Խմելու ջրի սակագինը հուլիսի 8-ից կբարձրանա 8,2 դրամով եւ կկազմի 181 դրամ 1 խմ համարՙ ներկայիս գործող 172,8 դրամ սակագնի փոխարեն: Երեկ այս որոշումն ընդունեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով «Երեւան ջուր» ընկերության ներկայացրած հայտը: Այդ սակագինը ներառում է ջրամատակարարման արժեքըՙ 153,8 դրամ, ջրահեռացման արժեքըՙ 12,6 դրամ եւ կեղտաջրերի մաքրման արժեքըՙ 14,4 դրամ:
«Երեւան ջուրը» առաջարկել էր խմելու ջրի սակագինը բարձրացնել մինչեւ 189,9 դրամ: Այդ նպատակով ընկերությունը ներկայացրել էր իր հաշվարկներն ու սակագների փոփոխության հիմքերը: Դրանք են բաժանորդների ջրօգտագործման ծավալների կրճատումը, գնաճը, էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը եւ դոլար-դրամ փոխարժեքը: Սակայն, հանձնաժողովի աշխատակազմի մոնիտորինգի արդյունքներով, հիմնավորված է համարվել սակագնի 8,2 դրամով բարձրացումը: Այսպիսով, հաջորդ ամսվանից Երեւանի եւ շրջակա բնակավայրերի բնակիչները խմելու ջրի համար պետք է վճարեն 181 դրամ 1 խմ-ի դիմաց:
Ա. Մ.