«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2009-06-05 | #104, 2009-06-06 | #105, 2009-06-09


«ՓՈՐՁԵԼ ԵՆ ՍՏՈՒԳԵԼ ՈՉ ԹԵ ԳԻՏԵԼԻՔ, ԱՅԼ ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿՆԵՐ ԼՈՒԾԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ»

Հունիսի 5-ին Երեւանում կայացած հայոց լեզվի եւ գրականության միասնական քննություններին մասնակցած շրջանավարտների մի խումբ ծնողներ, շուրջ 50 ստորագրություններով, դիմել են մեր թերթին` հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակը տպագրելու խնդրանքով, ինչն անում ենք, միաժամանակ մեր կողմից ավելացնելով, որ իրո՛ք հայոց լեզվի եւ գրականության թեստը ոչ միայն բարդ էր, այլեւ որոշապես շփոթեցնող, իսկ որոշ հարցերՙ բոլորովին ավելորդ, երբեմն անգամ բանասերների համար անլուծելի:

Մեծարգո նախագահ

Ձեզ ենք դիմում որպես Հայաստանի Հանրապետության պետականության եւ երկրի ապագայի համար մտահոգ քաղաքացիներ, իրենց զավակների հոգեկան եւ ֆիզիկական առողջության, նրանց գոյության, ներկայի ու ապագայի համար ծնողական զգացմունքի ու խղճի, Աստծո եւ Հայոց պետության սահմանադրության առջեւ պատասխանատու հայ ծնող, հայոց լեզվի, գրականության, մշակույթի կենդանի կրող ու փոխանցող հայ մարդ:

Ելնելով մեր անմիջական փորձից եւ վերլուծելով քննության անցկացման կարգը, թեստի բովանդակությունը, ստացված արդյունքների արտառոց պատկերը, քննությանը մասնակցած շրջանավարտների հոգեկան եւ ֆիզիկական վիճակն ու դրանց հետեւանքներըՙ երկրի եւ քաղաքացիների համար այս ծանր ժամանակահատվածում, հայտնում ենք, որ 2009-ի հունիսի 5-ին կայացած հայոց լեզվի եւ գրականության միասնական քննությունները եւ դրանց արդյունքները չափազանց տագնապահարույց են: Մենք այդ ողջ գործընթացը Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի համար համարում ենք հանցավոր եւ գնահատում` որպես

1. ձախողում,

2. հարվածՙ երկրի ու ժողովրդի թիկունքից,

3. մեր երեխաներիՙ երկրի ու իրենց ապագայի հանդեպ տածած հավատի վրա տեղացած աղետաբեր կարկուտ:

Մեծարգո նախագահ

Նախ ցանկանում ենք հիշեցնել, որ այս տարվա շրջանավարտները ծնվել են հայ ժողովրդի նորագույն պատմության ամենադաժան տարումՙ 1992-ին: Այդ իրողությունըՙ նրանց կրած զրկանքները, թերասնումը, ցրտի ու խավարի մեջ աչք բացելը, ի՞նչ հետք է թողել այս երեխաների հոգեֆիզիկական վիճակի վրաՙ հրաշալի գիտի յուրաքանչյուր ծնող եւ կարող է մեկնաբանել ամեն մի բժիշկ: Սակայն չգիտես ինչու եւ ովքեր որոշեցին այդ երեխաներին եւս մեկ անգամ պատժել, «սթափեցնել», փորձության ենթարկելՙ այս անգամ մեծ կյանք մտնելու առիթով:

Կարծում ենք, որ մեր երեխաների պատրաստվածության, գիտելիքների, ունակությունների համեմատ քննության արդյունքները չափազանց ցածր են, հիասթափեցնող ու հուսալքող. գնահատականների հիմնական մասը տատանվում է 8-13-ի սահմաններում, շատ են անբավարար արդյունքները:

Ծնողների, երեխաների, ուսուցիչների, վստահ ենք` նաեւ պետության համար վնասակար է երեւույթի, հատկապես, բարոյական կողմը:

Առկա ենՙ ֆինանսական հնարավորություններ, որոշակի դիրք կամ պաշտոն ունեցողների երեխաների, այս համատեքստում չափազանց բարձր գնահատականներ ստանալու դեպքեր, որոնք հերքում են քննության հետ կապված ինֆորմացիայի գաղտնիությունը եւ ընդհակառակըՙ հաստատվում են թեստի պատասխանների առք ու վաճառքի վերաբերյալ ազգաբնակչության մեջ շրջանառվող լուրերն ու տեղեկությունները: Կան դեպքեր, երբ անհամեմատ ցածր ունակությունների եւ գիտելիքների մակարդակ ունեցող որոշ ունեւորների երեխաներ վերին պայծառատեսությամբ լուսավորվածՙ հանկարծ ստացել են 19-20 միավոր գնահատականներ, երբ կրթության նախարարը հերքում է ինֆորմացիայի արտահոսքի մասին լուրերը: Մեզ մնում է կասկածել վերին ուժերի ազնվությանը եւ հուսալ, որ գաղտնիության ապահովման նպատակով հարկատուների վճարած գումարներով կատարված ծախսերն ապարդյուն դարձնող մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Գտնում ենք, որ համապատասխան մարմինները պետք է հետազոտեն, լուսաբանեն այս երեւույթը եւ, որ կարեւորն է, կանխվեն նման դրսեւորումները հաջորդ քննությունների ընթացքում:

Կարծում ենք, որ քննության արդյունքները ցածր են հետեւյալ պատճառներով.

- որոշ քննական կենտրոններում ստեղծվել է անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ, երեխաների հանդեպ անբարյացակամ վերաբերմունք, տարրական կարիքները հոգալու հետ կապված անհարմարություններՙ իրենց բոլոր հնարավոր հետեւանքներով,

- այլ կենտրոններում հնարավորություն են ունեցել միմյանց օգնելու, կամ խանգարելու, ապակողմնորոշելու, չեն գործել խոստացած խլացուցիչները,

- թեստը ուսումնասիրելովՙ տպավորություն է ստեղծվում, որ այն պատրաստել են ոչ թե սրտացավ ու բանիմաց պրոֆեսիոնալներ, այլ շրջանավարտներին, քննական գործընթացին, ընդհանրապես երկրին վնաս տալու մտադրությամբ գրազ եկած մասնագետներ:

Որպեսզի մեր տպավորությունը չհնչի որպես մերկապարանոց հայտարարությունՙ հիմնավորենք.

- նախ, թեստը իր բնույթով, բովանդակությամբ ու բարդությամբ չի համապատասխանում ԳԹԿ -ի հրատարակած եւ տրամադրած «Հայոց լեզու եւ գրականություն: Պետական, ավարտական եւ միասնական քննության ուղեցույցին»,

- որակ են կազմում անհասկանալի, դժվարըմբռնելի, խճողված հարցադրումներն ու պահանջները,

- առկա են հայ գրականության ճանաչողության, ընկալման ու գիտելիքների հետ առնչություն չունեցող ինքնանպատակ հարցեր,

- հարցադրումներՙ գրականության դասընթացի ծրագրում չընդգրկված ստեղծագործություններից,

- հայոց լեզվի քերականությանը վերաբերող հարցերը բարդ են իրենց կառուցվածքով եւ ժամանակատար, հաճախ արդիականության պահանջներին, հայեցի կրթության ու դաստիարակության վերջնանպատակներին աններդաշնակ,

- փորձել են ստուգել ո՛չ թե գիտելիք, այլ գլուխկոտրուկներ լուծելու հմտություն:

Դիտարկումների այս շարքը կարելի է շարունակել եւ հիմնավորել, սակայն հարկ ենք համարում սրանով սահմանափակվել եւ հավաստել, որ միանգամայն հնարավոր է լուրջ աշխատանքներ իրականացնել կրթական բարեփոխումները ծառայեցնելու ոչ թե ի վնաս, այլ ի շահ երկրի ու ժողովրդի:

Մենք համոզված ենք, որ Հայաստանում կրթական համակարգը եւ նրա շուրջը ձեւավորված հոգեբանական մթնոլորտը տագնապալի ենՙ տարբեր պատճառներով, որոնցից մեկն այն է, որ համաշխարհային գործընթացներին ինտեգրվելու ճանապարհին մենք կորցնում ենք մեր լավագույն ավանդույթներն ու իրական արժեքները: Ռացիոնալ եւ կառուցողական սկզբունքներով առաջնորդվելու փոխարեն մեր մշակույթն ու կրթությունը վերաձեւում ենք ու մտցնում օտար շրջանակների մեջ:

Կարծում ենք, Ձեր անմիջական վերահսկողությամբՙ նորանշանակ նախարարը լրջորեն կզբաղվի ԳԹԿ-ի գործունեության արդյունավետության, ազնվության, օբյեկտիվության ու նպատակաուղղվածության խնդիրներով: Նրա տխրահռչակ գրահրատարակչական գործունեության անհեթեթությունն ու վնասակար դերը կբացահայտվի ու հիմնովին կվերափոխվի: Ամեն տարի երեխաների ճակատագիրը խեղող, հոգեկան աշխարհը խառնող, ծնողների դժվարությամբ վաստակվող գումարներն ու ժամանակը շռայլորեն պարտակող, երեխաների միտքն ու հիշողությունը աղավաղողՙ սխալներով, թյուրիմացություններով ու անհեթեթություններով լի տասնյակ գրքերի ու ժողովածուների փոխարեն կստեղծվեն հակիրճ ու օգտակար, նպատակասլաց մեկ շտեմարան, մեկ ուղեցույց, մասնագետների ընտրության ու պատրաստման, ռացիոնալ ու պրագմատիկ բուհական համակարգ:

Խոսքը վերաբերում է նաեւ անորակ դպրոցական դասագրքերին, դպրոցներում տիրող կրթական-դաստիարակչական անբավարար մակարդակին ու բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտին:

Մի՞թե հնարավոր չէ դպրոցում տալ այնպիսի գիտելիքներ, որ հիմնովին վերանա դասախոսների մոտ պարապելուՙ հիմնականում մեխանիկորեն վարժվելու, համընդհանուր դարձած, ընդհատակյա մասնավոր ինստիտուտը, որի ընդլայնման ու տարածման միտումներն ու տրամաբանությունը քայքայում են կրթական համակարգը: Ավելին, դառնալով գիտելիքի ու կրթության հանդեպ անտարբերության հիմնաքարերից մեկը:

Իրականում, հասարակության համար միջնակարգ կրթության բովանդակությունը հիմնականում սահմանափակվում է 1-2 տարի դասախոսի մոտ պարապելով, որը կտրված է դաստիարակությունից եւ հիմնարար ու մնայուն գիտելիք չի կարող լինել: Արդյունքում երեւույթը պարարտացնող երկիրն ու հասարակությունն ունի այն, ինչ ունի: Առավել քան համոզված ենք, որ բարեփոխումներ պետք է իրականացնել այս ուղղությամբ:

Վստահ ենք, որ ազգային դպրոցի արդիականացման ու առողջացման դեպքում միանգամայն իրատեսական է, որ յուրաքանչյուր երեխա դպրոցում ստացած իր գիտելիքներով, հանգիստ, առանց հոգեկան ցնցումների ու ավելորդ ֆինանսական ծախսերի, կարող է իր նախասիրություններին համապատասխան կրթություն ստանալ ու դառնալ իր գործի վարպետը:

Ահա այս ուղղությամբ է, որ համատեղ պիտի մտածենք ու գործենք:

Մեծարգո նախագահ

Մեկ-երկու օրից մեր երեխաները հանձնելու են նոր քննություններ: Նկատի առնելով այդ առարկաների թեստերի անհիմն բարդության աստիճանը եւս, ու գիտակցելով, որ քննությունների ընթացակարգում եւ թեստերում փոփոխություն կատարելն այլեւս անհնար է, վստահ ենք, որ Ձեր նախաձեռնությամբ կգտնվեն խնդրի լուծման արդյունավետ մեխանիզմներ եւ մեր երեխաներին հնարավորություն կտրվի ինքնահաստատվելու, մասնագիտություն ձեռք բերելու եւ արժանապատիվ ապրելու ու աշխատելու իրե՛նց հայրենիքում:

Մենք վստահ ենք, որ մեր բողոքի արձագանքը չի ուշանա, եւ Ձեր նախաձեռնությամբ համապատասխան մարմինները ժամ առաջ կզբաղվեն այս չափազանց կարեւոր հարցի լուծմամբ:

Կանխավ շնորհակալություն, հարգանքովՙ Երեւանի 2008-2009 թթ. մի խումբ շրջանավարտների ծնողներ:

Առդիրՙ երկու էջ ծնողների ստորագրություններով:

Հեռ. 091-72-17-67, Երեւան, 06.06.2009 թ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4