«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2009-06-05 | #104, 2009-06-06 | #105, 2009-06-09


ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ` ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՆԱԵՎ ՎՐԱՍՏԱՆՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԹԱՆԿՈՒԹՅՈ՞ՒՆԸ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստվում է այցելել Հայաստան: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, երեկ Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարների հանդիպմանը քննարկվել է նաեւ այդ այցի նախապատրաստման ընթացքը:

Դեռեւս կիրակի` հունիսի 7-ին Վրաստան աշխատանքային այցով մեկնած Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Թբիլիսիում իր գործընկերոջ հետ քննարկել է հայ-վրացական հարաբերություններին առնչվող հարցեր: Ինչպես հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն , Վրաստանի նախագահի աշխատանքային այցը Հայաստան նախատեսվում է հունիսի 24-25-ին:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի այցի ընթացքում չէր կարող անդրադարձ չլինել հայ-վրացական տնտեսական հարաբերություններին` Վրաստանով հայկական բեռների տարանցման համատեքստում: Մինչ Էդվարդ Նալբանդյանը կուղեւորվեր Թբիլիսի, Երեւանում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Վրաստանը օգտվում է Հայաստանի հանդեպ տարանցման իր մենաշնորհային վիճակից:

Մասնավորապես, վարչապետ Սարգսյանը նշել էր, որ հայ-թուրքական սահմանի բացման պարագայում Հայաստանը կփոքրացնի Վրաստանից տարանցման առումով մենաշնորհային կախվածությունը, քանի որ Հայաստանի արտաքին բեռնաշրջանառության մոտ 2/3-ը ներկա դրությամբ անցնում է Վրաստանով: Վարչապետն ընդգծել էր, որ տվյալ դեպքում Վրաստանից Հայաստանի կախվածությունը բացասական է եւ հարեւան երկիրն օգտվում է դրանից` Հայաստանի համար սահմանելով տարանցման ծախսերի բարձր սանդղակ: Վարչապետը մանրամասնել էր, որ աշխարհի որեւէ կետից մինչեւ վրացական Փոթիի կամ Բաթումի նավահանգիստներ բեռների փոխադրումը կրկնակի էժան է նստում, քան Փոթիից ու Բաթումից Հայաստան:

Այս հարցին անդրադառնալով արդեն Թբիլիսիում` Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ վրացական տարածքով բեռնափոխադրումների առնչությամբ շատ հարցեր բարձրացնում են գործարարները` որեւէ տեղից մինչեւ Փոթի, այդուհետեւ Հայաստան բեռները հասցնելու համար փոխադրումների բարձր ծախսերի առումով: Նույն տրամաբանությամբ եւ Նալբանդյանի խոսքերով, գործարարները կարող են եւ փնտրում են այլընտրանքային տրանսպորտային ուղիներ` բեռնափոխադրումները առավել շահավետ տարբերակով կազմակերպելու համար:

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, իր հերթին, հայտարարել է, թե տվյալ հարցն իր իրավասությունից դուրս է, միեւնույն ժամանակ հավաստելով, որ խնդիրը կուսումնասիրվի իրավասու եւ համապատասխան կառույցներում: «Մենք հետաքննության նման մի բան կանցկացնենք, կուսումնասիրենք այդ հարցը եւ կխոսենք: Ոչ մի անլուծելի, սկանդալային ու խնդրահարույց բան այս հարցում չկա», հայտարարել է վրաց արտգործնախարարը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4