«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2009-06-05 | #104, 2009-06-06 | #105, 2009-06-09


ՃԳՆԱԺԱՄԸ` ԿԵՆՍԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ

Գիրք ճգնաժամի պատճառների ու հաղթահարման մասին

«Ճգնաժամ. աղետ եւ հնարավորություն Ռուսաստանի համար» գիրքը հեղինակել է ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը: Նա ՌԴ կառավարության ստեղծած հակաճգնաժամային հանձնաժողովի անդամ է, հակաճգնաժամային ծրագրի մշակման մասնակիցներից: Գրքում արտացոլել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները Ռուսաստանի համար. ներկայացված են հակաճգնաժամային ծրագրեր, տնտեսական կայունության ապահովման հնարավորությունները ճգնաժամի պայմաններում:

«Աղետ եւ հնարավորություն» արտահայտությունը Աղաբեկյանը փոխ է առել ճապոնացիներից, որտեղ «ճգնաժամ» հասկացությունն ունի երկու նշանակություն` աղետ եւ հնարավորություն` հետագայում ավելի առաջ գնալու, զարգանալու համար: Աղանբեկյանը գրքում ներկայացրել է Ռուսաստանում տիրող իրավիճակը, թերեւս այն ակնկալիքով, որ տնտեսապես թույլ զարգացած փոքր պետությունների համար էլ գիրքը կդառնա յուրատեսակ դեղատոմս:

Աղանբեկյանի կանխատեսման համաձայն, Ռուսաստանում ճգնաժամը կծավալվի 3-5 տարի: Ամենասուր շրջանում գործազրկությունը կաճի 1.5-2 անգամ:

«Այն մեծապես կազդի մարդկանց առողջության վրա, կսրվեն հատկապես սթրես եւ դեպրեսիա պարունակող հիվանդությունները, կգրանցվի մահացության աննախընթաց աճ, որի հիմնական պատճառը կլինի սիրտ-անոթային անբավարարվածությունը», գրքում նկատում է հեղինակը:

Աղանբեկյանը կանխատեսում է հարյուրավոր բանկերի, ձեռնարկությունների սնանկացում: Սակայն ակադեմիկոսը ճգնաժամի գոյության մեջ տեսնում է նաեւ դրական միտումներ ու ազդեցություն. միլիոնավոր մարդիկ, ովքեր կկարողանան հաղթահարել ճգնաժամը, կոգեշնչվեն նոր հայտնագործություններ կատարելու համար:

«Ճգնաժամը շատերին կստիպի ջարդել նախկին դոգմաներն ու պատրանքները, կստիպի վերաիմաստավորել նախկին պատկերացումները: Փաստորեն, ճգնաժամը կենսական անհրաժեշտության փորձություն է ապագայի համար», գրում է Աղանբեկյանը:

Երեկ գիտությունների ակադեմիայում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին հանրապետության անվանի տնտեսագետներ, գիտնականներ:

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը կարեւորելով գրքի նշանակությունը փաստեց, որ սա թերեւս առաջին լուրջ աշխատությունն է ճգնաժամի մասին: «Շատերը չգիտեին, թե ինչ է նշանակում եւ ինչից է սկիզբ առել ճգնաժամը, սակայն Աղանբեկյանն արդեն հասցրել է ոչ միայն վերլուծություններ, այլեւ կանխատեսումներ կատարել», նկատեց նա` հույս հայտնելով, որ գիրքը կաջակցի հայ տնտեսագետներին ու խոշոր ձեռնարկատերերին հետեւություններ անելու ու ճգնաժամի պայմաններում կորուստներից հնարավորինս խուսափելու համար:

«Գրքում ներկայացված էին ճգնաժամի լավ եւ վատ հետեւանքները: Փաստորեն անվանի ակադեմիկոսն այն կարծիքին է, որ ճգնաժամը հնարավորություն է ընձեռում հաղթահարելու կուտակված խոչընդոտներն ու թերությունները, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո առկա էին ՌԴ-ում: Սա լիարժեք ուսանելի է նաեւ հայկական տնտեսության համար: Կտրուկ անցում կատարելով վարչապլանային համակարգից շուկայական տնտեսությանը, մի շարք առանձնահատկություններով մեր տնտեսական համակարգը շատ նման է ռուսականին», ասաց Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի տնօրեն Դավիթ Հախվերդյանը :

Գրքի շնորհանդեսից հետո տեղի ունեցավ Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի կայքի շնորհանդեսը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4