Ամռան առաջին կիրակի օրը Թբիլիսիի հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցու շրջակայքը մարդաշատ էր: Եկեղեցու բակում փակցված էր Սայաթ-Նովայի մեծադիր նկարը, իսկ աշուղի գերեզմանին թարմ ծաղիկներ էին դրված: Մարդիկ շտապում էին եկեղեցուն հարող հրապարակը, ուր բացվելու էր Սայաթ-Նովային նվիրված հուշակոթողը:
Նախորդ տարի Հայաստանի եւ Վրաստանի նախագահները տեղադրեցին հուշակոթողի հիմնաքարը: Մագաղաթին միահյուսված սազի ու նռնենու տեսք ունեցող հուշակոթողը քանդակագործներ Գիա Ջափարիձեի եւ Կախա Կորիձեի աշխատանքն է: Քանդակագործները պատմում են, որ իրենց աշխատանքի բարդագույն հատվածը քանդակի տեսքն ու ձեւը որոշելն էր:
«Երկու ամիս շարունակ մենք ուսումնասիրում էինք Սայաթ-Նովայի պահպանված ձեռագրերը: Մեզ առավել հետաքրքրեց նրա ստեղծագործություններից մեկը: Արխիվում պահպանվում էր Սայաթ-Նովայի ձեռագրերից մեկը: Այն բանաստեղծություն է սիրո մասին, որի հատվածներից յուրաքանչյուրը վրացերեն տառերով գրված էր չորս լեզուներով` հայերեն, վրացերեն, պարսկերեն եւ ադրբեջաներեն: Բացի այդ, բանաստեղծը ձեռագրի վրա պատկերել էր իր դիմանկարը: Մենք որոշեցինք քանդակել այդ ձեռագիրը: Հուշակոթողի վրա քանդակված է Սայաթ-Նովայի այդ բանաստեղծությունը` աշուղի ձեռագրով», ասում է քանդակագործ Կախա Կորիձեն:
Համահեղինակ Գիա Ջափարիձեն ասում է, որ Սայաթ-Նովայի այդ ձեռագիրը քանդակելու նպատակը աշուղի` համամարդկային արժեքներ կերտելու առաքելության ցուցադրումն էր: «Հուշակոթողի երկու հատվածներին եւս աշուղի տողերն ենք քանդակել: Մի հատվածին հայերեն լեզվով է, մյուսին` վրացերեն», նկատում է Գիա Ջափարիձեն:
Հովհաննես Թումանյանի եւ Գեւորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ արդեն շուրջ մեկ դար է, ինչ մայիսի վերջին կիրակի օրը նշվում է վարդատոնը` նվիրված Սայաթ-Նովայի մեծարմանը: Այս տարի տոնը նշվեց մեկ շաբաթ ուշացումով` այն համատեղելու հուշակոթողի բացման հետ:
Հրապարակում տեղադրված բեմից երիտասարդները ներկաների վրա վարդի թերթիկներ էին շաղում`այսպիսով ազդարարելով տոնի սկիզբը: Ելույթ էին ունենում ինչպես վրացի, այնպես էլ հայ ստեղծագործողները:
«Թեպետ հուշակոթողին գրված է Թբիլիսցի աշուղ Սայաթ-Նովա, բանաստեղծը մեր ժողովրդի համար նա վիթխարի արժեք է, որով հպարտանում ենք եւ դաստիարակվում», ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը :
«Արդեն մեկ դար է, ինչ Սայաթ-Նովայի մեծարման տոնը միավորում է երկու ժողովուրդներին: Այս հուշակոթողը մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամության եւս մեկ խորհրդանիշն է: Սայաթ-Նովան ստեղծագործում էր տարբեր լեզուներովՙ ապացուցելով, որ մեր տարածաշրջանի ժողովուրդների միջեւ տարբերություններն ավելի քիչ են, քան ընդհանրությունները», ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը , ով իր վրաց գործընկերոջ հետ մասնակցում էր հուշակոթողի բացմանը:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ, Թբիլիսի