Սարաջյանի անվան դպրոցի հաշվետու համերգը
Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցը համարվում է հանրապետության լավագույն կրթօջախներից մեկը, որտեղ դեռահասներին սովորեցնում են առնչվել ու ընկալել արվեստը: Այս տարի դպրոցի սաներից շատերը մասնակցել եւ հաղթել են ոչ միայն հայաստանյան, այլեւ միջազգային մի շարք փառատոներում: Երաժշտությունից զատ դպրոցում գործում են նաեւ նկարչության եւ պարի խմբակներ, որոնց սաներն էլ հասել են հաջողությունների:
Արվեստի նկատմամբ երիտասարդության մեջ սեր արթնացնելու նպատակով դպրոցի տնօրենությունը մի շարք ծրագրեր է նախաձեռնել: Եթե նախորդ տարիներին երիտասարդները կարող էին մեկ ամիս անվճար պարապել` պարզելու, թե որ գործիքն է իրեն հոգեհարազատ, այժմ դպրոցի ուսուցիչները հանրակրթական դպրոցներում կազմակերպում են անվճար համերգներ ու բաց դասեր, որտեղ ներկայացնում են երաժշտության պատմություն:
«Հիմնական նպատակն է, որպեսզի երիտասարդների ու երաժշտության միջեւ կապը ամրանա: Եթե այդ կապն ամուր լինի, այլ հայացքով կնայեն իրենց շուրջը կատարվող փոփոխություններին ու հաստատ լավ մարդիկ կդառնան: Գիտակցությունը, որ արվեստի ուժը շատ մեծ դերակատարություն ունի, պետք է դարձնենք գերխնդիր», նկատում է դպրոցի տնօրեն Արմինե Պողոսյանը:
Այժմ դպրոցում երաժշտական կրթություն է ստանում 400 պատանի: Արմինե Պողոսյանը նկատում է, որ այս տարի դպրոցում պետպատվերի շրջանակներում դիմորդները բացի ժողգործիքներից անվճար սովորում են նաեւ թավջութակ:
Երեկ Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ դպրոցի ավարտական հաշվետու համերգը: Ծրագրում հնչեցին Գրիգի, Կոմիտասի, Հայդնի, Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Ռախմանինովի ստեղծագործությունները:
Մեկժամյա համերգային ծրագիրն ընթացավ լեփ-լեցուն դահլիճում, ջերմ մթնոլորտում, իսկ ծափահարությունները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն էր:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ