«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2009-06-04 | #103, 2009-06-05 | #104, 2009-06-06


ՃԱՊՈՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԴԻ ԱՐՎԵՍՏԻ ԽԱՉՈՒՂԻՆԵՐ ՆՓԱԿ-ՈՒՄ

ՆՓԱԿ-ի երեք սրահներում մինչեւ հունիսի 17-ը շարունակվելու է ներկայացվել հայկական եւ ճապոնական կերպարվեստային մշակույթ: Ինչպես ցուցահանդեսի հայաստանյան համակարգող Արա Հայթայանն է նկատում, ցուցահանդեսի հիմնական միտումը «ճապոնական եւ հայկական արդի արվեստի այսօրվա բնականոն ընթացքը միմյանց հարաբերելն է»:

Արդի արվեստն առհասարակ կարծես բնույթով չպարտադրվող է, եւ հետադարձ կապը, հասարակության հետ շփումըՙ պասսիվ-հայեցողական: Ներկայացված աշխատանքները դիտորդին ընկալումի եւ վերաբերմունքի ազատ հնարավորություն են տալիս, որովհետեւ պայմանական ու սուբյեկտիվ են նաեւ այդ արվեստի գեղագիտական մտածողությունն ու արտահայտչամիջոցները:

Հետաքրքրական է, որ չնայած այս երկու ժողովուրդներիՙ ըստ էության (պատմական ընթացքների), զարգացումների, ավանդույթի, մշակութային եւ աշխարհագրական միջավայրերի տարբերություններին, ՆՓԱԿ-յան հայ եւ ճապոնական արվեստային ընդհանուր միջավայրն ընկալվում էր բավականին համարժեքորեն: Համենայն դեպս, պատկերի, գույնի դրսեւորումների այս դաշտը խիստ տարբեր իրողությունների զգացողություններ չառաջացրեց: Եթե անունները չլինեին, կարծես ոչինչ չէր փոխվի: Արվեստային այս ընդհանուր միջավայրը որոշ դիտորդներ ընկալում էին որպես այսօր մարդկությանն ուղղորդող համաշխարհայնացման հետեւանք նաեւ:

Ավանգարդ արվեստի առարկայազերծ հատկանիշըՙ արտաքին աշխարհի ձեւերի անտեսման ինքնարտահայտման եղանակը ճշմարիտ արվեստի մեջ գոնե ենթադրում է շատ ավելի ներհայեցողական մոտեցում, զգացում-վիճակների դրսեւորում, ինչը կարելի է արձանագրել հայերիցՙ Վահան Ռումելյանի, Արա Հայթայանի, Մարտիրոս Ադալյանի, Արա Պետրոսյանի, Արթուր Սարգսյանի, ճապոնացիներիցՙ Իզամուի Դաիգոյի, Հիդեյուկի Ուսուկիի, Պիտեր Սմիթի, ավելի ակնհայտՙ Քազուօ Արիգայի մոտ, որի նկարաշարը մուգ գույների անդադար հոսք է, ուր հայացքդ ուղղակիորեն ներքաշվում, սուզվում է դեպի խորացող ճանապարհների խորհրդավոր անհայտը:

Հրաշալիՙ մաքուր, հստակ երկուական կերամիկական աշխատանք են ներկայացրել Մարիա Լեյան եւ Սամվել Չիբուխչյանը: Սեւ հարթության վրա առեղծվածային երկու պատկեր է ներկայացնում մեզ ծանոթ Թակուջի Շիմուրան: Ոչ ֆիգուրատիվ արվեստի աշխատանքների շարքում առանձնանում է Յոկո Միկամիի ավանդական, գունավառ նկարչությունը:

«Հայ արվեստի հարաբերվելը արեւմտաեվրոպական կամ համաշխարհային որեւէ արվեստի հետ, կարեւոր է նաեւ, որպեսզի իմանանք մեր կատարածի արժեքը: Թեեւ առանց դրա էլ գիտենք:

Ճապոնուհիներից մեկն ասում էր, թե անսպասելի էր հայ նկարիչների ինքնության այսպիսի բացահայտումը, լրջությունը, այս մտածողությունը: Ցուցահանդեսը հետաքրքրական է հատկապես այս ասպեկտով: Եվ եթե շարունակություն ունենա, հայ նկարիչն իր նեղ, մեկուսացված վիճակից դուրս գալու եւս մի հնարավորություն կունենա: Այս մշակութային «բախումից» մենք օգտվելու ենք երկուստեք, բացի դա սրանով տեղեկանում ենք արտերկրի մեր ժամանակակիցների մտածողության կերպերին», կարծում է Պողոս Հայթայանը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հ. Գ. Այս երկուՙ իրարից տարբեր ժողովուրդների ժամանակակից արվեստի զարգացման ընդհանուր միտումները շատ առումներով պայմանավորված են ներկայիս տեխնիկական հաղորդակցության աներեւակայելի արագությամբ: Իրականում մենք բավական տարբեր մշակույթներ կրող ժողովուրդներ ենք: Այնքան էլ ծանոթ չեմ ճապոնական սովորույթներին, բայց ՆՓԱԿ-ից դուրս գալուց, ներքեւի դռների մոտ ճապոնացի արվեստագետներից մեկը շատ սիրալիր ձեռքը մեկնեց եւ շնորհակալություն ասաց անծանոթիս: Մերոնք, համենայն դեպս, այդպիսի վարվեցողություն չունեն:


Նկար 1. Մարիա Լեյա

Նկար 2. Արա Հայթայան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4