«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2009-06-02 | #101, 2009-06-03 | #102, 2009-06-04


DIgiTec Business ՖՈՐՈՒՄՙ ԲԻԶՆԵՍԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 19-20-ը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կանցկացվի DIgiTec Business ֆորումը: Այն արդեն երկրորդ անգամ է իրականացվում եւ, ինչպես նախորդ տարի, անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

Ինչպես տեղեկացնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ֆորումը նպատակ ունի աջակցելու տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը տնտեսության տարբեր ասպարեզներում, ներկայացնելու բիզնեսի ավտոմատացման նորարար ծրագրային եւ տեխնիկական հնարավորությունները: Միեւնույն ժամանակ DIgiTec բիզնես ֆորումը կոչված է նպաստելու գործարար միջավայրի զարգացմանը եւ նոր բիզնես կապերի ձեւավորմանը: Բիզնես ֆորումի ընթացքում կանցկացվի նաեւ «Մայքրոսոֆթ» ինովացիոն ֆորումը, որի շրջանակներում նախատեսված է լավագույն ընկերությունների տաղավարային ներկայացումը: «Մայքրոսոֆթն» իր առջեւ խնդիր է դրել հնարավորինս խթանել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը եւ դա անել հիմնականում հայաստանյան իրենց գործընկերների միջոցով, որոնք «Մայքրոսոֆթի» արտադրանքի հիման վրա կստեղծեն լուծումներ հայաստանյան շուկայի համար:

Ֆորումում մեկ ամբողջ օր նվիրված է լինելու էլեկտրոնային ֆինանսներինՙ էլեկտրոնային գործառույթներին բանկային, վարկային կազմակերպություններում:

Միջոցառման մասնակցությունը վճարովի է, գումարը սիմվոլիկ է, եւ մասնակցության այս ձեւն ընտրվել է, որպեսզի այցելեն հենց այն թիրախային խմբերը, որոնք դրա կարիքն ունեն: 2008-ին բիզնես ֆորումին ներկա էին հիմնարկ-ձեռնարկությունների մոտ 1100 ներկայացուցիչներ, այս տարի ակնկալվում է 1500-ի մասնակցություն: Անցյալ տարի DIgiTec Business ֆորումին մասնակցում էին 8 երկրների պատվիրակներ: Սպասվում է, որ այս տարի կընդլայնվի մասնակիցների աշխարհագրությունը:

Երկօրյա համաժողովում աշխատելու են հատուկ մասնագետներ, ովքեր կպատասխանեն գործարարների հարցերին: Իրականում, ըստ Կ. Վարդանյանի, նման մասնագետների թիվը Հայաստանում բավականին քիչ է, եւ ֆորումի նպատակը նաեւ նման մարդկանց խրախուսելն է, ովքեր միջնորդ են ՏՏ ընկերությունների եւ նրանց գործարար սպառողների միջեւ:

Կ. Վարդանյանը շատ կարեւորում է մեր ընկերությունների ոչ միայն մասնակցությունը, այլեւ գործելաոճը համաժողովում: «Մեր գործարարները շատ կաշկանդված են: Գալիս են բիզնես ֆորում եւ իրենց գործարար հետաքրքրությունները բավարարելու փոխարեն զբաղվում են ծանոթներին փնտրել-գտնելով: Մարդկանց կաշկանդվածությունը պետք է հաղթահարվի: Ազատ գործարար շփումները փորձ են պահանջում, դա որոշակի մշակույթ է, որը պետք է ձեւավորվի: Մենք հատուկ վարժանք ենք անցկացնելու եւ տաղավարներում իրենց աշխատանքը ցուցադրողներին սովորեցնելու ենք, որպեսզի նրանք «էստի համեցեք» անեն: Ի վերջո, ցուցահանդեսն «էստի համեցեքի» բիզնես է, եւ եթե դու նախաձեռնող չես լինում, քեզ ոչ ոք չի մոտենում: Յուրաքանչյուրի պետք է հրավիրել, ներկայացնել ունեցած ռեսուրսները, որովհետեւ շատ հնարավոր է, որ դա հետագա լուրջ ձեռքբերումների սկիզբ լինի», նշում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենը:

Կ. Վարդանյանը մտավախություն չունի, թե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը կանդրադառնա գործարարների մասնակցության վրա: Ընդհակառակը, ըստ նրա, ճգնաժամը նույնիսկ օգտակար է այս միջոցառման առումով: Դրսի ուղղությամբ աշխատող շատ միջազգային ընկերությունների համար հայաստանյան շուկան եւս դառնում է հետաքրքրական: Իսկ ճգնաժամի ազդեցությունը հայաստանյան ՏՏ ոլորտի կազմակերպությունների վրա Կ. Վարդանյանը բաժանեց երեք խմբիՙ կազմակերպություններ, որոնց վրա ճգնաժամի ազդեցությունը եղել է չեզոք, ընկերություններ, որոնք այս ընթացքում աճ են ապրել, ընկերություններ, որոնք անկում են ունեցել: «Կազմակերպությունների տնտեսական ցուցանիշները պայմանավորված են, թե ինչ ոլորտներ են սպասարկում: Եթե ճգնաժամի հետեւանքով ոլորտն անկում է գրանցել, ապա սպասարկող ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը եւս անկում է գրանցել: Որոշ հատուկ սեգմենտներ շուկայում մշտապես մեծ պահանջարկ ունեն, եւ ճգնաժամը դրանց վրա չի անդրադարձել, ուստի այդ ոլորտները սպասարկող ՏՏ ենթակառուցվածքը նույնպես մնացել է նույն ծավալի մեջ: Բայց միաժամանակ, կարծում եմ, ճգնաժամն ընկերություններին հնարավորություն տվեց մաքրվելու բալաստային աշխատողներից, եւ վերաբաշխում կատարվեց: Աշխատանքից ազատված բարձրակարգ մասնագետներն աշխատանք գտան այլ հիմնարկներում: Այդ առումով ընկերություններն ավելի ամուր ու մրցունակ դարձան ճգնաժամի հետեւանքով», նշում է Կ. Վարդանյանը:

ՄԱՆԵ ՄԱՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4