Ավելի քան մեկ ամիս Լիբանանի ամբողջ տարածքում ծավալված խորհրդարանական աննախընթաց ու ճակատագրական ընտրությունների բուռն քարոզարշավը ավարտվեց երեկ, ըստ օրենքի: Հունիսի 7-ի առավոտյան հարյուր հազարավոր լիբանանցիներ եւ լիբանանահայեր դիմելու են տարբեր ընտրաշրջանների կենտրոններում տեղադրված քվեատուփերըՙ իրենց ձայնը տալու եւ, փաստորեն, երկրի ճակատագիրը որոշելու: Արդեն իսկ, վերջին ժամերին, ինքնաթիռներով եւ ավտոբուսներով, Եվրոպայից թե Ամերիկայից, արաբական երկրներից ու հարեւան Սիրիայիցՙ մի քանի հազար լիբանանահպատակներ, «14 մարտ» թե «8 մարտ» քաղաքական խմբավորումների հրավերով ու ֆինանսավորմամբ, ժամանել են Բեյրութ, մասնակցելու քվեարկությանը: Անցնող շաբաթվա ընթացքում Երեւանից Բեյրութ` փոխադրված շուրջ 160 քվեարկողների թե «հյուրերի» շարքին է երգիչ Թաթա Սիմոնյանը, որը համերգներ տվեց Հ.Յ. Դաշնակցության կազմակերպած նախընտրական միտինգներին... «Հայկական» երկու ռադիոկայաններ` «Սեւան» ու «Վանա ձայն», նաեւ հեռուստաալիքներՙ ներկայացնում էին քաղաքական երկու հոսանքների կարծիքները, հայ ունկնդիրների եւ համակիրների համար հատուկ ծրագրեր: Լիբանանյան տեղական հեռուստատեսության բազմաթիվ ալիքներ հատուկ ուշադրության էին արժանացրել հայկական այս խիստ կարեւոր գաղթօջախի դերը եւ լայնորեն լուսաբանում էին քաղաքական կյանքի զանազան ոլորտներում համայնքի ունեցած ազդեցության մասին կարծիքները: Ընդհանրապես հայությունը Լիբանանում այս օրերին քաղաքական եւ ազգային զարթոնք է ապրում: Այս ընտրությունները առիթ տվեցին մանավանդ հայ առաքելական եւ հայ կաթոլիկ համայնքներին ու նրանց հետեւում կանգնած քաղաքական, համալիբանանյան ուժերին, անդրադառնալու հայկական համայնքի օրինական բոլոր իրավունքները նրան վերադարձնելու կամ դրանք ձախողելու փորձերին, հայկական «աթոռները» հափշտակելու նկրտումներին:
Ուրախալի էր մանավանդ Ռամկավար ազատական կուսակցության Թեքեյան մշակութային կենտրոնի դահլիճում երեկ տեղի ունեցած նախընտրական հավաքի փաստը, Բեյրութի առաջին ընտրաշրջանի «14 մարտ»-ի (Հարիրիի բլոկ) ուժերի թեկնածուներով, որոնց շարքում են պետական նախարար Ժան Օղասափյանը եւ պետական երեսփոխան Սերժ Թուրսարգիսյանըՙ Նեյլե Թուեյնիի եւ Նեդիմ Ժեմայելի (երկուսն էլ նահատակ ղեկավարների զավակներ) մասնակցությամբ, հյուրընկալությամբ շրջանավարտ խորհրդարանի հայ անդամ Հակոբ Գասարճյանի: Ներկա էր նաեւ արդեն ընտրված երեսփոխանՙ Սեպուհ Գալփաքյանը (ՍԴՀԿ): Այդ կարեւոր միջոցառմանը իրենց ներկայությամբ պատվեցին գեներալ Նարեկ Աբրահամյանը («Ազատ լիբանանահայեր») եւ «Լիբանանյան ուժեր»-ի հրաժարյալ թեկնածու, Օսմանյան կայսրության Լիբանանի երբեմնի կառավարիչ Հովհաննես փաշա Գույումճյանի ծոռ Ռիշար Գույումճյանը:
Այստեղ կարելի է մեջբերել «8 մարտ»-ի խորհրդարանական թեկնածու, Մեսրոպյան վարժարանի տնօրեն, ազգային գործիչ Գրեկգար Գալուստի կոչըՙ «Սփյուռք, տե՛ր կանգնիր լիբանանահայության»:
ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ, Բեյրութ