Նախորդ ուսումնական տարվա ընթացքում ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունների չինովնիկներն անվերջ խոսում էին միասնական քննության առավելությունների մասին, նշելով, որ շրջանավարտն առանձին-առանձին չհանձնելով ավարտական ու ընդունելության քննությունները, կխուսափի 2 անգամ սթրեսի ենթարկվելուց: Հունիսի 5-ին կայացած միասնական քննության հայերենի թեստին ծանոթանալուց հետո պարզ դարձավ, որ նրանք որոշել էին միանգամից կրկնակի սթրես պատճառել մեր շրջանավարտներին: Մինչ հիմա էլ անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ անլույս տարիներին (1992-93 թթ.) ծնված ու ճգնաժամի տարում դպրոցն ավարտած հենց այս սերունդը դարձավ հոգեկան նման ցնցման թիրախ:
Մեզանում, ավա՜ղ, քննությունը երբեք էլ տոն չի եղել: Բայց ոչ մեկի` չինովնիկ լինի, թե թեստեր կազմող, իրավունք չի տրված այն սուգի վերածելու: Հայերենի քննությունից դուրս եկող յուրաքանչյուր երկրորդն արցունքներ ուներ աչքերին: Բոլորն էին անակնկալի եկել: Նման բարդության առաջադրանքի չէին սպասում ո՛չ ուսուցիչները, ո՛չ կրկնուսույցները, ո՛չ էլ իրենք` աշակերտները: Ու պարզ չէ այս քայլի իրական նպատակը. ապացուցե՞լ, որ դպրոցներն այսօր թույլ են եւ չեն ապահովում իմացական պատշաճ մակարդակ: Բայց ի՞նչ մեղք ունեն դրանում աշակերտները: Մյուս կողմից, մեզանում որքան իջնում է կրթական մակարդակը, անհասկանալի տրամաբանությամբ բարդանում են քննական հարցաշարերը:
Ամենախոհեմը կլիներ, թեկուզ ուշացումով, այդ միասնական քննության հարցաշարը ենթարկել փորձագիտական վերլուծության պարզելու համար` այն նախատեսված էր բուհական ընդունելության քննությա՞ն, թե՞ համալսարանի բանասիրական ֆակուլտետն ավարտելու համար: Ավելի քան վստահ եմ, որ նույնիսկ դասատուներն ու դասախոսները չպիտի կարողանային դրանից բարձր միավորներ ստանալ (այդտեղից հետեւություն, թե ովքե՞ր էին ստացել նման միավորներ): Բացի վիճահարույց կետերից, կային նաեւ դպրոցական ծրագրից դուրս հարցեր: Այսպես, վերոհիշյալ նախարարության Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կազմած «Հայոց լեզու եւ հայ գրականություն» ուղեցույցում (Երեւան, 2008 թ.) Չարենցի «Խմբապետ Շավարշը» պոեմը բացակայում է ծրագրային ստեղծագործությունների ցանկից: Մինչդեռ այս տարվա թեստում կա նման հարց:
Ո՞վ է պատասխան տալու նման անփութության համար, որը կարող է ճակատագրական դառնալ հազարավոր դիմորդների համար: Միաժամանակ առկախ է մնում նշյալ ուղեցույցի պարունակյալ եւ տարվա ընթացքում տարբեր հեղինակների թողարկած թեստային առաջադրանքների հարցը. ինչի՞ համար էին դրանք տպագրվում եւ մեծ եկամուտ ապահովում դրանց հեղինակներին, եթե իրենց բարդության աստիճանով հեռու էին քննական օրինակից:
Այս եւ ուրիշ շատ հարցեր ամենեւին էլ զուտ ուսումնական կամ քննական ոլորտից չեն: Տեղի ունեցածը նախ ական էր կրթության եւ գիտության նորանշանակ նախարարի դեմ, ապա` հայրենի իշխանությունների հանդեպ լրացուցիչ անվստահություն սերմանելու մի ավելորդ փորձ: Հարյուրավոր, եթե ոչ` հազարավոր ծնողների անունից առաջարկում եմ չեղյալ հայտարարել հայոց լեզու եւ հայ գրականություն միասնական քննության արդյունքները կամ, ծայրահեղ դեպքում, վերանայել գնահատման կարգը:
ՎԱՐԴԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ, ծնող