Երեկ ՀՀ գլխավոր դատախազության շենքում հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում բացվեցին Մալաթիա-Սեբաստիա համայնքներում գտնվող թիվ 8/01 եւ 8/03 ընտրատեղամասերի պարկերը եւ կատարվեց վերահաշվարկ:
Թիվ 8/01 եւ 8/03 ընտրատեղամասերի երկու պարկերը բացված եւ կրկին փակված էին: Պարկերի վրայից բացակայում էին կնիքներն ու հանձնաժողովների երեք անդամների ստորագրությունները: Պարկերում եղած որոշ փաթեթներ նույնպես բաց էին ու բացակայում էին 3 անձի ստորագրությունները: Թիվ 8/01 ընտրատեղամասի մարված քվեաթերթիկների փաթեթի վրա նշված էր 522 քվեաթերթիկ, իսկ վերահաշվարկից հետո այդ թիվը հասավ 528-ի: Օգտագործված ելունդների թիվը 4-ով ավելին էր: Իսկ մատյաններում ընտրության օրը ստորագրել էր 1477 մարդ, սակայն գրված էր 1480: Վերահաշվարկից հետո ՀՀԿ-ի օգտին արձանագրվեց 624 քվե, 623-ի փոխարեն: Թիվ 8/03 ընտրատեղամասի պարկում եղած փաթեթները փակ էին, բայց ոչ կնքված էին, ոչ էլ ստորագրված: Չօգտագործված քվեաթերթիկների փաթեթում առկա քվեաթերթիկներն ամբողջովին պատռված էին, որոնք հաշվել հնարավոր չէր, եւ կային ելունդներ, որոնք ուրիշ փաթեթներում պետք է լինեին: Իսկ թիվ 8/08 ընտրատեղամասի պարկը փակված էր եւ նրանում առկա 18 փաթեթները կնքված ու ստորագրված էին ըստ սահմանված կարգի: Մարված 743 քվեաթերթիկները համապատասխանում էին արձանագրությունում նշված թվին: Ելունդներըՙ 1157, ծրարներըՙ 1147, ընտրողների ցուցակներըՙ 1166, գտնվեց անվավեր 5 քվեաթերթիկ: ՀՀԿ-ի 466 քվեից մեկը համարվեց անվավեր, իսկ ՀՅԴ-ի 163-իցՙ 3-ը, ՕԵԿ-ի 183-իցՙ 2-ը:
Թիվ 8/09 ընտրատարածքի պարկը եւ 13 փաթեթները նորմալ էին: Չօգտագործված-մարված քվեաթերթիկներըՙ 531, ելունդներըՙ 1249, որից երկուսը պակաս էր: Օգտագործված ծրարներից 1254-ից 5-ն ավելի է: Ցուցակներում առկա էր 1249 ստորագրություն: Ընդհանուր առմամբ այս ընտրատեղամասում խախտումներ չկան, կային չնչին բացթողումներ: Այս ընտրատարածքների վերահաշվարկով հարուցված առաջին քրեական գործն ավարտվեց: Վերջնական արդյունքները պարզ կլինեն փորձագետների եզրակացությունից հետո:
Երեկ «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանից ստացված բողոքի հիման վրա գլխավոր դատախազությունը հարուցել է նոր քրեական գործ եւ նշանակել վերահաշվարկ հինգ նոր ընտրատարածքներումՙ երեք տարբեր հոդվածների հատկանիշներովՙ աշխատանքներին խոչընդոտելու, քվեարկության արդյունքները կեղծելու եւ ուրիշի փոխարեն քվեարկելու պատճառաբանությամբ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ