Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցում նախապայմաններ չպետք է լինեն, հարաբերությունները պետք է կարգավորվեն ողջամիտ ժամկետներում, նման հայտարարություն արեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը Երեւանում երեկ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Նալբանդյանի հետ հանդիպումներից հետո ԱՄՆ դեսպանատանը հրավիրված ասուլիսում: Նրա խոսքերով` հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն առանձին գործընթաց է, չպետք է շաղկապել որեւէ այլ բանի հետ: Նրա դիտարկմամբ` կողմերը հասկանում են, որ «ողջամիտ ժամկետ» ասվածը չի կարող հավերժ ձգվել եւ իսկապես ողջամիտ ժամկետներում հարաբերությունների կարգավորման համար քայլեր են ձեռնարկում:
Ֆ. Գորդոնը հայտարարեց, որ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նախորդ տարի Ստամբուլում Ֆ. Գորդոնի` թուրքերին հղված հորդորի` պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, լրագրողի հիշեցմանն ի պատասխան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նշեց, որ դրանք իր խոսքերը չեն: «Ես ասել եմ հակառակը. իմ խոսքը եղել է` արեք ինչ ցանկանում եք, եթե ցանկանում եք պայքարել դրա ճանաչման դեմ, լոբբիինգ իրականացնել, ժողովրդավարությունը հենց դա է, սակայն հասկացեք, որ այս տարի դուք հաջողություն չեք ունենա: Ես առաջարկել եմ շատ լուրջ մտածել այն մասին, ինչ ցանկանում են անել, քանի որ Կոնգրեսում ճանաչման հնարավորություն էր բացվել, ԱՄՆ-ում միտումներն այնպիսին էին, որ Հայոց ցեղասպանության ճանաչման իրական հնարավորություն կար»,-պարզաբանեց նա, ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»:
Ֆիլիպ Գորդոնի մասին տեղեկություններ կարդացեք 5-րդ էջումՙ Հարութ Սասունյանի հոդվածը:
Նկար 1. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոն եւ ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչ