«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2009-06-06 | #105, 2009-06-09 | #106, 2009-06-10


ՕԲԱՄԱՆ ԴԱՐՁՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ Է ԽՈՍՏՈՒՄԸ

«Մ. Նահանգների նախագահ Բարաք Օբաման շարունակում է հուսախաբ անել ամերիկահայերին», գրում է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը` անդրադառնալով Ֆիլիպ Գորդոնի նշանակմանը պետքարտուղարի օգնական եվրոպական եւ եվրասիական խնդիրների գծով: Ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում նա հետաքրքրական մանրամասներ է ներկայացնում նրա մասին:

Դոկտ. Գորդոնը թուրքամետ մի շարք գրքերի եւ հոդվածների հեղինակ է: Նախկինում եղել է մասամբ թուրքական միջոցներով ֆինանսավորված «Բրուքինգզ ուղեղների կենտրոն հաստատության» տնօրենը: Քանիցս ընդդիմացել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Կոնգրեսում եւ արդարացնելով Կիպրոսում թուրքական բանակի գործողությունները` խստորեն քննադատել է երկրի առաջնորդներին: Քլինթոնի վարչակազմում ծառայել է Ազգային անվտանգության խորհրդում որպես եվրոպական գործերի տնօրեն: Նախագահական վերջին ընտրապայքարի օրերին գլխավորել է Օբամայի արտաքին քաղաքականության խորհրդատուների խմբի եվրոպական բաժինը:

Մարտ ամսին իր նշանակման հաստատմանը նվիրված Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում կայացած լսումների ժամանակ նրան հայկական եւ կիպրական խնդիրների վերաբերյալ հարցերով տանջել էր դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը: Մի քանի սենատորներ նշել էին, որ Գորդոնի պատասխանները հակասում են Օբամայի նախընտրական խոստումներին: Այդ ժամանակ նրանք (սենատորներ) չգիտեին, որ ընդամենը մի քանի շաբաթ անց ինքը` նախագահն էլ այդ խնդիրների վերաբերյալ իր խոստումները չէր պահելու:

Սենատոր Մենենդեսն ավելի քան 20 հարց ուղղեց նրան, ակնկալելով գրավոր պատասխաններ հետագայում: Սենատոր Ջոն Էնզայնը (հանրապետական Նեւադայից) ապրիլի 7-ին մեղադրական մի նամակ էր հղել նրան` նշելով, որ լսումների ժամանակ «ողբերգություն» բառն էր օգտագործել հայերի ցեղասպանության առնչությամբ: Նա ցանկացել էր իմանալ, թե արդյոք ինքը նախագահի, փոխնախագահ Բայդենի եւ պետքարտուղար Քլինթոնի (որոնք բոլորն էլ ճանաչել են հայերի ցեղասպանությունը) կարծիքներին դեմ չի՞ գնում: Ավելին, անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսին վաղաժամկետ հետ կանչելուն, նա հարցրել էր, թե արդյոք չէ՞ր խրախուսելու դեսպաններին կամ օտար երկրներում ծառայող անձանց` օգտագործելու «հայերի ցեղասպանություն» բառեզրը:

Չբավարարվելով Գորդոնի պատասխաններով, սենատոր Էնզայնը արգելք էր հանդիսացել նրա թեկնածությանը, բայց, ի զարմանս բոլորի, հետագայում կանաչ ճանապարհ էր բացել նրա առաջ` կողմ քվեարկելով հաստատմանը:

Սենատոր Մենենդեսի 28 հարցերին գրավոր պատասխանելիս Գորդոնն օգտագործել էր բառարաններում եղած գրեթե բոլոր բառերը, բացի «ցեղասպանություն» բառեզրից: Նրա պատասխանների մեծ մասը «խուսափողական» կարելի էր բնութագրել: Միայն մեկ պատասխան, կարելի է ասել, հատկանշական էր:

Սենատոր Մենենդեսի հարցին, թե «Ա աշխարհամարտի ժամանակ ո՞վ էր պատասխանատու 1,5 միլիոն հայերի կոտորածների համար», Ֆիլիպ Գորդոնը պատասխանել էր. «Այս վարչակազմը, ինչպես իր նախորդը, չի ժխտում փաստերը: Մեկուկես միլիոն հայեր կոտորվեցին, սովամահ եղան կամ տեղահանվեցին Օսմանյան կայսրության զինվորների եւ քաղաքացիական պաշտոնյաների կողմից: Նրանցից ոմանք մահվան դատապարտվեցին այդ ոճրագործությունների համար: Միացյալ Նահանգները սգում է պատմության այդ սարսափելի էջերը եւ համոզված է, որ դրանք դեռեւս մնում են որպես ցավի ու կսկիծի ակունքներ Հայաստանի ժողովրդի, հայկական արմատներ ունեցողների եւ բոլոր նրանց համար, ովքեր հավատում են մարդկային արժեքներին եւ արժանապատվությանը»: Գրելով, որ «Օսմանյան կայսրության զինվորների եւ պաշտոնյաների կողմից» էր իրականացված այդ բոլորը, նա փաստորեն ընդունում էր, որ կատարվածը պետության հովանավորությունն էր վայելում: Բացի դրանից, Գորդոնը նաեւ որոշ տվյալներ է բացահայտել նախկինում իր ղեկավարած «Բրուքինգզ» հաստատության վերաբերյալ:

2006-2008 թվերին այդ հաստատությունը ընդհանուր առմամբ 700 հազար ամերիկյան դոլար է ստացել հետեւյալ թուրքական աղբյուրներից: «Արդյունաբերողների եւ գործարարների թուրքական ասոցիացիայից»` 200 հազար դոլար:

«Սաբանջի համալսարանից»` 190 հազար դոլար:

«Էքսիոգյուլլարի շինարարական գրուպից»` 150 հազար դոլար:

«Դողան Յային հոլդինգից» (ԶԼՄ-ների զվարճանքի ընկերություն)` 100 հազար դոլար:

«Նուրոլ» շինարարական եւ առեւտրի ընկերությունից` 30 հազար դոլար:

«Հեդեֆ-Ալյանս» հոլդինգից (դեղագործական ընկերություն)` 30 հազար դոլար:

Ֆիլիպ Գորդոնի նման թուրքամետ պաշտոնյաները մեծ թիվ են կազմում ամերիկյան կառավարության անդամների շարքում: Նրանց մի մասը անցյալի սառը պատերազմի շրջանի մնացուկներ են: Մյուսները` անձնական շահերից դրդված, որոշ ժամանակ ծառայում են կառավարությունում, հետո կա՛մ տեղավորվում թուրքերի կողմից ֆինանսավորվող «ուղեղների կենտրոններում», կա՛մ էլ դառնում հօգուտ Թուրքիայի քարոզիչներ:

Ամերիկահայերը շարունակելու են մեծ դժվարություններ ունենալ իրենց քարոզչական աշխատանքներում անկախ այն բանից, թե ո՞ր կուսակցությունն է իշխանության գլխին, մինչեւ իրենք էլ իրենց հերթին քաղաքական դերակատարություն չունենան գործադիր մարմիններում, «ուղեղների կենտրոններում» եւ զանգվածային լրատվամիջոցներում:

Թարգմ.` Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4