Հայ ազգային կոնգրեսը դիմելու է Վարչական դատարան` Երեւանի ավագանու ընտրություններում իրենց արձանագրած խախտումները քննարկելու եւ համապատասխան որոշում կայացնելու համար: Այս մասին տեղեկացրեց ՀԱԿ-ի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը` միաժամանակ ավելացնելով, որ քանի դեռ ընթացքի մեջ կլինի դատական գործընթացը, իրենց համար ընտրություններն ավարտված չեն: «Հնարավոր բոլոր օրինական միջոցները պետք է օգտագործենք` մեր պահանջներին հասնելու համար», ընդգծեց նա: Ըստ Ա. Ավագյանի, մինչեւ դատական գործընթացը չավարտվի, իրենք ավագանու մանդատներից հրաժարվելու դիմում չեն ներկայացնելու: ՀԱԿ ներկայացուցիչը նաեւ չցանկացավ մեկնաբանել «Ժառանգության» այն հայտարարությունը, թե ՀԱԿ-ը դեռեւս կայացած քաղաքական ուժ չէ, հաղորդում է «Արմենպրեսը»: