ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Հունիսի 4-7-ը կայանալիք եվրոպական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գերմանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցը:
«Կամուրջներ դեպի իսլա՞մ, թե՞ դարպաս արմատականությանը», «Հնարավորությո՞ւն, թե՞ ռիսկ», «Գերմանացիները պիտի հաշտվե՞ն այն մտքի հետ, որ 100 հազարավոր թուրքեր գրավելու են աշխատաշուկան», «Ի՞նչ է սպասում քրիստոնեական արժեքներ որդեգրած հանրությանը, եթե մահմեդական Թուրքիան եվրոպական ակումբ մտնի»: Այսպիսի վերնագրերը ընտրապայքարի ավարտին էլ քննարկումների դեռ երկար առիթ են տալու, քանի որ Թուրքիայի անդամակցության թեման եվրոպական նոր խորհրդարանում օրակարգային է մնալու:
Թուրքիայի թեման նոր չէ, բայց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Կահիրեի համալսարանում 2500 հյուրերի առջեւ արտասանած ճառը, որ շեշտում էր Արեւմուտքի ու իսլամական աշխարհի միջեւ նոր դռներ բացելու, կամուրջներ կապելու ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիայի կարեւոր դերակատարման մասին, հստակ հասցե ուներ. Օբաման ԵՄ-ի փոխարեն չի որոշելու, բայց Վաշինգտոնի այս ժեստն արդեն մի տեսակ ֆոն էր ապահովել հունիսի 5-ին գերմանական ARD, ZDF հեռուստատեսությունների առավոտյան եթերաժամի 30 րոպեն ներառած «Թուրքիան պիտի մտնի՞ Եվրոմիություն» բանավեճի համար, որում կողմ եւ դեմ կարծիքներ ներկայացրին Եվրոպական խորհրդարանի ընտրարշավին մասնակցող երկու գլխավոր թեկնածուներՙ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՍԴԿ) ներկայացուցիչ Մարտին Շուլցը եւ Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) ներկայացուցիչ Գերտ Փյոթթերինգը: Բանավեճին մասնակցում էր նաեւ թուրքերից, գերմանացիներից կազմված մի մեծ լսարան, որի կողմ եւ դեմ կարծիքները թեկնածուների արտահայտած փաստարկներից չփոխվեցին: Գերմանիայում ապրող թուրքերի պնդմամբՙ Թուրքիան ոչինչ չի կորցնի, եթե Եվրոպա չմտնի, իսկ Եվրոպան կկորցնի: Ծագումով թուրք դերասան Թայֆուն Բադեմզոյն էլ կարծիք հայտնեց, թե Եվրոպան տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել. թերագնահատում է Թուրքիայի դերը:
«Կողմ եմ իսլամական աշխարհի հետ կամուրջ կառուցելուն: Մեր հարեւան Թուրքիայի հետ համագործակցությունՙ իբրեւ կայունացնող դերակատար», ասաց ՍԴԿ ներկայացուցիչը:
«Թուրքիան մեզ համար լավ գործընկեր է, բայց եվրոպական այս կառույցը մեզ համար արդեն դժվար է պահել, հետագա ընդլայնումը մեզ վրա շատ թանկ կնստի: Մտնելով ԵՄՙ Թուրքիան երկրորդ մեծ երկիրը կլինի Եվրոպայում: Անշուշտ կամուրջ պիտի կառուցենք, բայց ոչ ի հաշիվ անդամակցության: Ողջունում ենք Օբամայի ելույթըՙ լավ հարաբերություններ պիտի ունենանք արաբական աշխարհի հետ, նպաստենք Մերձավոր Արեւելքի անվտանգությանը», իր կուսակցության հաստատուն կարծիքը ներկայացրեց 1979-ից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր ՔԴՄ ներկայացուցիչը:
Հունիսի 4-ի ուշ երեկոյան Դրեզդեն ժամանած Օբաման խաղաղության Նոբելյան մրցանակակիր Էլիե Վիիզելի ուղեկցությամբ (որը 1945-ին ամերիկացիների օգնությամբ դուրս է եկել համակենտրոնացման ճամբարից) այցելելու է Բուխենվալդ: Նա առաջին ԱՄՆ նախագահն է, որ Գերմանիայում համակենտրոնացման ճամբար է այցելում: Ըստ բեռլինյան կառավարող շրջանակների, սրանով մերձավորարեւելյան հակամարտության կարգավորումըՙ երկու պետություն ստեղծելու իր հիմնավորմանը զուգահեռ Օբաման աշխարհին ցուցադրում է ԱՄՆ կապվածությունը հրեական աշխարհի հետ: