Եգիպտոսում ՀՀ դեսպանության, Կահիրեի ՀԲԸՄ մասնաճյուղի ղեկավարության, նրա տրամադրության տակ գտնվող «Սաթենիկ Ճ. Չագըր» հիմնադրամի եւ ընդամենը մեկուկես տարի առաջ հիմնված` Կահիրեի համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայկական հետազոտությունների կենտրոնի (ԿՀ ԲՖ ՀՀԿ) համագործակցությունը տալիս է իր փայլուն արդյունքները: Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում Կահիրեում լույս են տեսել հետեւյալ ուշագրավ հրատարակությունները.
- Եգիպտոսում ՀՀ դեսպանության մամուլի գրասենյակը փետրվարին թողարկել է դեսպանության «Ախբար Արմինիա» («Հայաստանի լուրեր») պարբերականը` Ա-4 չափի 4 էջ (0.5 տպ. մամուլ) ծավալով: Պարբերականի առաջին համարն ունի երկու ներդիր հավելված` յուրաքանչյուրը նույն չափի 2 էջ ծավալով. առաջինը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի զրույցն է արաբական աշխարհում մեծ կշիռ ունեցող եգիպտական մեծագույն օրաթերթի` «Ալ Ահրամի» հետ, երկրորդը խորագրված է` «Հակիրճ տվյալներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին»: Համարի նյութերը վերաբերում են փետրվարի վերջին օրերին Էդ. Նալբանդյանի Եգիպտոս, Սիրիա եւ Լիբանան կատարած պաշտոնական այցերին: Տպագրությունը գունավոր է (հրատարակչի ուշադրությանն ենք հանձնում, որ ՀՀ պետական զինանշանում առյուծների հետնաբեմի գույնը պետք է լինի կարմիր, արծիվներինը` կապույտ եւ ոչ թե ընդհակառակը):
- Կահիրեի համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայկական հետազոտությունների կենտրոնը հրատարակել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆ., ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, երկար տարիներ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայ-արաբական պատմական հարաբերությունները» ուսումնասիրությունը: Վերջինս հեղինակի` հիշյալ կենտրոնի բացման հանդիսության ժամանակ ընթերցած դասախոսությունն է: Ա-5 չափի 52 էջ, տպարան «Նուպար», Կահիրե, 2008: Գրքույկի «Մուտքը» հեղինակել է Կահիրեի համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկան, գիտությունների դոկտոր Ահմեդ Զայեդը, իսկ «Ներածությունը»` Եգիպտոսում ՀՀ դեսպան, պատմական գիտությունների թեկնածու (այժմՙ դոկտոր) Ռուբեն Կարապետյանը: Բուն ուսումնասիրությունը գրավում է գրքույկի 7-47-րդ էջերը, որոնց հաջորդում են հեղինակի կենսագրությունը, գիտական հետաքրքրությունների թեմաները եւ հրատարակված մենագրությունների մի ցանկը: Ուսումնասիրության մեջ հակիրճ ներկայացվում է հայ-արաբական հարաբերությունների պատմությունը Տիգրան Մեծի օրերից մինչեւ մեր օրերը, շեշտվում, թե այդ հարաբերությունները կրել են հիմնականում բարեկամական բնույթ (հասկանալի պատճառներով, հեղինակը միայն հարեւանցիորեն է անդրադարձել Հայաստանի արաբական գրավման դեմ հայ ժողովրդի ազատագրական պայքարին 7-10-րդ դարերում եւ Կիլիկիայի հայկական պետության ժամանակ հայ-եգիպտական (մեմլուքյան) պատերազմներին):
- ԳՀ ԲՖ ՀՀԿ-ի առաջին հրատարակությունն է Կահիրեի հայերեն «Արեւ» թերթի նույնանուն արաբերեն ամսական հավելվածի խմբագիր, երիտասարդ հայագետ, պատմական գիտությունների թեկնածու Մուհամմեդ Ռիֆաթ ալ Իմամի «Հայերը, Արեւմուտքը եւ իսլամը. ոճրագործներ, զոհեր եւ ամբաստանյալներ» խորագրված հատորը: Ա-5 չափի 164 էջ, տպարան «Նուպար», Կահիրե, 2008: Հեղինակն իր այս մենագրությունը նվիրել է իր կնոջը` «այս աշխարհի եւ անդենականի հուրիին» (էջ 3): «Մուտքի» հեղինակն է հրատարակիչ կենտրոնի տնօրեն, գիտությունների դոկտոր Զեյնաբ Աբու Սիննան: Տպված եւ անտիպ արխիվային փաստաթղթերի, տարբեր լեզուներով մենագրությունների, բազմաթիվ երկրների պարբերական մամուլի չափազանց հարուստ աղբյուրային հիմքի վրա հեղինակը ներկայացնում, քննարկում եւ վերլուծում է 1890-ականների հայկական ջարդերի մեջ կրոնական գործոնի շահագործումը թե՛ հայերի, թե՛ թուրքերի եւ թե՛ մանավանդ Արեւմուտքի տերությունների կողմից, ինչի հետեւանքով` հայ-թուրքական ազգամիջյան հակամարտությունը հաճախ ներկայացվում էր որպես կրոնական հակամարտություն քրիստոնյաների եւ մուսուլմանների միջեւ: Հեղինակն ամեն կերպ աշխատում է իբրեւ կրոն իսլամը անմեղսակից ներկայացնել հայոց նկատմամբ սուլթան Աբդուլ Համիդի եւ նրա ձեռքին գործիք դարձած մոլեռանդ մուսուլմանների գազանություններից` իր այս սեւեռուն գաղափարին ծառայեցնելով այնպիսի դատողություններ ու եզրահանգումներ, որոնք մոտենում, երբեմն էլ համընկնում են թուրքական կեղծ պատմագիտության տեսակետներին: Օրինակ, ըստ ալ Իմամի, «Օսմանյան պետությունը տարբեր դավանանքների եւ ցեղերի հանդուրժողական գոյակցության վարչական տիպարի օրինակ է տվել» (էջ 133), իբր հայերը բռնի կրոնափոխության չեն պարտադրվել, քանի որ իսլամը մերժում է բռնությամբ կրոնափոխությունը եւ այլն (հեղինակը բացառություն է համարում քրիստոնյա ընտանիքներից արու երեխաների բռնախլումը` դեւշիրմեն, էջ 139): Մեր համոզումով, հեղինակը կրոնական հարցում արաբների հանդուրժողականությունը անհիմն կերպով տարածել է թուրքերի վրա` նսեմացնելով իր ուսումնասիրության հիրավի բարձր գիտական մակարդակը: Ալ Իմամը պետք է խուսափեր այս մոտեցումից: Այդուհանդերձ, մենագրությունը գիտական ուշագրավ հավելում է հայոց պատմության, մասնավորաբար Հայոց ցեղասպանության վերաբերյալ արաբերեն գրադարանի մեջ:
- ԳՀ ԲՖ ՀՀԿ-ի հաջորդ հրատարակությունը 2008-ի ապրիլի 29-ին այս կենտրոնում կայացած գիտաժողովում հնչած զեկուցումներն ընդգրկող «Արաբ-հայկական հարաբերությունները. անցյալը եւ ներկան» խորագրով ժողովածուն է: 17.5 x 24 սմ. չափի 186 էջ, Կահիրե, 2009, տպարան «Նուպար», հովանավոր` Կահիրեի ՀԲԸՄ: Խմբագիրն է Մուհամմեդ Ռիֆաթ ալ Իմամը: Նա նաեւ ներածականի հեղինակն է (բովանդակության ցանկում սխալմամբ տպագրվել է դեսպան Ռուբեն Կարապետյանի անունը, էջ 185): Ներածականում նա հայտնում է, թե գիտաժողովին զեկուցումներով մասնակցել են ուսումնասիրողներ եւ գիտնականներ Եգիպտոսից, ՀՀ-ից, Սիրիայից եւ Լիբանանից, որոնց զեկուցումները հիմնականում կենտրոնացել են երկու առանցքների շուրջը` ա. հայ-արաբական հարաբերությունները` հատկապես միջին եւ նոր դարերում, բ. արաբական աշխարհի, մասնավորաբար Եգիպտոսի, Երուսաղեմի, Սիրիայի ու Լիբանանի հայկական գաղթօջախների դերը: 16 զեկուցողներից տասը արաբներ են, վեցը` հայեր: Զեկուցումները վերաբերում են Հայաստանի արաբերեն վիմագրություններին, հայոց պատմության, հայ գրականության, Հայ եկեղեցու պատմության, բարձրագույն կրթության եւ հարակից բնագավառներում հայ-արաբական առնչություններին:
«Արաբ-հայկական հարաբերությունները. անցյալը եւ ներկան» ժողովածուն կարեւոր եւ շնորհակալ ներդրում է արաբական հայագիտության եւ հայ-արաբական գիտական գործակցության ասպարեզում:
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ