությամբ, պարուրել մայրական գորովով ու ջերմությամբ, ասաց. «Ճեմարան մտնելիս ասես եկեղեցի եմ մտնում»: Տեր Եղիշեն, որ շատ է սիրում կատակել սաների հետ ու նաեւ լսել նրանց կատակները, իր երկարամյա գործունեության մասին խոսելիս ասաց. «Իմ մասին ասում են, թե ես ճեմարանում դասավանդում եմ դեռեւս Սիմեոն Երեւանցու ժամանակներից»:
Ճեմարանի նախկին սաները, հատկապես ռուսական դպրոց ավարտածները, Պետրոս Բեդիրյանի խստության քաղցրությունը զգում են ճեմարանն ավարտելուց հետո, որովհետեւ պատվելի դասախոսի նշանակած ցածր գնահատականը` 5.99 (10 միավորից), նրանց ստիպում է գիշեր ու զօր գրաբար սովորել ու ձեռք բերել մայրենիի հրաշալի իմացություն: Պետրոս Բեդիրյանի մասին ճեմարանի սաները խոսում են յուրահատուկ ներշնչանքով, որ բխում է հայագիտության հանդեպ նրա դրսեւորած սրբագույն մոտեցումից:
Դասախոսների մեծարման հանդիսությանն առանձնակի շուք տվեց ճեմարանի երգչախումբը` խմբավար Շոթա Հարությունյանի ղեկավարությամբ Կոմիտասի անվան դահլիճում հնչեցնելով «Ճեմարանի քայլերգը», «Եկեղեցին հայկական», «Նոր Հայաստան», «Ինչպես երազ» (կատարող Անդրանիկ Հովհաննիսյան, Գ լսարան), «Ով հայկազունք», երգերը, իսկ Բ լսարանի սան Նորվան Իսախանյանն ընթերցեց Պարույր Սեւակի «Ապրել, ապրել» բանաստեղծությունը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Նկար 1. Ձախից աջՙ Պետրոս Բեդիրյան, Էլեոնորա Զաքարյան, Եղիշե ավագ քհն. Սարգսյան