«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2009-06-05 | #104, 2009-06-06 | #105, 2009-06-09


ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՔ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆՈՐ ԱՌԱՐԿԱ՞

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը թերեւս նորություն է, մինչդեռ կողմերը լռում են

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներն այնքան հաճախակի են դարձել, որ դադարել են առանձնակի հետաքրքրություն առաջացնել, հատկապես եթե հաշվի առնենք, որ լավատեսությունն ու կանխատեսումներն ամեն անգամ ինչ-որ ակնկալիքների տեղիք են տալիս, մինչդեռ որեւէ առաջընթացի մասին կողմերը ոչ խոսում են, ոչ էլ ենթադրել տալիս:

Ընդհակառակը, ավելի հաճախակի են դառնում բազմիցս հնչած մեղադրանքները, թե այս կամ այն կողմը ապակառուցողական մոտեցում է ցուցաբերում, թե բանակցություններում մեկ հայկական, մեկ ադրբեջանական կողմը հրաժարվում է նախնական համաձայնեցված դիրքորոշումներից, կամ փոխզիջումների մասին հայտարարությունների կողքին կրկին լսվում են հաստատուն ու որեւէ կերպ փոփոխության չենթարկվող սկզբունքներին հավատարիմ մնալու հավաստումներ:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը տեղի ունեցավ հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում: Կրկին ոչ մի տեղեկություն, սովորականի նման անգամ չլսվեցին որեւէ կողմի դժգոհությունները, որպիսիք հատկապես սիրում է յուրաքանչյուր հանդիպումից առաջ ու հետո տարածել պաշտոնական Բաքուն` հոգնեցնելու աստիճան կրկնված մեղադրանքների ցանկով հայկական կողմի հասցեին:

Միեւնույն ժամանակ, օրինակ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ ասուլիսում հայտարարում է, թե պետերբուրգյան հանդիպմանը, ԱՄՆ դիտարկմամբ, «հարաբերականորեն կարճ ժամանակահատվածում մեծ առաջընթաց է գրանցվել այսպիսի երկարաժամկետ հարցերի (նկատի ունենալով ղարաբաղյան հակամարտության կարգավորումը - Ա.Հ.) լուծման առումով»:

Ու չնայած բանակցությունների ընթացքում նախագահների մակարդակով հաճախակի հանդիպումներին, դժվար է համակարծիք լինել ԱՄՆ պետքարտուղարի հետ: Մյուս կողմից, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների աննախադեպ հաճախակիացած հանդիպումների շարքը չի կարող ռեսուրսների ու ջանքերի իզուր վատնում լինել գոնե բանակցային գործընթացը կայուն պահպանելու ու հարաբերական խաղաղությունը քիչ ավելի տեւական դարձնելու առումով:

ԱՄՆ պետքարտուղարի «լավատեսությունը» կարելի է գտնել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ:

Ըստ ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարության, «Առանձնազրույցի եւ դրան հետեւած ընդլայնված կազմով`արտգործնախարարների ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպման ժամանակ նախագահները (Հայաստանի եւ Ադրբեջանի - Ա.Հ.) քննարկել են միջնորդների նախապես ներկայացրած Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընդհանրական հայեցակարգը եւ վերանայել են առաջարկվող կարգավորման դեռեւս չհամաձայնեցված որոշ տարրեր»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարեւորել են, որ նախորդ տարվա հունիսից, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպեցին առաջին անգամ, պետերբուրգյան հանդիպումը 5-րդն էր:

Պետերբուրգյան հանդիպմանը, ըստ համանախագահների տարածած հայտարարության, «երկխոսությունը կառուցողական մթնոլորտում էր եւ որպես արդյունք եղան դրական քայլեր, որոնք փոքրացնում են կարգավորման հիմնարար սկզբունքների առումով երկու երկրների միջեւ տարբերությունները»:

Համանախագահների հայտարարության համաձայն, երկու նախագահները, ելնելով իրենց քննարկումների դրական զարգացումներից, առաջարկել են միջնորդներին շարունակել իրենց դիվանագիտությունը եւ «բացել մադրիդյան փաստաթղթում ընդգծված նոր եւ գլխավոր առարկան, որ, համաձայն երկու նախագահների մոտեցման, մնում է բանակցությունների հիմքը»: Ավելին, նախագահները համաձայնել են միջնորդների առաջարկությանը` շարունակելու հանդիպումները մոտ ապագայում, եւ եթե հնարավոր է` հաջորդ հանդիպումը արդեն հուլիսին:

Դեռեւս 2007-ի նոյեմբերի վերջին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը կողմերին առաջարկվեց մադրիդյան փաստաթուղթը, որում, ըստ տարբեր հայտարարությունների, ղարաբաղյան հարցի կարգավորման հիմնարար սկզբունքներն են: Ըստ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության, այդ փաստաթղթում կան նոր դրույթներ, քննարկման նոր առարկաներ, նոր կետեր, որոնց քննարկմանը կողմերը դեռ չեն անցել, սակայն, այս նույն հայտարարության համաձայն, շուտով կանցնեն:

Ո՞րն է, սակայն, «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների խնդրանքով բացվելիք քննարկման նոր թեման»:

Այս ամենին զուգահեռ, «նոր» եւ, հատկապես, բանակցությունների հիմք հանդիսացող դրույթի-առարկայի ի հայտ գալու, բացվելու կամ այլ որեւէ վիճակի մասին ոչինչ չի նշվում ո՛չ Հայաստանի եւ ո՛չ էլ Ադրբեջանի նախագահների պաշտոնական կայքէջերում: Մինչդեռ հետաքրքրական կլիներ իմանալ, թե խոսքն ինչի մասին է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4