«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2009-06-03 | #102, 2009-06-04 | #103, 2009-06-05


ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՄԻՋՆՈՐԴՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԻՆ` ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌԵԼ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մարտի 1-ի դեպքերը քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը դիմել էր նախագահի նստավայր` հարցով, թե արդյոք մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու առիթով գործե՞լ է ինչ-որ հատուկ շտաբ. այս հարցի պատասխանը ստանալն անհրաժեշտություն էր դարձել այն բանից հետո, երբ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը հանձնաժողովում խոսքի մեջ ասել էր այդպիսի շտաբի մասին: Հայաստանի նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանը պատասխանելով այդ հարցմանը գրել է, թե 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ նախագահի նստավայրում շտաբ չի ստեղծվել, այդ իսկ պատճառով այդպիսի շտաբի գործունեության կամ իրավասությունների վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չկա: Արտակարգ դրություն հաստատելու հրամանագրի կատարումն իրականացնող կառավարությունից եւս պարզաբանում է ստացվել հանձնաժողով, թե ուղարկվում են 2008 թվականի մարտի 2-ին ոստիկանապետի եւ պաշտպանության նախարարի համատեղ հաստատած ՀՀ պաշտպանության նախարարության եւ ոստիկանության` հրատապ կարգով իրականացվող միջոցառումների պլանի եւ ոստիկանապետի մոտ 2008 թվականի մարտի 2-ին կայացած օպերատիվ խորհրդակցությունների արձանագրությունների պատճենները: Մարտի 2-ին կայացած խորհրդակցության արձանագրությամբ առաջարկվել է կազմավորել արտակարգ դրության ղեկավարման շտաբ (պաշտպանության նախարարի գլխավորությամբ), այդ շտաբի կազմում են եղել ոստիկանապետի տեղակալ Գրիգորյանը, Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը, փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանը, փոխոստիկանապետ Արմեն Երիցյանը:

Այս խորհրդակցություններն, ըստ այդ գրության, փաստորեն մարտի 2-ին են տեղի ունեցել, այդ իսկ պատճառով հանձնաժողովի դիտորդ անդամ Արամ Կարապետյանը վերստին ճշտեց` մարտի 1-ին, մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը, գործե՞լ է այդպիսի շտաբ, համակարգող մարմին, ու քանի որ այդ հարցի պատասխանը չկար` կրկին խնդիր առաջացավ այդ մասին նոր հարցում անելու համապատասխան մարմիններին, եւ անգամ հանձնաժողովականներից մեկը` Արտավազդ Վարդանյանը եւս պնդում էր դիմել երկրորդ նախագահին` ոչ ֆորմալ շտաբի մասին հարցնելով: Ս. Նիկոյանը տարակուսեց. «Ի՞նչ, հարցնենքՙ գաղտնի շտաբ եղե՞լ է, մենք դիմենք, նրանք էլ հայտնեցին, հա՞»: Բայց եւ ասացՙ ձեւակերպեք նամակը, կմնա ստորագրել եւ ուղարկել:

Հանձնաժողովի երեկվա աշխատանքային խորհրդակցության օրակարգում հանձնաժողովականներից Արծվիկ Մինասյանի եւ Նաիրա Զոհրաբյանի առաջարկով ընդգրկվել էր մի որոշման նախագիծ, որով առաջարկվում է դիմել Հայաստանի նախագահին` սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան համաներում հայտարարելու միջնորդությամբ, միեւնույն ժամանակ համաներումը չտարածելով 2008-ի մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի ժամանակ մահացած անձանց մահվան հանգամանքներում ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածներով մեղադրվող անձանց նկատմամբ:

Զեկուցող Արծվիկ Մինասյանը հշեցրեց, որ հանձնաժողովում տարբեր առիթներով խոսել են հասարակությունում առկա բարձր լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության մասին, խափանման միջոցը փոխելու տարբեր միջնորդություններ են ներկայացրել եւ այլն, այնպես որ երկրի նախագահի հայտարարությունից հետո նպատակահարմար է, որ հենց ժամանակավոր հանձնաժողովը որպես քաղաքական ուժերից կազմված մարմին համաներման նախագիծ առաջարկի, որպեսզի հանձնաժողովի դիրքորոշումը հստակ, պարզ եւ ընկալելի լինի հասարակությանը: Ապա ներկայացրեց նախագծի հիմնավորումները. քաղաքական ուժերից եւ հանրային կառույցներից առաջարկներ ստանալու նախագահի պատրաստակամությանն ուղղված արձագանք, ապա ԺՀ-ի` ուսումնասիրություններն ու քրեակատարողական հիմնարկներ այցելությունների արդյունք որպես, ինչպես նաեւ մարտի 1-ի դեպքերի պատճառով անազատության մեջ հայտնված անձանց հանդեպ համաներում կիրառելու հետեւանքով կթուլանա հասարակության մեջ լարվածության բարձր աստիճանը, ինչը համահունչ է նաեւ ԵԽԽՎ բանաձեւերի առաջարկներին: Բացի այդ` հանձնաժողովը կարեւորում է հասարակության տարբեր ուժերի միջեւ առողջ երկխոսություն ծավալելու, վստահություն ձեւավորելու անհրաժեշտությունը, ճշմարտությունը բացահայտելու հանձնաժողովի որդեգրած մոտեցումները:

Նաիրա Զոհրաբյանը հստակեցրեց, թե լավ կլինի առաջարկի առանցքը մարտի մեկը լինի, չնայած դեմ չէր նաեւ ընդհանուր համաներմանը:

Արամ Կարապետյանը դեմ էր փաստաթղթին. «Եթե քաղաքական մարմին է հանձնաժողովը, եւ մենք քաղաքական որոշում ենք կայացնում, ես դեմ եմ այս քաղաքական փաստաթղթին, որովհետեւ մենք բոլորս քաղաքական կուսակցություններ ենք եւ առանձին-առանձին կարող ենք մեր դիրքորոշումը դրսեւորել... Այն մարմինը, որ պետք է հաստատի` ինքն է դիմում համաներման համար», տարակուսեց նա:

Եվ առաջարկեց. եթե քաղաքական փաստաթուղթ է` խորհրդակցություններն առավել լայն անել, մի խոսքով` Ա. Կարապետյանը դեմ էր այս առաջարկին, սակայն ակտիվորեն քննարկում էր, թե ո՞ւմ վրա պետք է տարածվի կամ չտարածվի համաներումը:

Ա. Մինասյանի խոսքից պարզ դարձավ, որ համաներման առաջարկը վերաբերում է մարտի 1-ի գործերով 54 մեղադրյալներին, այդ թվումՙ հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանին եւ Նիկոլ Փաշինյանին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4