«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2009-06-05 | #104, 2009-06-06 | #105, 2009-06-09


ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՂ ԴԱՇԻՆՔԸ

Աննախադեպ ընտրախախտումներ

Լիբանանում հունիսի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներն արդեն վկայում են, որ հաջողության են հասել «Մարտի 14» կառավարող դաշինքի ուժերը: Դրանց գլխավոր մրցակիցը Իրանի եւ Սիրիայի աջակցությունը վայելող «Մարտի 8» դաշինքն էր:

Այսպիսով, Լիբանանի խորհրդարանում արեւմտամետ ուժերին հաջողվել է պահպանել առավելությունը: Կառավարող դաշինքը նոր խորհրդարանում կունենա առնվազն 69 տեղ: Ենթադրվում է, որ կստանա 71 տեղ: Տեղերի ընդհանուր թիվը 128 է: Արմատական «Հզբոլլահ» շարժումը կունենա առնվազն 52 տեղ: Այս արդյունքը համարվում է անսպասելի, քանի որ նախապես անցկացված հարցումներով կանխատեսվել էր «Հզբոլլահի» հաղթանակը:

Ռոյթեր գործակալությունը մեջբերում է հրապարակված տեղեկություններ, որոնց համաձայն ընտրություններին մասնակցել է ձայնի իրավունք ունեցող 3 260 000 անձանց 55 տոկոսը:

«Ալ Մուստակբալ» կուսակցության եւ «Մարտի 14» դաշինքի առաջնորդ Սաադ Հարիրին երկրի բոլոր քաղաքական ուժերին կոչ է արել, անկախ ընտրությունների արդյունքներից, համատեղ գործել հանուն Լիբանանի տնտեսական վերածնության: Նրա խոսքերով, ընտրություններում «հաղթել է ժողովրդավարությունը»:

«Մարտի 8» դաշինքը, այդ թվում` «Հզբոլլահի» առաջնորդները, առայժմ ձեռնպահ է մնում մեկնաբանություններից, սպասելով վերջնական արդյունքների հրապարակմանը: Իսրայելական աղբյուրները չեն բացառում, որ «Հզբոլլահը» կփորձի վիճարկել «Մարտի 14»-ի հաղթանակը: Արեւմտամետ ուժերի հաղթանակը, անշուշտ, ձեռնտու է Իսրայելին:

Թե՛ «Մարտի 14»-ը եւ թե՛ «Մարտի 8»-ը դժգոհելու պատճառներ ունեն: Բանն այն, որ ընտրություններին հետեւում էին միջազգային դիտորդների 3 տարբեր խմբեր: Դրանցից մեկը գլխավորում էր ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը: Բոլոր դիտորդները նշում են, որ եղել են աննախադեպ ընտրախախտումներ: Տեղի են ունեցել ընտրողների քվեների «գնումներ» մինչեւ 2000 դոլարով: Զանազան կուսակցություններ վճարել են քվեարկելու նպատակով Լիբանան եկած հազարավոր տարագիրների ճանապարհածախսը, ինչի մասին «Ազգ»-ը գրել էր նախորդ համարում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4